Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐԱՏ ԾՆՈՂՆԵՐԻՆ



ԼԲ. Ի՞նչն է սրանից ավելի աղետալի. մինչ հայրը մեծ տառապանքով փող ու հարստություն է հավաքում, որպեսզի զավակը երջանիկ ապրի, զավակը վատնում է դրանք, որպեսզի թշվառ ապրի։ Եվ ի՞նչն է այս թշվառությունների պատճառը, եթե ոչ ծնողական անկարգ խնամքը. որովհետև հայրը ջանում է իր զավակին հարստացնել բազում գանձերով, բայց ոչ՝ մի փոքր գիտությամբ. կամենում է ժառանգորդ դարձնել ստացվածքների, բայց ոչ՝ առաքինությունների։

ԼԳ. Եթե իշխանները կամենում են, որ իրենց զավակներն իշխան դառնան, թող նրանց մեծացնեն ոչ թե իբրև որդիների, այլ իբրև ծառաների։ Որովհետև ով իր հոր ծառան չի եղել, չի կարող ուրիշների իշխան լինել։

Նա՛ գիտի հրամանատար լինել, ով հրամանակատար է եղել։

ԼԴ. Աշխարհից ուրախությամբ է հեռանում, ով աշխարհում բարի զավակ է թողնում, և աշխարհին տրտմությամբ է հրաժեշտ տալիս, ով իրենից հետո չար զավակ է թողնում։

Ուստի ծնողը ճիշտ է վարվում, եթե մեռնելիս փոքր զավակին հանձնում է բարեկամին՝ խնամելու ու խրատելու համար։ Քանզի, եթե մանուկը խնամածու չունի, չարերին ընկերակցելով՝ ինքն էլ է չար ու անզգամ դառնում և այնուհետև բարիների խրատներից ոչ մի օգուտ չի ունենում։ Որովհետև ըստ ժողովրդական առածի՝ «Խափշիկն օճառ չի ուզում, անմիտն օգտակար խրատ չի առնում»։

ԼԵ. Ով իր զավակին սիրում է, զգույշ է լինում նրա պահպանության համար, այլապես զավակին չի սիրում։ Քանզի զգուշավոր պահպանությունն առաջ է գալիս կորցնելու երկյուղից, իսկ կորցնելու երկյուղը ծնվում է սիրուց, ուստի՝ ուր չկա սիրո գործ, այնտեղ չկա սեր։

ԼԶ. Մայրերը թող զգույշ լինեն իրենց դուստրերի հանդեպ, որպեսզի նրանց համեստությունը որևէ բանով չարատավորվի։ Որովհետև համեստությունը նման է դյուրաբեկ ապակու, որը թեթև բախումից փշրվում է, կորցնում իր հարգը, և այն վերականգնել հնարավոր չէ։

ԼԷ. Այն մայրը, որ դստերը պահում է տանն ինչպես բանտում և թույլ չի տալիս զրուցել ուրիշների հետ, դրանով ոչ թե ցույց է տալիս, թե իր դուստրը չար ու անպատկառ է, այլ զգուշանում է, որ այդպիսին չդառնա։

Որովհետև ամոթխած ու բարի օրիորդը որքան խնամքով ու զգուշությամբ պահվի, այնքան ավելի պարկեշտ ու լավը կլինի։

ԼԸ. Եթե մանկամարդը համեստ ու անխոս նստի տանը, բոլոր ուրիշները նրա բարեբարոյության մունետիկն ու քարոզողը կդառնան։

ԼԹ. Իր զավակին թշնամու պես է սիրում այն մայրը, ով դստերն ազգականների կամ դրացիների հետ ուղարկում է ինչ-որ բան տեսնելու կամ զբոսնելու և թողնում է, որ նա մի քանի օր նրանց տանը մնա՝ ասելով. «Երկար ժամանակ է, ինչ զավակս տանն արգելափակված է, և սիրտը ծանրացել է. թող փոքր-ինչ դուրս գա, սիրտը բացվի, հովանա։ Տեղն օտար չէ, մեզ ազգական ու մերձավոր են»։

