Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՏՈՍԱՎԱՆՔ



Սա Հայաստանն է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան

Գնում ենք աշնանային անտառով. երկնաձիգ կաղնիների բացվածքներից մերթ-մերթ փայլում է արևը, դարձյալ ծածկվում: Քաշաթաղի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցի աջակողմյան թեք լանջով ցած ենք իջնում՝ գտնելու մեր պապերի թողած ևս մեկ պատմաճարտարապետական կոթող Կատոսավանքը: Տարիներ առաջ նույն վանքին մոտեցել եմ գետի վերին մասից՝ Շրվական գյուղից դեպի ձորն իջնող ճանապարհով: Այս անգամ Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ իջնում ենք պատմական Կատոս գյուղից հարավ ընկած անտառամիջյան ծառահատումների համար բացված ճանապարհով:

Մեր «Նիվա» մեքենան, կատարելով ամենագնացի իր առաքելությունը, հաղթահարել է ճանապարհի մի մասը. վարորդը՝ Արվիդը, ցուցաբերեց մեքենավարման իր հմտությունն ամբողջովին: Մնացած մասը՝ մոտ 1-2 կմ, պետք է անցնենք ոտքով՝ իջնելով բավականին թեք լանջով: Մեր ուղեկիցը Արվական գյուղի բնակիչ Կարոն է՝ որսորդ Գարեգինի անդրանիկ որդին: Մի տեսակ խաղաղ էր անտառը, և գնալով ավելի լսելի էր դառնում Հոչանց գետի խշշոցը: Ամենագնաց մեքենաների ճանապարհն էլ է վերջանում, և մուտք ենք գործում կուսական անտառ: Կարոն գտնում է արահետը, որով ժամանակին երևի սայլեր են իջել սրբատեղի, որտեղից շարունակել ճանապարհը դեպի քիչ վերևում գտնվող քարակերտ կամարակապ կամուրջը և հասել Շալուա գետի ավազան՝ Վայկունիք և այլ գավառներ: Այժմ այդ ճանապարհին մեծ ու փոքր ծառեր են աճել, իսկ հիշատակված կամրջից մնացել են միայն հենասյուները: Վերջապես հասնում ենք գետից 20-30 մետր բարձր գտնվող արահետին, որը բավականին լայն է, և պարզ է՝ ժամանակին, երևի նաև խորհրդային շրջանում, բանուկ է եղել: Այդ են վկայում կտրված հաստաբուն ծառերի կոճղերը:

Շարունակում ենք ճանապարհը, և վերջապես գունագեղ ծառերի արանքից երևում է շինության պատը: Կատոսավանքն է: Դիմացը՝ գետի ձախ ափին, ուղղաձիգ ժայռեր են՝ սպիտակավուն, տեղ-տեղ քայքայված, տեղ-տեղ ծառերով պատված, իսկ դրանց վերևում Անի և Դրախտաձոր գյուղերն են, որտեղ վերջերս հայտնաբերվեց հայկական միջնադարյան գերեզմանատունը՝ ամբողջությամբ ավերված, տապանաքարերն ու խաչքարերը թափված մոտակա ձորը: Կատոսավանքից պահպանվել են բազիլիկ եկեղեցու երկու պատերը, որոնք գրեթե նույն գույնն ունեն, ինչ դիմացի ժայռերը: Հավանաբար նույն ժայռերից են մեր պապերը հատել քարերը, տաշել ու կառուցել Աստծո տունը:

Կատոս գյուղը հայաթափվել է 18-րդ դարի կեսերին և բնակեցվել քրդերով: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրում է, որ 1985 թվականին, երբ այցելել է այստեղ, բնակիչները նաև քրդերեն են խոսել, նույնն է եղել նաև քիչ ավելի հյուսիս ընկած Շրվականում: Վանքի գոյությունը, նաև իրարից 2-3 կմ հեռու ընկած 3 կամուրջները հուշում են, որ դեռևս վաղ միջնադարում տարածքը հայաշատ է եղել և ծառայել է որպես մշակութային կենտրոն: Գետից 20-25 մետր բարձրության վրա ժամանակին իր շքեղ պարիսպներով կանգուն է եղել վանական համալիրը, որի շինություններից միայն հիմքերն են մնացել՝ ծառերով պատված: Եկեղեցու Սուրբ խորանի պատերից մնացել է մի քանի շարք: Ավանդատները գտնվել են տաճարից դուրս: Տաճարի կամարներն ի զորու չեն եղել դիմանալու դարերի ու քոչվորների ավերածությանը: Շինությունն ունեցել է մոտ 17 մետր երկարություն, 7 մետր լայնություն: Մուտքը հարավային կողմից է՝ վերևում, քիչ աջ՝ միակ պատուհանը՝ ներսի կողմից ընդլայնված, դրսից պահպանվել է կամարաձև պսակը: Հյուսիսային պատը գրեթե ձորապռնկին է: Պատերի պահպանված հետքերը հուշում են, որ համալիրը պարսպապատ է եղել, իսկ հարավարևելյան կողմում գտնվել է գերեզմանատունը: Պահպանված մի քանի տապանաքարերը տեղահանվել են, ջարդվել: Այնուամենայնիվ, մի խաչքար, որն ունի 79-44-21 սմ չափսեր, պահպանվել է, և որը տարածքի բնակիչները կանգնեցրել են ու առաջը մոմ են վառում: Մի հարթ տապանաքարի վրա էլ մարդու կերպարանք է քանդակված. չափսերն են՝ 173-72-25 սմ: Ափսոս, երկուսի վրա էլ արձանագրություն չկա: Մի մեծ խաչքար կամ տապանաքար երեսնիվայր ընկած է եկեղեցու հյուսիսարևմտյան մասում: Ծանրության պատճառով չկարողացանք շրջել: Սամվել Կարապետյանը 1985 թվականին այստեղ տեսել է մի խաչքար, որն առայժմ չի գտնվել, և որի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. …/ԿԱՆ/ԳՆԵՑԻ ԶՍ/ՈՒՐ/Բ ՆՇԱՆՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹ/ԵԱՄ/Բ ՀԱՅՐ ԳՐ/Ի/ԳՈՐՈՅ, ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք/ՐԻՍՏՈ/Ս: Այս արձանագրությունը, պահպանված խաչքարերը, տապանաքարերը հուշում են, որ այստեղ 9-րդ դարում կառուցված վանքը եղել է տարածքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը:

Վանքից քիչ ներքև հոսում է Հոչանց գետը՝ աշնանային գունեղ անտառի ու ձախափնյա ուղղաձիգ ժայռերի հետ ստեղծելով աննկարագրելի գեղեցիկ տեսարան: Ջինջ ու սպիտակավուն ջուրը հոսում է սահանքների միջով, հյուսում աշնան գեղեցիկ մեղեդին՝ պատմելով միջնադարյան հոգևոր հայրերի մասին, որոնք, այս գողտրիկ անկյունին իրենց կյանքը կապած, Ավետարան են բազմացրել՝ ի սեպումն ու տարածումն Տիրոջ խոսքի, որին էլ հաճախ ապավինելով, մերօրյա հերոսները իրենց կյանքի գնով ազատագրեցին մեր հայրենիքը: Մնում է՝ տեր կանգնենք մեր սրբատեղիներին, մաքրենք ու համապատասխան դիրքի բերենք գտնված խաչքարերն ու տապանաքարերը:

Վերջացնելով մեր գործը՝ հրաժեշտ ենք տալիս Կատոսավանքին, հույսով, որ անպայման կգտնվեն արձանագիր խաչքարն ու նորերը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Հոգևոր-մշակութային


31/10/2012