Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է



Գաղտնիք չէ, որ առաջինը ռազմաարդյունաբերությունն է ձգտում ուսումնասիրել, հնարավորության դեպքում՝ օգտագործել գիտության բացահայտումները, որի շնորհիվ բանակների զինանոցում մշտապես ի հայտ են գալիս նորանոր զենքեր, ռազմական գործողություններն ավելի արդյունավետ դարձնող սարքավորումներ։ Սակայն անցնող ժամանակի, ռազմական միջոցների առատության մեջ հրետանին չի կորցնում իր նշանակությունը։ Այն եղել ու մնում է ճակատամարտերի վճռորոշ գործոն ու դեռ պահպանում է պատերազմի աստծո տիտղոսը։ Հայոց ազգային բանակի հրթիռահրետանային զորքերի քսանամյա փառավոր պատմության մեջ հայ ժողովուրդը, հատկապես Արցախյան պատերազմի սերունդը, սիրով ու երախտագիտությամբ է հիշում նոր-նոր կազմավորվող բանակի բարձրակարգ հրետանավորներին՝ «Գրադ Ժորային», «Գրադ Ալիկին», «Գրադ Գարունին», հրանոթից հրանոթ խփող Յուրի Խաչատուրովին, Միքայել Գրիգորյանին, հմուտ կազմակերպիչ Վլադիմիր Հայրապետյանին, շատերին, նրանց, ովքեր ոչ միայն վիթխարի ներդրում ունեցան Արցախի ազատագրության գործում, այլև իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին կրտսեր զինակիցներին՝ ստեղծելով նախապայմաններ զորատեսակի հաստատուն զարգացման համար։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ մեզանում առաջիններից մեկը կազմավորվեց հրետանային ուսումնական զորամասը։ Կրտսեր հրամանատարների, մասնագետների պատրաստման այս հրաշալի դարբնոցն այնքան է զարգացել, որ պատասխանատվության բարձր զգացումով աշխատող գնդապետ Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, երրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվում ուսումնական զորամասերի մեջ ծավալվող մրցույթներում։

Ազգային բանակի հրետանավորներն իրենց հիանալի դրսևորեցին բոլորովին վերջերս տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության ընթացքում։ Հայկական բրիգադի կազմում փոխգնդապետներ Բագրատ Պողոսյանի ՄՄ-21 և Մկրտիչ Մարտիրոսյանի Դ-20 դիվիզիոնների արդյունքը միանգամայն օրինաչափ էր։ Դա ողջ ուսումնական տարվա հետևողական, հավասարակշռված աշխատանքի արգասիքն էր։ Դեռևս ապրիլ ամսին, երբ այցելեցինք այս դիվիզիոնների հրետանավորներին, զորանոցներում միայն պահպանության ստորաբաժանումների զինվորներն էին, իսկ մարտական անձնակազմերը դուրս էին եկել ճամբարային հավաքի։

Վերոհիշյալ ԱԱՀՈՒ զորավարժությունից մեկ շաբաթ անց փոխգնդապետ Բ. Պողոսյանին դարձյալ տեղում չգտանք։ Նա մեկնել էր տեղազննության՝ հերթական դաշտային վարժանքները կազմակերպելու համար, իսկ շտաբի պետ մայոր Գ. Պապոյանը զինկոմիսարիատում էր և սպասվող հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության պահեստազորի համալրման աշխատանքներով էր զբաղված։ Այնուամենայնիվ, հանդիպումը շտաբի պետի, այնուհետև մարտական հաշվարկների հետ կայացավ։