Բայց ավա՜ղ նրա մտքի կուրությանն ու անզգայությանը։ Հույս ունի և սպասում է, որ բացվի դստեր սիրտը, բայց շուտով նրա աչքերն են բացվում, և իրեն համեստությունից մերկացած է տեսնում։

Տանից դուրս գալով՝ ամոթխածությունը կորցնում է և տուն մտնելով՝ այլևս չի կարողանում գտնել։ Զբոսանքի մի քանի օրվա զվարճությունն անփարատելի տրտմության է փոխվում, և ցնծալից բերկրանքը՝ սուգ ու կոծի։

Ուրեմն՝ որդեսեր մայրերը միշտ պիտի հսկեն դուստրերին՝ պահպանելու համար, և չթողնեն հեռանալ իրենց քղանցքից։ Որովհետև նրանք նման են հավի ձվերի, որոնց թխսամայրերը պարտավոր են թևերի տակ պահել մինչև նրանց՝ ձվերից դուրս գալը և այնուհետև իրենց հետ շրջեցնել մինչև նրանց մեծանալը։ Իսկ եթե ձվերը թևերի տակ չպահեն, ներսից կփտեն, և եթե ձագերին թույլ տան իրենցից հեռանալ, անգղներից կհափշտակվեն։ Այս օրինակով էլ մայրերը պարտավոր են միշտ հոգ տանել դուստրերի մասին, իսկ եթե նրանց հանդեպ անփույթ լինեն, նրանց չարության պատճառն իրենք կլինեն և պատժապարտության արժանի կդառնան։

Խ. Եթե մայրը բացահայտ ցույց է տալիս բնական սերը, որով սիրում է իր դստերը, վերջինիս գաղտնի թշնամի է դառնում։ Որովհետև դուստրը, անչափահաս ժամանակ մորից համարձակություն ստանալով, որքան տարիքով մեծանում է, այնքան ավելի է համարձակություն ձեռք բերում՝ մինչև ծնողի խոսքերին չհնազանդվելն ու նրա խրատին չանսալը։ Եվ որովհետև մատաղ տարիքից սովորել է, որ իր բոլոր քմահաճությունները պիտի կատարվեն. մեծանալով մորից նույնն է պահանջում, և երբ վերջինս զլանում է կատարել, խոժոռվում ու տրտմում է, երբեմն էլ վիճում ու հակառակում։

Եվ այս ամենի գլխավոր պատճառը ծնողի թուլությունն է, որ սկզբում դստերը համարձակություն տվեց քմահաճությունները կատարելու։ Եվ երբ ծնողը դժվարանում է դստերը զսպել, վշտից մաշվում և իրեն ու դստերն ավաղում է։ Արդարև մեծ ջանք է հարկավոր այդպիսինին զսպելու և նրա բարի անունը չարատավորելու համար։ Ուստի ծնողը պետք է սկզբում իր սերը ծածուկ պահի և հայտնի դարձնի դստեր մեծանալու ժամանակ, ինչի շնորհիվ երկուսն էլ բարեվիճակ կլինեն։

ԽԱ. Այն օրիորդների բարի համբավը, որոնց ձայնն ուրիշները չեն լսում, ամենքին հայտնի է դառնում։ Այն կույսը, որ մեկի հետ բարձրաձայն է խոսում, ինքն իր ձեռքով իր բարի անունն արատավորում է։ Որովհետև, եթե օրիորդը վաղ տարիքից սովորում է բարձրաձայն խոսել ծնողների, եղբայրների ու ազգականների հետ. ինչպե՞ս է հնարավոր, որ մեծանալիս իր ձայնը զսպի և զգույշ լինի, որ օտարներից ոչ ոք չլսի։ Այն մանկամարդը, որ սովոր է բարձրաբարբառ խոսել, ամենայն հավանականությամբ հանդուգն ու անպատկառ է։

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Հոգևոր-մշակութային


31/10/2012