ՎԱՐՈՐԴԸ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Քանի որ խոսվելու է վթարների կանխարգելման մասին, նշենք, որ նույն կանոնակարգում առանձնացված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման անհրաժեշտ պրոֆիլակտիկային:
Դրանք են.
♦ զորամասերում և ստորաբաժանումներում հստակ կանոնադրական կարգապահության, կազմակերպվածության և ամբողջ անձնակազմին ամրակցված տեխնիկայի նկատմամբ բարձր պատասխանատվության պահպանում,
♦ ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման և նորոգման կանոնների մշտապես ուսուցանում,
♦ վարորդական անձնակազմի մեքենավարման հմտությունների կատարելագործում,
♦ ճանապարհային երթևեկության կանոնների, մեքենավարման և շարասյուների կանոնների հստակ պահպանում,
♦ երթերի մանրակրկիտ կազմակերպում, երթուղիների նախապատրաստում, գիշերային պայմաններում երթևեկելու առանձնահատկությունների հաշվառում,
♦ առաջադրանքը կատարելուց առաջ վարորդների և մեքենայի ավագների հրահանգավորում,
♦ հրամանատարների և պետերի կողմից խստապահանջության, շահագործման կանոնների պահպանման, մեքենաների սարքինության և երթուղիներում վարորդների աշխատանքի նկատմամբ մշտական վերահսկողության սահմանում,
♦ մեքենաների շահագործման սահմանված կարգի և հավաքակայաններում ներքին ծառայության պահանջների խստիվ պահպանում,
♦ տոնական և հանգստյան օրերին մեքենաների օգտագործման սահմանափակում,
♦ մեքենաների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկում և նորոգում,
♦ առանց միջադեպերի մեքենաների շահագործման առաջավոր փորձի ներդրում,
♦ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կոնկրետ միջոցների ձեռնարկում, անձնակազմի հետ մանրամասն վերլուծում,
♦ վարորդների բազմակողմանի ստուգումների անցկացում և անկարգապահ, թերի պատրաստված, ինչպես նաև բժշկական ցուցանիշներով չհամապատասխանող վարորդների մեքենավարումից զրկում,
♦ առանց պատահարների մեքենաները շահագործած անձնակազմի խրախուսում,
♦ զորամասերի հսկիչ-տեխնիկական կետերի աշխատանքի ճիշտ կազմակերպում և տեխնիկապես գրագետ մասնագետներով համալրում,
♦ իրենց ամրակցված մեքենաներով տեղափոխվող մարդկանց ու սպառազինության անվտանգության նպատակով վարորդների համար պարբերաբար բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքների անցկացում` նպատակաուղղված կարգապահության և անձնական պատասխանատվության բարձրացմանը: Ժողովների և տեխնիկական գիտաժողովների անցկացում, մեքենաների տեխնիկական սպասարկման, անվթար աշխատանքի և այլ միջոցառումների վերաբերյալ առաջավոր մեթոդների քննարկում:
Այժմ անդրադառնանք վարորդի հոգեբանաֆիզիոլոգիական գործունեության հիմունքներին:
Մեքենավարման ծառայության կազմակերպումը հոգեբանական տեսանկյունից կատարվում է որոշակի սխեմայով՝ տեղեկատվության ընդունում, գնահատում, որոշման ընդունում, գործողություն: Քննարկենք վարորդի գործունեության վերոհիշյալ փուլերը.
1. Փոխադրման մասին տեղեկատվություն ստանալով վարորդն ուսունասիրում է երթուղին, ճանապարհի երկարությունը, հանգստի, սննդի ընդունման վայրերը, վտանգավոր տեղամասերը, լիցքավորման կայանների բաշխումը, տեխնիկական ու բուժսպասարկման կայանների առկա-յությունը և այլն:
2. Տեղեկատվությունն ընդունելուց անմիջապես հետո վարորդն այն արագ գնահատում է: Նա հաշվի է առնում ճանապարհային ծածկույթի որակն ու վիճակը, տեսանելիությունն ու լուսավորվածությունը, եղանակը, ճանապարհային նշանների առկայությունը, երթի մասնակիցների արագությունը, տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը, փոխադրվող բեռի բնույթը, ավտոմոբիլի բեռնվածությունը, շարժակազմի այն համակարգերի տեխնիկական վիճակը, որոնք անմիջապես կապված են երթևեկության անվտանգության հետ և այլն:
3. Ստացված տեղեկության հիման վրա գնահատելով իրավիճակը, վարորդը համա-պատասխան որոշում է ընդունում: Հոգեբանական տեսանկյունից, որոշման ընդունումը բարդ, պատասխանատու գործողություն է, ընդգրկում է ճանապարհային իրավիճակի տարրերի և այլ գործոնների մանրազնին վերլուծություն, համեմատում ու համատեղում, որոնց արդյունքում ձևավորվող եզրակացությունները կազմում են վարորդի ընդունված համապատասխան որոշման հիմքը: Ելնելով ճանապարհային իրավիճակից վարորդը որոշում է՝ կատարել վազանց կամ շրջանցում,կտրուկ արգելակել, արագությունը մեծացնել և այլն:
4. Ընդունելով որոշում՝ վարորդն իրականացնում է համապատասխան գործողություն:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