Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ



ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Եվրոպայում նկատվող անջատականության միտումները նպաստավոր են ԼՂՀ անկախության ճանաչման համար: Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում:

Պատմականորեն այնտեղ ձևավորվել են անջատականության բազմաթիվ օջախներ. Կատալոնիան, Վալենսիան և Բասկերի երկիրն ուզում են անկախանալ Իսպանիայից, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը՝ Մեծ Բրիտանիայից, Լոմբարդիան՝ Իտալիայից, Կորսիկան և Բրետանը՝ Ֆրանսիայից, Ֆլանդրիան՝ Բելգիայից և այլն:

Այսօր անջատականության պատճառները հիմնականում տնտեսական են: Օրինակ՝ Կատալոնիան Իսպանիայից պահանջել է 5 մլրդ եվրոյի վարկ, որը չստանալու դեպքում սպառնացել է անկախությամբ: Իսպանիայի կառավարությունը գտնում է, որ Կատալոնիան 40 մլրդ եվրոյի պարտք ունի, և կրճատել է այդ շրջանի բյուջեն: Իսկ կատալոնացիներն ասում են՝ «Մենք, լինելով երկրի 17 ինքնավար շրջաններից մեկը, ապահովում ենք երկրի համախառն ներքին արդյունքի 20%-ը, որի մեծ մասը չենք ստանում, էլ ի՞նչ պարտքի մասին է խոսքը»: Կատալոնիան համոզված է, որ ի վիճակի է ինքն իր գլուխը պահել և կարիք չունի Իսպանիայի կազմում մնալու: Նոյեմբերի 25-ին Կատալոնիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում պետք է որոշվի Իսպանիայի կազմում մնալ-չմնալու հարցը:

Նույն իրավիճակն է Բելգիայում. բազմաթիվ ֆլամանդացիներ համարում են, որ տնտեսապես ավելի բարգավաճ Ֆլանդրիան պահում է հետամնաց Վալոնիային և, այրելով բելգիական դրոշները, քաղաքական գործիչներից պահանջում են անկախություն «վալոնիացի ձրիակերներից»: Շոտլանդիայի ազգայնականները արդեն մի քանի տարի է՝ անկախություն են պահանջում Մեծ Բրիտանիայից, քանի որ համոզված են, որ Հյուսիսային ծովում գտնվող նավթի ու գազի իրենց հանքավայրի շահագործումից ստացված տարեկան 20 մլրդ դոլարի եկամուտը յուրացնում է Լոնդոնը:

Փաստորեն, անջատական տրամադրությունների հիմնական խթանիչը ֆինանսական ճգնաժամն է, որի հետևանքով եվրոպական բոլոր պետությունները հայտնվել են փոխադարձ պարտքերի սարդոստայնում: Իսկ ի՞նչն է պարտքաբյուջետային ճգնաժամի պատճառը: Եվրոպայում սրա վերաբերյալ երկու տեսակետ կա:

Ըստ առաջինի՝ ճգնաժամի պատճառը ճոխ ու շվայտ կյանքն է, ոտքերը վերմակից ավելի երկարելը: Այս կարծիքին են Գերմանիայի, Նիդերլանդների և Ֆինլանդիայի իշխանությունները, որոնք գտնում են, որ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է «գոտիները պնդել» և անցնել տնտեսական խնայողության խիստ ռեժիմի: Այս տեսակետը, անշուշտ, իր մեջ մեծ ճշմարտություն ունի, սակայն Միջերկրածովյան երկրների և Իռլանդիայի իշխանություններն էլ գտնում են, որ ճգնաժամի մեղավորը ոչ այնքան ազգային կառավարություններն են, որքան «համաշխարհային ստվերային կառավարությունը»՝ ի դեմս բանկիրների, արդյունաբերողների և եվրոպական առաջատար պետությունների ղեկավարների: Արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեսակետի համաձայն՝ վերջիններս դիտմամբ են խթանում ֆինանսական ճգնաժամը, որպեսզի շահույթ ստանան բազմամիլիարդ վարկային ծրագրերից: Որոշ փորձագետներ էլ պնդում են, որ ֆինանսական ճգնաժամն ու անջատականությունը բխում են Եվրամիության ղեկավարության շահերից, այսինքն՝ նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել Եվրոպական միացյալ պետություն (կայսրություն)՝ Եվրոպայի Միացյալ Նահանգներ:

ՊԱՐԱԴՈՔՍ

Վերջին տեսակետն առաջին հայացքից անհասկանալի է. ազգայնականությունն ու անջատականությունը սովորաբար կայսրություններ են քայքայում և ոչ թե ստեղծում: Ամենաթարմ օրինակը ԽՍՀՄ քայքայումն է, որն ուղեկցվեց նախկին խորհրդային հանրապետություններում ազգայնական տրամադրությունների ուժեղացմամբ: Ուրեմն, ինչպե՞ս կարող են նույն ազգայնականությունն ու անջատականությունը ուժեղացնել Եվրամիությունը:

Հարցն էլ այն է՝ տրոհման արդյունքում ի՞նչ մեծության մասերի է բաժանվում պետությունը: Գոյություն ունի պետության շեմային չափ, որը գերազանցելու դեպքում պետության ինքնիշխանության աստիճանը վերջինիս թույլ է տալիս անջատվել կայսրությունից: Օրինակ՝ Իսպանիան, որն ունի 47,2 մլն բնակիչ և 504,7 հազ. քառ. կմ տարածք, կարող է մտածել Եվրամիությունից դուրս գալու մասին: Եվ եթե Իսպանիան բաժանվի 17 անկախ պետությունների, ապա նրանցից յուրաքանչյուրն արդեն չի կարող դուրս գալ Եվրամիությունից, որովհետև ինքնիշխանության բավարար ներուժ չունի: Օրինակ՝ 7.5 մլն բնակչությամբ և 32,1 հազ. քառ. կմ տարածք ունեցող Կատալոնիան կարող է անկախ լինել Իսպանիայից, բայց չի կարող անկախանալ Եվրամիությունից: Ահա ինչու եվրոպական կայսրության ստեղծմամբ շահագրգիռ ուժերին ձեռնտու է, որ 20-30 տնտեսապես հզոր պետությունների փոխարեն լինեն 70-100 տարածաշրջանային կազմավորումներ, որոնց ղեկավարելն ավելի հեշտ է, քանի որ դրանց կախվածությունը կենտրոնական իշխանությունից համապատասխանաբար ավելի մեծ կլինի, քան ներկայիս ազգային պետություններինը:

Համեմատելով անկախության ձգտող մարզերի և «մայր-պետությունների» բնակչության թվերն ու տարածքները՝ կարելի է ենթադրել, որ Եվրոպայի ազգային պետությունները վերացնելու համար դրանք պետք է փոքրացնել միջինը 12 անգամ՝ բաժանելով յուրաքանչյուրը 4 մլն բնակչությամբ և 23 հազ. քառ. կմ տարածքով մասերի: Թերևս սա էլ հենց պետության շեմային չափն է եվրոպական պետությունների համար:

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Ինչպե՞ս է ֆինանսական ճգնաժամը նպաստում ազգային պետությունների ինքնիշխանության կորստին: Այս հարցը քննենք դարձյալ Իսպանիայի օրինակով: Պետությունը վիթխարի պարտք ունի: Ինքնավար շրջանները փող են ուզում կառավարությունից: Կառավարությունն էլ պարտք է խնդրում Եվրոպայի կենտրոնական բանկից (ԵԿԲ), որը պարզապես եվրո թղթադրամներ է թողարկում (տպում)՝ վիթխարի քանակով (2012թ. փետրվարի դրությամբ՝ 1000 մլրդ եվրո): Հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կա փողը տալ Իսպանիայի կառավարությանը, որպեսզի սա փոխանցի ինքնավար շրջաններին: Ավելի լավ չի՞ լինի, եթե Եվրոպայի կենտրոնական բանկը փողը միանգամից տա նրան, ում պետք է, առանց միջնորդի: Ահա և ստացվում է, որ ազգային կառավարությունը վերածվում է ավելորդ օղակի, որի կարևորությունը նվազում է:

Իսպանիան փորձում է ազատվել ԵԿԲ վարկային կախվածությունից՝ թողարկելով 186 մլրդ եվրոյի պետական պարտատոմսեր և ծրագրելով թողարկել ևս 200 մլրդ եվրոյի պարտատոմսեր եկող տարի: Պարտատոմս թողարկել նշանակում է պարտք վերցնել (մասնավորապես՝ բնակչությունից): Բայց եթե ֆինանսական ճգնաժամն ու սղաճը շարունակվեն, ապա Իսպանիան չի կարողանա վերադարձնել պարտքը: Այդժամ հնարավոր է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ. ա) հունական՝ վաճառքի հանել իր կղզիները, այսինքն՝ տարածքը (այսինքն՝ կորցնել ինքնիշխանության մի մասը), բ) արգենտինական՝ դուրս գալ եվրոյի գոտուց, ինքն իրեն սնանկ հայտարարել (դեֆոլտ) և թողարկել սեփական դրամը: Սա հղի է սոցիալական ցնցումներով և քաղաքական անկայունությամբ, գ) Իսպանիայի կառավարությունը երկրի ներսում իր տված պարտքերը վաճառում է Եվրոպայի կենտրոնական բանկին, որպեսզի դրանց գոնե մի մասի փոխարեն գումար ստանա: Այդ գործարքի արդյունքում կառավարությունը կստանա պարտք տված փողի մի մասը (սովորաբար կեսից մի քիչ ավելին), բայց փոխարենը ԵԿԲ-ն կդառնա պարտատեր Իսպանիայում, այսինքն՝ Իսպանիան դարձյալ կկորցնի իր ինքնիշխանության մի մասը: Ի դեպ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եվրոն և արժութային ամբողջ գոտին փրկելու միակ ճանապարհը ազգային ինքնիշխանության տեղափոխումն է «վերեվրոպական» մակարդակ:

