Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ



Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արցախյան ազատամարտի մասնակից, մասնագիտությամբ բժիշկ ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ միակ որդին` Արմենը, շուտով կզորակոչվի: Հայրը վստահ է, որ նախազորակոչային տարիքի պատանիներին պետք է հոգեբանորեն նախապատրաստել բանակում ծառայելուն: Ներկայացնում ենք Ռուբեն Հարությունյանի տեսակետը զինծառայողի դաստիարակության հարցերի վերաբերյալ:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Սխալ դաստիարակությունը արատներ է ծնում: Ինչպես ասում են` ծուռ տնկած ծառը դժվար է ուղղել: Հայրն ու մայրը, ապրելով երեխայի հետ, երեխաների վրա ներգործելու լայն հնարավորություն ունեն: Ընտանեկան դաստիարակության հաջողությունն է, երբ երեխան հանգիստ, հավասարակշռված, եռանդուն ու կենսուրախ մարդ է մեծանում: Կայուն բանակի հիմքը և գլխավոր գրավականը հոգեպես ամուր ու պատրաստված զինվորն է:

Այսօր հայ ընտանիքը թերանում է դաստիարակության հարցերում: Մինչդեռ պարտավոր է վաղ տարիքից երեխայի մեջ սերմանել հայրենիքի, պետականության գաղափարները, հայրենիքի պաշտպան դառնալու անհրաժեշտությունը: Ես կարծում եմ, որ ընտանիքը բավարար ներուժ ունի նաև բանակում ծառայող զինվորին դաստիարակելու համար: Ըստ իս` պետք է յուրաքանչյուր զորամասում ծնողկոմիտեի նման մի մարմին ստեղծել, որի ներկայացուցիչների այցելությունները զորամասեր կզգաստացնեն թե՛ զինվորներին, թե՛ սպաներին:

Երբ ես բանակից զորացրվեցի, ինձ հետ տուն բերեցի մի ալբոմ` բազում նկարներով, ընկերներիս հասցեներով: Այսօր մեր նպատակը պետք է լինի այն, որ մեր զինվոր որդիներն էլ զորացրվելիս իրենց հետ լավ հիշողություններ տուն բերեն: Խորհրդային ժամանակաշրջանը, իր թերություններով հանդերձ, ձևավորել էր քաղաքացի դաստիարակելու համակարգ: Անկախությունը մեզ մեծ հնարավորություններ է տվել, եւ եթե յուրաքանչյուր կառույց ` ընտանիքից մինչեւ դպրոց, պատասխանատվորեն վերաբերվի արժանավոր մարդ, քաղաքացի կրթելու իր առաքելությանը, ապա մենք անպայման կունենանք հայրենիքը սիրող, ազգային արժեքները հարգող ու գնահատող, դրանց պահպանման պատասխանատվությունը գիտակցող զինվորներ:

ԹԵՐԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԴՊՐՈՑԸ

Այսօր երիտասարդների մեծ մասը կարդալ չի սիրում: Դժբախտաբար` շատերը չեն ճանաչում հայոց մեծերին: Վերջերս զրուցում էի մի երիտասարդի հետ եւ զարմանքս ու բարկությունս չկարողացա զսպել, երբ նա չճանաչեց Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար գեներալ Նվեր Սաֆարյանին: Մեծ անելիք ունի ոչ միայն ընտանիքը, այլև դպրոցը:

5-րդ դարում Եղիշեն ասում էր` բոլոր չարիքների սկիզբը տգիտությունն է: Հեռուստաեթերից, հաճախ նաեւ մամուլում, առօրյա մեր կյանքում լսում ենք փողոցային ժարգոն ու գռեհկաբանություն, ինչը հայեցի դաստիարակության պակասի, թերացման հետեւանք է: Իսկ բանակում հատկապես հայհոյախոսության արատավոր սովորությունը հաճախ ցավալի ընդհարումների առիթ է դառնում: Բայց չէ՞ որ հայհոյում է նա, ով տառապում է դաստիարակության պակասից:

ԿԵՂԾ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԵՆՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

