ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է
Փոխգնդապետ Գ.Կարապետյանի և վաշտի հրամանատար, առաջնագծի հատվածի պատասխանատու կապիտան Ռ. Ստեփանյանի հետ այցելեցինք մի քանի հենակետեր, շրջեցինք խրամատներով, զրուցեցինք մարտական առաջադրանքներ կատարող զինծառայողների հետ, հանգամանորեն ծանոթացանք վերջին մեկ տարում կատարված ինժեներական աշխատանքներին։ Կացարանները լուսավոր են և հարմարավետ՝ կենցաղի կազմակերպման և մարտական խնդիրների կատարման տեսանկյունից։ Ակնհայտ է, որ արվում է առավելագույնը՝ հեռավոր մարտական հենակետերում ծառայող զինվորների կենցաղային պայմանները տարեցտարի բարելավելու ուղղությամբ։
…Հերթական մարտական հենակետում դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Զարզանդ Ավագյանի զեկույցից հետո ծանոթանում ենք պայմանագրային զինծառայողների հետ։
Դասակի հրամանատարը ծնվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է տեխնիկումում։ Խորհրդային բանակում ծառայելու ընթացքում ստացել է ավագ սերժանտի կոչում։ Բանակից հետո աշխատել է որպես վարորդ։ Ինչպես շատերի, այնպես էլ նրա համար կյանքի մի նոր ուղի է բացվել 1988-ից։ Գյուղի ջոկատի, այնուհետև Հատուկ գնդի կազմում (հրամանատար՝ Հ. Հովսեփյան) մասնակցել է Կոռնիձորի, Մարտակերտի, Ումուդլուի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, «Մայրական երախտագիտություն» մեդալներով։
-6 երեխա և 8 թոռ ունեմ։ Մխիթարս ժամկետային ծառայությունից հետո այժմ պայմանագրային հիմունքներով է ծառայում։ Սերոբս այժմ ժամկետային զինծառայող է, իսկ Անդրանիկս նոր է ավարտել ծառայությունը։ Հերոսների անուններով եմ անվանակոչել տղաներիս։ Հիմա ապրում ենք Գեղամաբակ գյուղում։ Զբաղվում ենք հողագործությամբ։ Գիրք եմ գրել իմ ծննդավայրի՝ Արծվանիստի հերոսական անցյալի մասին։ Մեր գյուղը երկու գեներալ է տվել, իսկ գնդապետների, սպաների թիվը շատ-շատ է,- հպարտությամբ ասում է նա։
Շարքային գնդացրորդ Մարտիրոս Մարտիրոսյանը Գեղամասարից է։ Մարտիրոսի եղբորը՝ Աշոտին, հանդիպեցինք մյուս հենակետում։
Երկու եղբայրներն էլ ժամկետային ծառայությունից հետո անցել են պայմանագրային ծառայության։ Նրանց ծննդավայրը պատմական Ջագիր գյուղն է (Մարտիրոսը երկու տարեկան է եղել, երբ դուրս են եկել գյուղից)։ Ամռանը տեղի ունեցած զորավարժության ժամանակ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի կողմից պարգևատրվել է ժամացույցով, իսկ ժամկետային զինծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն մարզիկ» հուշամեդալով։
Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Վաչիկ Խաչատրյանն ու գնդացրորդ, եֆրեյտոր Իսրայել Խաչատրյանը նույնպես եղբայրներ են։ Գեղամասար գյուղ են եկել պատմական Էրքեջ գյուղից։
Հենակետերում շատ են բարեկամական կապ ունեցող տղաները՝ եղբայրներ, հորեղբոր տղաներ (նրանցից շատերի ծննդավայրը Գարդմանա աշխարհն է)։ Հրամանատարը գովեստի խոսքեր ասաց կրտսեր սերժանտ Արմեն Սահակյանի, շարքայիններ Հակոբ Մուրադյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Վանիկ Աթանեսյանի հասցեին։
Տղաներից շատերը, եթե պատերազմական գործողությունների էլ չեն մասնակցել, ապա կրում են դրանք իրենց մանկության հուշերում։ Նրանց հայացքները հեռու հեռուներում փնտրում-գտնում են իրենց ծննդավայրերը՝ իհարկե կարոտում, սակայն նաև վճռականությամբ սպասում են այն օրվան, երբ նորից կբախեն հայրենի օջախների դռները։
-Շատ կցանկանայինք, որ դա տեսնեին մեր ծնողները, մեր պապերը, որոնք դեռ ողջ են։ Ափսոս, շատերը հեռացան կարոտով, ուշքն ու միտքը թողած իրենց գերված ծննդավայրերում,- հրաժեշտին ասացին տղաները։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