ԽՐԱՏ ԾՆՈՂՆԵՐԻՆ
ԽԲ. Լավ կլիներ, եթե այն տունը, ուր աղջիկներ են բնակվում, պատուհան կամ դուռ չունենար՝ փողոցները նայելու։ Որովհետև երբ աղջիկները կանգնում և ուղիղ նայում են անցորդների կերպարանքին, նրանց մաքուր միտքն ամբոխվում է՝ նման կրակի կայծի՝ բամբակի խրձի մեջ ընկնելուն, և ժամ առ ժամ բորբոքվելով՝ կիզում ու այրում է նրանց ողջամտությունն ու համեստությունը։ Ուստի այն երիտասարդուհին կամ կույսը, որի աչքը պատուհանին է, կա՛մ անամոթ է, կա՛մ սկսել է անամոթանալ։ Որովհետև ամեն հրդեհ էլ մի դույզն կայծից է բորբոքվում, և ամեն մեծ վնաս փոքր վնասից է առաջ գալիս։
ԽԳ. Մայրերը թող հանգիստ թույլ չտան իրենց դուստրերին կենցաղավարել երիտասարդի հետ, եթե նույնիսկ վերջինս մերձավոր կամ ազգական է։ Որովհետև մոլեկան ցանկությունը խռովում է միտքը, մինչև մարդ իրեն մոռանում է և անբան կենդանու պես վարվում։
ԽԴ. Թող դուստրերը չտրտմեն, երբ իրենց մայրերի կողմից զգուշությամբ պահպանվում են. որովհետև նրանց անկատար հասակը, չհասկանալով պահպանության տված օգուտը, գուցե տրտմեցնում է նրանց, բայց հետո, երբ դուստրերի մայր դառնան, կհասկանան։
ԽԵ. Եթե հողն ուխտի արգելել ջրերի գոլորշիները, և օդը՝ սաստիկ քամին, ծովը միշտ խաղաղ ու անխռով կմնա։ Եթե օրիորդն իր աչքերը պահպանի արատավոր բաների նայելուց և ականջները՝ անպատեհ բաներ լսելուց, հանդարտ ու համեստ կմնա։ Իսկ քանի դեռ աչքերը պատուհանին են, և ականջը՝ ուրիշների բերանին, անհնար է, որ տանը համեստ ու ամոթխած մնա։
Ով կույս ժամանակ մնում է տանը որպես բանտում, ամուսնանալիս բարի բախտ կգտնի։ Շատաշրջիկ կույսը դևերի խաղալիք է։
ԽԶ. Կանայք ճիշտ են վարվում, որ իրենց ականակուռ ու ոսկեղեն զարդերի տուփը մեծ աչալրջությամբ են պահում, և եթե պատահում է, որ գնան իրենց ազգականների տուն, իրենց հետ վերցնելով տանում են ու փականքով ամրացնում, որպեսզի գողերի կողմից չկողոպտվի։ Բայց ճիշտ չեն վարվում, որ այնքան ուշադիր չեն լինում իրենց դուստրերի հանդեպ, որքան իրենց զարդերի, և այն բանից հետո, երբ դուստրերը համեստությունը կորցնում են, մայրերը զուր ու ապարդյուն հառաչում են ու կոծում։
Եվ քանի որ բնության օրենքով առավել պիտի սիրեն իրենց զավակներին, քան բոլոր մեծագին զարդերը, ուրեմն թող առավել աչալրջությամբ պահեն զավակներին, որպեսզի կորստյան վտանգը նրանց համեստությանը չհասնի, և դրա հետ մեկտեղ չգա ունեցվածքի, զավակի և բարի անվան կորուստը։
ԽԷ. Քանի դեռ դուստրը փոքր է, մայրն աշխատում է նրան կերակրել ու խնամել, իսկ երբ չափահաս է դառնում, մայրը հանգստանում է, և դուստրը՝ աշխատում։ Բայց մարմնի այս հանգիստն ավելացնում է ծնողի մտքի աշխատանքը. պարտավոր է շրջահայաց ու զգույշ լինել դստեր պահպանությանը, որովհետև ինչպես ժողովրդական առածն է ասում, որքան զավակը մեծանում է, այնքան մեծանում են և ծնողի ցավերը։
ԽԸ. Ով իր աղջկան որպես փեսացու է ընտրում ազնվական, բայց մոլեկան տղամարդու, իր պատիվն ու հանգիստը կորցնում է։
ԽԹ. Պետք է նայել ոչ թե փեսացուի հարստությանը, այլ նրա խոհեմությանը։ Որովհետև ով հարուստ, բայց մոլի փեսա է ընտրում, իր դստերը մշտնջենավոր գերի է դարձնում։
Ծ. Ծնողներն իրենց պարտավորությունը չեն կատարում, եթե մեծ անվան ու համբավի պատճառով չեն հոժարում իրենց դուստրերին տալ համեստ արհեստավորների, եթե վերջիններս մեծ հարստություն չունեն։ Եվ երբ նրանց դուստրերն անտեսվում են հարուստներից՝ վերջիններիս հարս դառնալու, տարիքն առնելով՝ իրենց կյանքի բոլոր օրերում իբրև այրի տանն են մնում։
Իսկ այս չարիքի պատճառն այն ծնողների սնափառությունն է, ովքեր հարստություն են փնտրում և ոչ թե համեստություն։
ԾԱ. Ծնողների համար հույժ դժվար է և մեծ զգուշության կարիք ունի փեսայի ընտրությունը, որովհետև նրանց դստեր երջանկությունը կամ թշվառությունն ամբողջապես սրանից է կախված։
Ուստի թող որևէ երիտասարդի փեսա ընտրեն ոչ թե նրա համար, որ ազնիվ տոհմից է, այլ որ կարող է ազնիվ տոհմի սկիզբ դառնալ։ Որովհետև կան շատեր, որ իրենց տոհմի ազնվությունն իրենցով սպառում են, կան էլ այնպիսիք, որ իրենցից են սկզբնավորում։
ԾԲ. Ոչ թե բարիքներով լեցուն խնջույքն է հարսանիքը վայելուչ դարձնում, այլ փեսայի ու հարսի համապատասխանությունը։ Տրտմության տուն է այն հարսնարանը, որի փեսան ու հարսը միմյանց չեն համապատասխանում։
«Պատվիրե՛ք ձեր որդիներին, որ պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը» (հմմտ. Բ. Օրենք ԼԲ 46)։
«Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է որդուն, իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածությամբ» (Առակ. ԺԳ 24)։
«Եթե դուստրեր ունես, զգո՛ւյշ եղիր, մի՛ գգվիր նրանց ու համարձակություն մի՛ տուր. ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես» (Սիրաք Է 26-27)։
«Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և բարեկամների մեջ կփառավորվի» (Սիրաք Լ 2)։
«Ով ուսուցանում է իր որդուն, թշնամիների նախանձն է շարժում և բարեկամների առջև կցնծա։ Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին» (Սիրաք Լ 3)։
«Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփես, Զ4):
«Որդինե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև հաճելին այդ է Տիրոջ առաջ» (Կող. Գ 20)։
«Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին առիթ չտան նախատինքի» (Ա Տիմ. Ե 14)։
Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Հոգևոր-մշակութային