Ապագա զինվորները սերիալներ են նայում, որոնցում խրախուսվում է կնոջը ծեծելը, հերոսացվում են թաղային հեղինակությունները: Կեղծ ինքնասիրություն եւ արժանապատվություն է քարոզվում, որի հետեւանքները անկանխատեսելի են: Ես շատ եմ շփվում տղայիս ընկերների հետ, այցելում նաև բանակում ծառայողներին: Մի հետեւություն կարող եմ անել` երիտասարդության փոքր հատվածն է կարծում, որ հասարակության իրական ընտրախավը մտավորականներն են, մինչդեռ մեծ մասը համոզված է, որ՝ թանկարժեք մեքենաներ ունեցող մարդիկ: Երիտասարդն ասում է` բա ամոթ չի՞ բրենդային խանութներից չօգտվեմ, բա ամոթ չի՞ ջիպով դասի չգնամ: Եվ մենք` ծնողներս, փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր երեխան մյուսներից «հետ չմնա», ոչնչով «չզիջի»: Որպես արդյունք` մեր երեխաներին կեղծ արժեքներով ենք դաստիարակում:

Ես ինքս բժիշկների ընտանիքում եմ մեծացել: Մեր ծնողները առավոտից երեկո աշխատում էին, իսկ մենք սովորում էինք. այն ժամանակ հասարակության մեջ դա էր արժեքավոր համարվում. կրթված ու աշխատասեր մարդը արժեք էր, մեծ հեղինակություն էր վայելում: Չի կարելի միանշանակ պնդել, որ այսօր էլ այդպես է:

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է ԾՆՈՒՄ

Փողոցն իր բարքերն է թելադրում, ցավն էլ հենց այն է, որ մենք դա տեսնում եւ ձայն չենք հանում, ամեն ինչ բացատրում ենք «ժամանակները փոխվել են» արտահայտությամբ: Իրականում՝ արժեքներն են խեղաթյուրվել, և ոչ թե ավելի առաջադեմ ենք դարձել:

Եթե ես հանդիպում եմ 12 տարեկան ծխող երեխայի, կանգնում եմ, հետը զրուցում, փորձում եմ բացատրել, որ դա վնաս է, անտարբեր չեմ կարող անցնել: Մենք չպետք է օտարվենք սեփական ժողովրդից ու երկրից, անտարբերությունը չարիք է ծնում: Բայց չէ՞ որ մեր հասարակությունն այդպիսին չի եղել:

Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, Աբովյան քաղաքի հիվանդանոցում վիրաբույժ էի, 1990թ. վիրավորների առաջին ինքնաթիռն ընդունեցինք Շահումյանից, այնուհետեւ որոշեցի ինքնակամ մեկնել ռազմաճակատ: Վիրաբույժները հիմնականում Ստեփանակերտի հոսպիտալում էին, բայց որոշեցի գնալ Մարտակերտ` ճակատային գիծ, որտեղ աշխատեցի որպես հոսպիտալի պետ: Ոչ ոք ռազմաճակատում չգիտեր` օրը կլուսացնի՞, թե՞ ոչ: Անընդհատ ռմբակոծության տակ էինք, բայց երբեք վիրահատարանը չենք լքել: Հիշում եմ` քսանմեկ տարեկան տղա էր վիրավորվել, պետք էր արյուն ներարկել՝ կյանքը փրկելու համար, բայց մարդ չկար, երկու վիրաբույժ էինք` ես ու Կարենը: Պարզեցինք զինվորի արյան խումբը, այն համընկավ Կարենի արյան խմբին: Նա առանց մտածելու 500 միլիլիտր արյուն տվեց, զինվորը փրկվեց: Մի անգամ էլ հերթական ռմբակոծության ժամանակ Կարենն իր մարմնով ծածկեց ինձ` գրադի արկից պաշտպանելու համար: Երբ հարցրի` ինչո՞ւ վտանգեցիր կյանքդ, նա զարմացած ինձ նայեց` իսկ մի՞թե դու էլ նույնը չէիր անի…:

Ինչո՞ւ եմ պատմում այս ամենը: Այսօր մեզ պակասում է սերը մերձավորի հանդեպ, որն էլ մեզ պետք է միավորի մեր ազգային շահի ու պատկանելության շուրջ:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Բանակ և հասարակություն


07/11/2012