-Չզարմանաք, եթե ասեմ, որ մեր աշխատանքը գոհացնում, նույնիսկ հոգեկան բավարարվածություն է տալիս մեզ՝ դիվիզիոնի հրամկազմին, բոլոր սպաներին,- ասաց մայոր Գ. Պապոյանը։ -Ամեն օր նախապատրաստվելով պատերազմի, կարողանում ենք բարձր աստիճանի վրա պահել հաշվարկների, ողջ անձնակազմի մարտունակությունը։ 2011թ. ամփոփիչ քննությունների ժամանակ զորամիավորման և գլխավոր շտաբի մասնագետների կողմից արժանացել ենք «լավ» գնահատականի։ Եթե առաջին ուսումնական փուլում մեկ ամիս ենք եղել ճամբարային հավաքում և շատ ծանրաբեռնված պարապմունքներ անցկացրել, ապա երկրորդ ուսումնական փուլում՝ ավելի քան մեկուկես ամիս, ստույգ 52 օր։ ԱԱՀՈՒ զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցել են ութ հաշվարկներ, ղեկավարման դասակը և կապավորները։ Զորավարժության ընթացքում, ընդհանուր առմամբ, կատարել ենք մոտ 150 կրակոց, դրանցից 85-ը՝ եզրափակիչ փուլում։ Կրակը լիովին ծածկել էր ՄՄ-21-ի համար նախատեսված կրակային դաշտը, միաժամանակ ոչ մի կրակոց այդ տարածքից դուրս չի եղել, օգտագործում էինք բեկորային պայթուցիչներ։ Դիվիզիոնի կրակի և ընդհանրապես գործողությունների ողջ համակարգի մասին շատ լավ կարծիքներ հայտնեցին զորավարժության ղեկավար կազմի ներկայացուցիչները և մասնագետ դիտորդները։ Այս զորավարժությունը կարևոր էր, և գործնական աշխատանքի անհրաժեշտ փորձ ձեռք բերեցինք ինչպես մենք՝ հրամանատարներս, այնպես էլ հաշվարկները, որոնց կազմում շատ էին երիտասարդ զինվորները։ Փորձի տեսակետից կարևոր եմ համարում նաև աշխատանքը վերադաս հրամանատարական կազմի հետ։ Գործողությունները հմտորեն էր ղեկավարում փոխգնդապետ Ա. Թորոսյանը։

Ավելացնենք նաև, որ դիվիզիոնի կրակը կառավարում էր մայոր Գ. Պապոյանը, որին պատվոգրերով խրախուսեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱՀՈՒ շտաբի պետ գեներալ-մայոր Ա. Յակովլևը։ Պարգևների արժանացան նաև դիվիզիոնի հրամանատարը, մայոր Ս. Մարտիրոսյանը, մարտկոցների հրամանատարներ կապիտաններ Շալիկո Գրիգորյանը, Գագիկ Կարապետյանը։ Արժեքավոր նվերներով պարգևատրումներ կլինեն նաև հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ։

-Ուզում եմ նշել, որ մեր զինվորներն իրենց արժանապատվությունը բարձր պահեցին ոչ միայն մարտական առաջադրանքի կատարման ընթացքում, այլ նաև զորավանի առօրյա կյանքում։ Նրանք բարեկրթորեն էին շփվում, հարաբերվում գործընկեր բանակների զինծառայողների հետ, ակտիվորեն մասնակցում էին կուլտմասսայական միջոցառումներին, մրցումներին։ Այսպես, պարանի ձգման մրցումներում մեր թիմի ինը անդամից հինգը մեր դիվիզիոնից էին։ Վիկտորինայի խմբի հինգ անդամից երեքը դարձյալ մերոնք էին։ Ֆուտբոլի թիմում ունեինք երկու ներկայացուցիչ։ Դիվիզիոնում կա բարձրակարգ շախմատիստ՝ Խաչատուր Երանյանը, որին հրամանով թույլատրված է շախմատի դասեր տալ քաղաքի դպրոցներում, բայց շախմատի մրցաշարին նա չմասնակցեց։

♦♦♦

Զորամասի մեքենայական պարկում վերսկսվել էին ուսումնական գործնական պարապմունքները։ Մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը, ցույց տալով շվաքարաններում կանգնած մարտական տեխնիկան, ասաց, որ դրանք արդեն մաքրվել են, ստուգվել և լիովին պատրաստ են կատարելու հերթական խնդիրը։ Երիտասարդ սպան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ է, զորավարժության ժամանակ ինքն է ղեկավարել մարտկոցի գործողությունները։

