Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԸ



Զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնը կազմավորվել է զորամասի կազմավորմանը զուգընթաց և վերջնականապես ձևավորվել 1993թ. փետրվարի 23-ին: Մինչև 1994թ. մայիսյան հրադադարն ընկած ժամանակահատվածում դիվիզիոնը ակտիվորեն մասնակցել է Գորիսի սահմանամերձ Շուռնուխ, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Խնածախ, Խոզնավար, Հարթաշեն գյուղերի ինքնապաշտպանությանը, հայկական բնակավայրերի ազատագրական մարտերին:

Այսօր էլ մայոր Վահագն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնը շարունակում է ավագ եղբայրների գործը՝ անընդհատ կատարելագործելով մարտական պատրաստության փորձը ստորաբաժանումներում, որոնցում տիրում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, եւ յուրաքանչյուրը սիրով ու պատրաստակամությամբ է մոտենում իր գործին: Բարձր մակարդակի վրա են միջանձնային փոխհարաբերությունները:

Զորամիավորման կողմից «լավագույնը» ճանաչված դասակների թվում է դիվիզիոնի 1-ին դասակը, որի հրամանատարն է ավագ լեյտենանտ Մկրտիչ Ալակորցյանը: Հրամանատարի բարեխիղճ և օրինակելի ծառայության արդյունքում դասակը բազմիցս արժանացել է զորամասի հրամանատարության տարբեր խրախուսանքներին:

Հրետանու ճամբարային հավաքներից առաջ զրուցեցինք հրամանատար, ավագ լեյտենանտ Մկրտիչ Ալակորցյանի հետ:

-Ե՞րբ եք ընդունել դասակի հրամանատարությունը, և ինչպե՞ս կբնորոշեք դասակի ներկա վիճակը:

-2009թ. ավարտելով ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` նշանակվել եմ դասակի հրամանատար և մինչ օրս բարձր պատասխանատվությամբ և սիրով իմ ծառայությունն եմ մատուցում հայրենիքին: Հասցրել եմ մանրակրկիտ ծանոթանալ անձնակազմին, յուրացնել ոչ միայն դիվիզիոնի, այլ ողջ զորամասի հերոսական պատմությունը: Անցած յուրաքանչյուր փառավոր էջ ինձ համար սրբություն է, ավագների փորձն ու գիտելիքները ինձ համար մեծ դաս են: Կարելի է ասել՝ ես եկել եմ ինձնից շատ տարիներ առաջ արդեն կայացած, հզոր և մարտական վիճակում գտնվող դիվիզիոն, որի ստորաբաժանումներն էլ սնվում են նույն ոգով և նույնքան մարտունակ են, կայացած, ինչպես դիվիզիոնը, ողջ զորամասը:

Մենք դիվիզիոնի հետ մի մարմին ենք և առանձնացնել մեր դասակը` ճիշտ չի լինի: Մեր խնդիրները նույնն են, մեր մարտական պատրաստությունը` միաձույլ: Այն լավագույնը, ինչին հասել ենք, միայն ու միայն դիվիզիոնի մարտունակության, զինվորական կարգապահության, միմյանց հանդեպ հարգանքի մթնոլորտի շնորհիվ է և այն բարի ավանդույթների, որոնց վրա խարսխված է անձնակազմի ամեն օրը:

Դասակը կբնորոշեի մարտունակ և հզոր, որում լավագույն զինվորները շատ-շատ են…

Հրամանատարը լավագույնների շարքում նշում է սերժանտներ, հաշվարկի հրամանատարներ Անդրանիկ Արտեմյանին, Գոռ Մյագկովին, հաշվարկի նշանառու շարքայիններ Սամվել Գրիգորյանին, 1-ին մարտկոցի հաշվարկող Դավիթ Նավասարդյանին, հետախուզական ջոկի հրամանատար, սերժանտ Գևորգ Աղաջանյանին…

-Դիվիզիոնում մարտական պատրաստության ծրագրով նախատեսված բոլոր պարապմունքներն ու միջոցառումները կատարվում են ժամանակին,- ասում է հրամանատարը: -Հրամանատարության անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ անց է կացվել զորավարժություն` մարտական հրաձգությամբ, սպառազինության և տեխնիկայի դուրս բերումով: Մեծ ուշադրություն է դարձվում մարտական փաստաթղթերի մշակմանը, տեղանքում աշխատանքի և մարտի հմուտ ղեկավարմանը` ավագների փորձը փոխանցելով հաջորդներին:

♦♦♦

Համալրվել է ուսումնամեթոդական բազան, տեսական և գործնական պարապմունքները բարձրացնում են զինվորների ինքնավստահությունը: Ծանոթանալով իրենց կցված զինատեսակի հնարավորություններին, տեխնիկայի բնութագրերին, մարտական պայմաններում կիրառման կարգին, նրանք ավելի տեղեկացված և ջանասիրությամբ են կատարում իրենց պարտականությունները: Դաշտային պայմաններում իրականացված գործնական պարապմունքները նաև յուրովի քննաշրջան են բոլոր զինծառայողների համար: Ուշադրություն է դարձվում նաև նորակոչիկների մարտական պատրաստությանը. զորամիավորման հրամանատարը այդ ուղղությամբ կատարված աշխատանքները գնահատել է «լավ»:

Նորակոչիկ Տիգրան Սերոբյանը ինձ հետ զրույցում առանձնահատուկ ջերմությամբ և մեծ հարգանքով է արտահայտվում սպայական և զինվորական կազմի մասին:

– Մեկ ամիս է, ինչ ծառայում եմ այստեղ, -ասում է նա,- ես ինձ շատ լավ եմ զգում, գոհ եմ և՛ հրամանատարությունից և՛ զինվորական կազմից: Մթնոլորտը համերաշխ է, ընկերական և մարդկային: Հուսով եմ, մարտական գիտելիքներից զատ, մարդկային շատ արժեքներ կյուրացնեմ այստեղ:

Մարտկոցի սպայական և զինվորական կազմի մասին սիրով, երախտիքով է արտահայտվում նաև շարքային, 20 ամսվա ծառայող Ալիկ Խալաթյանի մայրը` տիկին Սրբուհին, որն այդ պահին տեսակցության էր եկել որդուն:

– Որդիս միակողմանի ծնողազուրկ է, ուներ մարդկանց հետ շփվելու որոշակի հոգեբանական բարդություններ: Շատ էր ինքնամփոփ, նեղացկոտ և զգայուն: Մտածում էի` ինչպե՞ս է ծառայելու, արդյոք կհասկանա՞ն նրան, կկարողանա՞ մերվել… Հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ իմ վախերն ու կասկածներն ամբողջովին փարատված են: Ես ինքս ամեն այցից հետո որդուս ասես չեմ ճանաչում. դարձել է իսկական տղամարդ: Շնորհակալության խոսքերս` ուղղված հրամանատարության սպայական կազմին և ողջ անձնակազմին, անսպառ են: Պատկերացրեք, այնքան մարդկային, ընկերական են այստեղ բոլոր սպաները, հրամանատարները, որ զորամասն ասես դարձել է նաև իմ ընտանիքը: Ես միշտ կհիշեմ և կօրհնեմ ողջ անձնակազմին, հրամանատարներին` որդուս հանդեպ այսքան բարի, լավ վերաբերմունքի համար, որ նրանից կերտել են օրինակելի, բարեխիղճ, հայրենասեր մարդ:

Մինչ տիկին Սրբուհին ուրախությունից արցունքներն էր սրբում, ես հասցրեցի զրուցել նաև դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Արթուր Մարտիրոսյանի հետ, որը հանգամանորեն ներկայացրեց զինվորների շրջանում պարբերաբար տարվող գաղափարադաստիարակչական աշխատանքը, հանգստի, ազատ ժամանցի, անցկացվող մշակութային միջոցառումները:

– Դիվիզիոնում բարձր հիմքերի վրա է զինծառայողների բարոյահոգեբանական, հայրենասիրական դաստիարակությունը, նժդեհյան գաղափարախոսության ոգին: Այդ իսկ նպատակով օգտագործում ենք մասնագիտական գրականություն, տեսողական նյութեր, հաճախակի կազմակերպում ենք ռազմահայրենասիրական, մարզական, մշակութային միջոցառումներ, -ասում է հրամանատարի տեղակալը և ավելացնում:- Շատ ենք կարևորում զինվոր-սպա միջանձնային հարաբերությունները: Սպան պետք է մշտապես հիշի, որ իր անձնական օրինակը մեծ նշանակություն ունի ենթակաների դաստիարակության գործում: Այսպիսի մոտեցումը նպաստում է դիվիզիոնում և ստորաբաժանումներում առողջ մթնոլորտի ձևավորմանը: Զինծառայողի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել կարգապահական հնարավոր խախտումներից: Դիվիզիոնում չկան կարգապահական լուրջ խախտումներ կատարած անձինք, եւ համոզված եմ, այդ բարի ավանդույթը շարունակական կլինի:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ


31/10/2012