Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



Այն հարցին, թե մարդը 1 օրվա ընթացքում ինչ քանակությամբ ջուր պետք է խմի, դժվար է տալ հաստատուն և միանշանակ պատասխան։ Սակայն մեկ բան կարելի է հաստատ ասել. առանց ջրի մարդը կարող է գոյատևել 3-10 օր։ Եվ օրերի միջեւ տեւողության այս մեծ տարբերությունը պայմանավորված է ինչպես տարվա եղանակով, կլիմայական գոտիներով, օդի ջերմաստիճանով, այնպես էլ մարդու ֆիզիկական հնարավորություններով և հոգեբանական վիճակով։

Մարդու գոյատևման համար ջուրը ամենապահանջված տարրն է, իսկ անմարդաբնակ վայրերում` անապատներում, տափաստաններում, ջունգլիներում այն ունի պարզապես գերառաջնային նշանակություն։ Միջին հաշվով մեկ օրվա ընթացքում մարդը պետք է ընդունի 2,5-3 լիտրից ոչ պակաս հեղուկ, իսկ շոգ եղանակին օգտագործվող ջրի քանակությունը պետք է ավելացնել, այլապես այդ կենարար հեղուկի ոչ բավարար քանակությունը կարող է առաջացնել օրգանիզմի ջրազրկում։

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 37-ից մի փոքր ցածր է, և դրա աննշան շեղումը իջեցնում է աշխատունակությունը` պատճառ դառնալով օրգանիզմի տարաբնույթ ֆունկցիոնալ խանգարումների։ Շոգ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը 30-35 աստիճան է (ըստ Ցելսիուսի), մարդու մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել վտանգավոր սահմանի, մանավանդ, երբ նա ֆիզիկապես ծանրաբեռնված է` քայլում կամ աշխատում է։ Անկախ այն բանից, թե ինչն է մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառը, անհրաժեշտ է օրգանիզմը շուտափույթ թոթափել ավելորդ ծանրաբեռնվածությունից և բերել նորմալ վիճակի։

Հակառակ դեպքում, օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացումից 4-5 ժամ անց հեղուկի կորուստը կկազմի 2 լիտր։ Օրգանիզմի ջրազրկման ժամանակ ամենից շատ ջուր է կորցնում արյունը. դառնալով մածուցիկ, ինչի հետեւանքով փոքրանում է ծավալը, պատճառ դառնալով սրտի աշխատանքի ծանրաբեռնվածության և արյան շրջանառության խախտման։ Օրգանիզմը ջրազրկումից փրկելու համար ջրից բացի ուրիշ ոչ մի միջոց գոյություն չունի։

Պետք է հիշել, որ ծարավը օրգանիզմում ջրի պակասի մասին ազդարարող միակ ազդակն է։ Ի դեպ` ջրազրկման նախնական փուլում ծարավի զգացողությունը ցուրտ կլիմայական գոտիներում գրեթե բացակայում է։

♦♦♦

Գաղտնիք չէ, որ աղտոտված ջուրը կարող է առաջացնել զանազան վարակիչ հիվանդություններ` լուծ, տիֆ, դիզենտերիա։ Նման պատուհասներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ջուրը ֆիլտրել։ Այդ նպատակով որևէ լճացած ջրի մակարդակից 20-30 սմ ցածր, մի քանի քայլ հեռու հարկավոր է փոս փորել և այնտեղ հավաքված ջուրը այնքան դատարկել, միչև զուլալվի, որից հետո նոր միայն խմել։ Կարելի է նաև (եթե ձեռքի տակ կա) երկրորդ ջրափոսի հատակին դնել ածուխի կտոր։ Այս եղանակով կարելի է խմելու համար պիտանի դարձնել անգամ ճահճային ջուրը։

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ռազմական


31/10/2012