Հաշվարկը, որի հետ պարապմունք էր անցկացնում լեյտենանտը, գործում է կրտսեր սերժանտ Աղասի Բարսեղյանի հրամանատարությամբ։ Նա բանակ է զորակոչվել մոտ երկու տարի առաջ և շուտով զորացրվելու է։

-Շարունակելու եմ ուսումս ագրարային համալսարանում,- իր ծրագրերի մասին խոսելիս ասաց Աղասին։

Նշանառու-օպերատորը շարքային Հայկազ Գիշյանն է։ Նա այս տարվա գարնանային զորակոչի զինվոր է։ Զորավարժությանը մասնակցելու համար պարգևատրվել է ժամացույցով։ Հաջողության մեջ իրենց ներդրումն ունեն հաշվարկի համար, լիցքավորող շարքային Մնացական Գևորգյանը և վարորդ շարքային Հովհաննես Ավետիսյանը։

♦♦♦

Հաջորդ հաշվարկի հրամանատարը շարքային Արթուր Մովսեսյանն է, նա նույնպես այս աշնանը պիտի զորացրվի։ Արթուրը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, իսկ զորավարժությանը մասնակցելու և առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ստացել է թանկարժեք նվեր՝ ժամացույց։

-Ընդհանուր առմամբ՝ մեր հաշվարկը կատարել է 30 կրակոց, դրանցից 20-ը՝ եզրափակիչ փուլում,- ասաց Արթուրը։

Նրա հաշվարկում են շարքայիններ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ նշանառու-օպերատոր, Նորայր Հովհաննիսյանը և Արման Խաչատրյանը։

Զորավարժության եզրափակիչ փուլում տասը կրակոց է կատարել սերժանտ Գրիգոր Ղարիբյանի հաշվարկը, որի նշանառուն է շարքային Իշխան Արոյանը, իսկ վարորդը Սուրեն Հակոբյանն է, հաշվարկի լիցքավորողն էլ վերակարգում էր։ Սերժանտ Կարապետ Թորոսյանն իր գործընկերներ՝ շարքայիններ Ռաֆիկ Փանոսյանի, Ռուբեն Մարտիրոսյանի և Սայադ Կարապետյանի հետ ծրագրով նախատեսված դասն էր սովորում, դաս, որը խիստ անհրաժեշտ է հնարավոր հակառակորդի մտադրությունները խորտակելու համար։

Դ-20 ՀԱՈՒԲԻՑ

-Ապրիլ ամսին դիվիզիոնը ենթարկվեց հանկարծակի ստուգման։ Առաջադրված խնդիրը կատարեցինք առանց թերությունների, և ստուգող հանձնաժողովը մեզնից գոհ մնաց,- ասաց հրամանատար փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանը։

Երկրորդ ուսումնական փուլի մեկնարկային վարժանքներին հետևել և գործնական օգնություն է ցուցաբերել մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած հանձնաժողովը։ Այդ միջոցառումից շատ չանցած՝ դիվիզիոնը դուրս է եկել ճամբարային հավաքի, այնուհետև մասնակցել թե՛ ՊՆ համազորային զորավարժությանը, թե՛ ԱԱՀՈՒ զորավարժությանը։

-Կրակային դիրքերում հաշվարկների կատարումը ղեկավարում էին մարտկոցների ավագ սպաներ՝ լեյտենանտ Մենուա Ասատրյանը, ավագ լեյտենանտ Արման Պետրոսյանը, լեյտենանտ Խաչատուր Բաբլումյանը։ Առաջադրանքի կատարման հաջողության գործում մեծ ներդրում ունեն մայորներ Խորեն Մկրտչյանը և Դավիթ Սաղաթելյանը։ Արձակել ենք ութսուն արկ, առաջադրանքը կատարել ենք 100 տոկոսով։ Ստացված փորձը շատ կարևոր էր։ Այդ օրերին կատարեցինք նաև ծավալուն ինժեներական աշխատանքներ, որոնք նույնպես ուսանելի էին։ Որպես դիվիզիոնի հրամանատար՝ կարող եմ ասել, որ մեր բախտը բերեց, քանի որ համալրեցինք ԱԱՀՈՒ-ի հայկական բրիգադը և բարձր պահեցինք մեր զորքերի հեղինակությունը։ Հաջողությունը ոգևորող է և նոր թափ կհաղորդի ուսումնական գործընթացին,- ասաց փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանը։