ԱԶԳԵՐԻ ՁՈՒԼՄԱՆ ՏԵՍԱԲԱՆՆԵՐԸ

Պարտքերի ճգնաժամն ու անջատական տրամադրությունները Եվրոպայում հանգեցնում են ազգային պետությունների աստիճանական վերացման: Այն կասկածները, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է, սնունդ են առնում ազգային պետությունների վերացման մասին որոշ քաղաքական գործիչների ծրագրային դրույթներից և կանխատեսումներից: Այսպես, շվեյցարացի գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ Դենի դը Ռուժմոնը (1906-1985) իր «Եվրոպայի 28 դարերը» գրքում փորձում է հիմնավորել, որ «Միացյալ Եվրոպան ոչ միայն արդիական տնտեսական կամ քաղաքական միջոց է, այլև՝ իդեալ, որը 1000 տարուց ավելի է, ինչ ապացուցում են նրա լավագույն մտածողները, որոնք հեռուն են տեսնում»: Իսկ այդ մտածողները (որոնց թվում, ի դեպ, քիչ չեն մասոնական և այլ գաղտնի կազմակերպությունների անդամներ) ազգային պետությունների վերացման ջատագովներ են: Նույն գաղափարն է արտահայտում ներկայիս Միասնական Եվրոպայի նախագծի հեղինակներից մեկը՝ Համաեվրոպական շարժման հիմնադիր կոմս Ռիխարդ Նիկոլաուս Կուդենհովե-Կալերգին (1894-1972): Նա 1923թ. գրել է, որ Եվրոպայի Միացյալ Նահանգները պետք է վեցերորդ եվրոպական կայսրությունը լինի՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Կարլ Մեծի, Ինոկենտիոս Երկրորդ պապի և Նապոլեոն Առաջինի հիմնած կայսրություններից հետո: Ըստ Կուդենհովե-Կալերգիի՝ պետք է վերանան ոչ միայն ազգային պետությունները, այլև ազգերը, որոնց փոխարեն պետք է ստեղծվի եվրասիական-նեգրոիդ խառը ռասային պատկանող ժողովուրդ, որն արտաքինից պետք է հիշեցնի հին եգիպտացիներին (սա արդեն իսկ հիմք է՝ ենթադրելու, որ այս տեսությունը կառուցվում է օկուլտիստական և կրոնամիստիկական պատկերացումների հիման վրա): Ըստ այս հեղինակի՝ եվրոպական նոր կայսրությունում աշխարհիկ իշխանությունը պետք է փոխարինվի հրեաների հոգևոր իշխանությամբ:

ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մինչդեռ բոլոր ժողովուրդները չէ, որ պատրաստ են հեշտությամբ հրաժարվելու ազգային ինքնիշխանությունից և իրենց ազգային ունեցվածքը միջազգային ֆինանսական շրջանակներին վաճառելուց: Ի՞նչը կարող է ստիպել նրանց հանձնվել: Պատմության փորձը ցույց է տալիս, որ (համաշխարհային) պատերազմը: Պատերազմի ժամանակ պետություններին փող է պետք, և նրանք պատրաստ են վաճառքի հանելու իրենց սեփականությունը (տնտեսագիտական լեզվով ասած՝ ակտիվները), միայն թե դրամ ստանան: Դրանից օգտվում են հզոր բանկերը և գնում այդ ակտիվները: Այսինքն՝ բանկերին ձեռնտու է պատերազմը:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ այսօր աշխարհում ստեղծվում է մի իրավիճակ, երբ միջազգային ֆինանսական շրջանակներին պատերազմը ձեռնտու է: Նրանք ուշադրություն են հրավիրում հոկտեմբերի 12-13-ը Տոկիոյում Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) և Համաշխարհային բանկի ղեկավարների ամենամյա հանդիպման ժամանակ ՄԱՀ տնօրեն Քրիստին Լագարդի հետևյալ ասածին. «Աճի բացակայության պայմաններում համաշխարհային տնտեսության ապագան վտանգված է, և հնարավոր է, ամենալուրջ խնդիրը պետական վիթխարի պարտքի ժառանգությունն է, որը ներկայումս կազմում է տնտեսապես զարգացած երկրների համախառն ներքին արդյունքի միջինում 110 տոկոսը, ինչը միանգամայն համապատասխանում է պատերազմական ժամանակների մակարդակին»: Փորձագետները նկատում են, որ ՄԱՀ տնօրենի յուրաքանչյուր բառը կարող է ազդեցություն ունենալ ֆինանսական շուկայի սպասումների վրա, ուստի եւ հազիվ թե պատահմամբ է ասվել. կա՛մ տիկին Լագարդի «լեզվից է թռել», կա՛մ նա դիտմամբ է ասել: Երկու դեպքում էլ պատերազմի մասին մտածելու իրական հիմքեր կան:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


07/11/2012