Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԱՆՎԵՐՋ ԿԱՌՈՒՑՈՒՄ-ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆՔ»



Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, քաղ. հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

-Պարոն Գրիգորյան, զորքերի բնակավորումը թերեւս Ձեր ղեկավարած կառույցի առաջնահերթ ու կարեւորագույն խնդիրն է, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել այդ ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում։

-Ըստ «Զինված ուժերի կապիտալ շինարարության եւ կապիտալ նորոգման ծրագրի», կապիտալ շինարարական աշխատանքները ուղղում ենք զինավանների օպտիմալացման եւ նոր շենք-շինությունների կառուցման նպատակին։ Նոր զինավաններ ենք կառուցում, երկուսի աշխատանքները կավարտենք այս տարի եւ կհանձնենք շահագործման։ Հյուսիսարեւմտյան զորամասերից մեկում վերակառուցել ենք զորանոցը, ընթացքի մեջ են նոր զորանոցի ճաշարանի եւ կաթսայատան կառուցման աշխատանքները։ Կառուցում ենք զորանոց, պահեստներ, ավտոհավաքակայան, բաղնիք, շարունակվում են պահեստային տնտեսության եւ դեղորայքի բազայի կառուցման աշխատանքները, Վանաձորում կառուցում ենք դեպոյի շենք, ուսումնական օբյեկտներ՝ հրաձգարաններում եւ զորավարժարաններում։ Ասֆալտապատում ենք շարահրապարակները, նորոգում ենք տանիքները։

-Ի՞նչ չափանիշների էին հավակնում նորակառույցները, եւ որքանո՞վ են պիտանի արդյոք այն շենքերը (խոսքը հիմնականում վերաբերում է զորանոցներին), որոնք ժառանգել ենք խորհրդային շրջանից եւ փորձում ենք շարունակական նորոգումների միջոցով երկարացնել օգտագործման ժամկետը։

-Նորակառույցները հավակնում են զարգացած երկրներում առկա չափանիշներին։ Իրոք, առավելագույնս հարմարավետ են, պահպանում են ընդունված բոլոր բնութագրիչները։ Մենք փորձում ենք հին շենքերը փուլ առ փուլ փոխարինել նորով։ Հիմնանորոգված շենքերի վիճակը բարվոք է, իսկ այն կառույցները, որոնց շահագործումը արդեն նպատակահարմար չէ, ներկայացվում են ապամոնտաժման։ Այս տարի 25 շենք ենք ներկայացրել ապամոնտաժման։ Կենցաղային պայմանները առավել եւս բարելավելու նպատակով զորամասերին տրամադրում ենք անհրաժեշտ շինարարական նյութեր, եւ տեղում կատարվում են համապատասխան ընթացիկ նորոգման աշխատանքներ։

-Շատ կարեւոր է զորամասերի բուժկետերի եւ բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավումը, որովհետեւ դրանք հիվանդների համար են եւ պետք է լինեն առավել հարմարավետ։ Սակայն մինչ վերջերս որոշ զորամասերում բուժկետերը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էին։

-Բուժկետերին եւ բուժհիմնարկներին հատուկ ուշադրություն ենք դարձնում։ Այս տարի վերանորոգել ենք Վանաձորի հոսպիտալը, Երեւանի կայազորային հոսպիտալի վարչական մասնաշենքի կապիտալ նորոգումը կավարտվի 2013-ին։ Կայազորային եւ կենտրոնական հոսպիտալների նյարդաբանական բաժանմունքների վերանորոգման աշխատանքները արդեն ավարտել ենք։ Այս տարի նորոգել ենք նաեւ հյուսիսարեւմտյան զորամասերից մեկի բուժկետը։ Կարող եմ ասել, որ այսօր բանակում չկան անմխիթար պայմաններում գտնվող բուժհիմնարկներ։ Այլ բան է, որ կա տարբերություն նորակառույց բուժհիմնարկների եւ այն շինությունների միջեւ, որոնք առաջիկայում պետք է փոխարինվեն նորակառույցներով։ Մենք ունենք խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, նոր շենքեր կառուցելուն զուգընթաց, հիմնանորոգել հները եւ հրաժարվել այն շենքերից, որոնց շահագործումը այլեւս նպատակահարմար չէ։

-Զինվորի առօրյան ավելի հագեցած եւ բովանդակալից դարձնելու համար վերջին շրջանում զորամասերը համալրվում են սպորտային միջոցառումների համար նախատեսված կառույցներով, հանգստի, ժամանցի սենյակներով։ Վերջին 6 ամիսների ընթացքում ի՞նչ է արվել այս ուղղությամբ։

-Տեղեկատվական եւ ժամանցի սենյակներով ապահովված է յուրաքանչյուր գումարտակ, իսկ նորակառույցներում՝ յուրաքանչյուր վաշտ։ Հանգստի եւ ժամանցի հնարավորություն ունեն ոչ միայն զինվորները, այլեւ սպաները. հարավարեւմտյան զորամասերից մեկում սպաների համար կառուցել ենք հանգստի համալիր՝ իր սպորտային տարածքներով (բիլիարդ, թենիս), սրճարանով, համակարգչային սենյակներով եւ այլն։ Նման համալիրների կառուցումը առաջնահերթ է հատկապես ծայրամասային զորամասերում, որտեղ սպաները եւ նրանց ընտանիքները հնարավորություն չունեն կազմակերպելու իրենց առօրյա խնդիրը եւ ապրում են մեկուսացած կյանքով։ Հանգստի, ժամանցի համար շինություն ենք կառուցելու նաեւ հյուսիսարեւելյան զորամասերից մեկի հարեւանությամբ։

-Հատկապես ծայրամասային զորամասերում զինծառայողների բնակարանային պայմանները բարելավման կարիք ունեն։ Սահման պահող սպայի ընտանիքը պետք է կարողանա ապրել բնականոն կենցաղով։

-Անշուշտ, այս խնդիրը նույնպես մեր առաջնահերթությունների ցանկում է։ Ընթացիկ տարում շահագործման ենք հանձնելու բնակելի ծառայողական շենքեր։ Իսկ Աբովյանում կառուցված ծառայողական բնակելի շենքը 61 բնակարանով արդեն հանձնված է շահագործման։ Հյուսիսարեւմտյան զորամասերից մեկի սպաների համար կառուցում ենք բնակելի ծառայողական շենք 24 բնակարանով, որը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ։ Պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը խնդիրը լուծելու լրացուցիչ միջոց է համարում նաեւ զինծառայողների վարձակալած բնակարանների համար դրամական փոխհատուցում տրամադրելը։

Բանակում կապիտալ շինարարությունը անընդհատ գործընթաց է, այն շարունակվում է մեծ տեմպերով, մենք անվերջ կառուցում ու նորոգում ենք։ Աշխատանքները ունենալու են առավել մեծ ընդգրկում, եւ տարեցտարի մենք արձանագրելու ենք նոր որակ՝ կապված զորքերի բնակավորման եւ կոմունալ-կենցաղային պայմանների հետ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/10/2012