Աչքի ընկնելու համար ՀԱՊԿ մեդալով է պարգևատրվել ավագ սերժանտ Արթուր Սինդոյանը, ևս յոթ զինվորներ պարգևատրվել են թանկարժեք նվերներով։

-Ձգտելու ենք զորավարժության ամփոփման հրամանով խրախուսել բոլոր մասնակիցներին,- նշեց հրամանատարը։

-Այժմ ամբողջ թափով սպասարկվում է տեխնիկան։ Հրանոթները, մեքենաները լվացվում են, ստուգվում, զուգահեռաբար վերսկսվել են պարապմունքները, նախապատրաստվում ենք հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությանը։

♦♦♦

Մեծ է մայոր Խորեն Մկրտչյանի ներդրումը դիվիզիոնի հաջողության գործում։ Նա Արարատի մարզի Նոր Ուղի գյուղից է։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Խորենն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2002թ. ավարտել է ուսումը, ստացել լեյտենանտի կոչում և սահմանային զորամասերից մեկում նշանակվել հրետանային դասակի հրամանատար։ 2011-ից այստեղ է՝ Դ-20 դիվիզիոնում։ Մայոր Խ. Մկրտչյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», ազգային բանակի հոբելյանական՝ 20-ամյակի, ինչպես նաև «Անբասիր ծառայության» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։ Զորավարժության ժամանակ հենց նա էր ղեկավարում դիվիզիոնի կրակը։

-Նախ ասեմ, որ շատ մեծ էր պատասխանատվության զգացումը, բայց ստուգումները, հաշվարկները, տեխնիկական սպասարկումը ճիշտ էր կատարվում, և հավատացած էի, որ արդյունքը կլինի գոհացուցիչ։ Մեկ րոպեում մեր հրանոթը երեք արկ էր արձակում։ Հավատացեք, որ սա շատ լավ ցուցանիշ է։ Տղաները ներդրեցին իրենց ողջ ուժերը և պատվով դուրս եկան նման լուրջ փորձությունից։

♦♦♦

Եղանք նաև այս դիվիզիոնի մեքենայական պարկում։ Կապիտան Վ. Սարգսյանի մարտկոցի հաշվարկներից մեկի անձնակազմը՝ կրտսեր սերժանտ Սարգիս Եղիազարյանը, շարքայիններ Նարեկ Մարգարյանը և Արթուր Աբգարյանը, տեխնիկան էին լվանում։ Քիչ հեռվում, գործնական պարապմունքի համար նախատեսված տեղում, պարապմունք էր։ Այստեղ էին հրանոթի հրամանատար՝ սերժանտ Արթուր Սինդոյանը, նշանառու շարքային Հովհաննես Դանիելյանը, հաշվարկի համարներ՝ արկային Նարեկ Հարությունյանը, լիցքային Տիգրան Մինասյանը, փականորդ Էդուարդ Շահսուվարյանը։ Ա. Սինդոյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող է, դիվիզիոնի լավագույն զինվորներից մեկը.

-Արկի տեսակից է կախված առաջացած ավերածությունների չափը, այսինքն՝ գործողությունների շառավիղը։ Հրանոթն օգտագործում է հինգ տարբեր տեսակի արկեր։ Մենք օգտագործում էինք բեկորաֆուգասային պայթուցիչներ։ Հրանոթը կրակում է մինչև 17,5 կմ, մենք կրակում էինք յոթ կիլոմետր հեռավորությունից, արկերը ընդգրկում էին 50 մ շառավղով տարածք։ Մեր կրակը կոմբինացված էր և շատ արդյունավետ,- մեր հարցերին այսպիսի պատասխաններ տվեց սերժանտը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/10/2012