ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ
Մանկության տարիներին երկու մարդ էական ազդեցություն են ունեցել իմ հակումների ու կողմնորոշումների վրա՝ մեր ռազմագիտության ուսուցիչը՝ Ֆելիքս Գրիգորյանը, և հայրս (մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը)։ Ռազմագիտությունն իմ ամենասիրած առարկան էր՝ շնորհիվ ուսուցչիս. նա կարողանում էր սեր արթնացնել զենքի, ակնածանք՝ զինվորականների հանդեպ։ Նա կարողանում էր իր աշակերտներին տոգորել հայրենասիրությամբ ու մարդկային առաքինություններով։ Եվ ես երազում էի ռազմագիտության ուսուցիչ դառնալ։ Պակաս հետաքրքիր չէին ֆիզկուլտուրայի դասերը։ Առողջ, ուժեղ, ամուր տղայի կերպարը ձգում էր ինձ, քանի որ մեր ուսուցիչը (հայրս) կարողանում էր իմաստավորել այն՝ իր ուժը հանուն բարության, արդարության, ազնվության օգտագործելու գաղափարով։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալու երազանքս էլ դրանով էր պայմանավորված։ Իմ նախասիրությունների հիմքը ուժ, հայրենասիրություն, բարոյականություն, մարդկային բարձր առաքինություններ սերմանելու ցանկությունն էր։ Ես բնույթով ուսուցիչ եմ, մանկավարժ…
ԵՍ ԶԻՆՎՈՐ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Ես փոխարինեցի իմ ռազմագիտության ուսուցչին, փոխարինեցի՝ բառի ուղղակի և անուղղակի իմաստով։ Փորձեցի շարունակել նրա հաստատած բարի ավանդույթները Սիսիանի թիվ 2 դպրոցում ռազմագիտության ուսուցիչ աշխատելու տարիներին։ Իմ կյանքի լավագույն տարիներն էին, սիրում էի գործս, սիրում էի իմ դասավանդած առարկան, երջանկանում էի, երբ տեսնում էի, թե ինչպես են աշակերտներս փոխվում աչքիս առաջ, ինչպես է փոխվում նրանց մտածելակերպը, ինչպես են ձգտում դեպի հայրենիքի պաշտպանությունը, զինվորական գործը, քաջությունը, ազնվությունը, արժանապատվությունը, ինչպես են դառնում իմ քարոզած գաղափարների կրողները։ Ես շեշտը դնում էի գործնական պարապմունքների վրա։ Ես պատանուց զինվոր էի պատրաստում հայրենիքի համար՝ ֆիզիկապես և հոգեբանորեն։ Այդ տարիներին իմ ամենակարևոր եզրահանգումը այն էր, որ բոլոր գործերի հաջողության երաշխիքը դրանց հոգեբանական կողմը ապահովելն է։ Այսինքն՝ գաղափարական հիմնավորումը։ Ռազմագիտություն առարկան պատկանում է այն առարկաների թվին, որոնք կոչված են աշակերտներին առարկայական գիտելիքներ տալուց առաջ զբաղվել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությամբ։ Իմ առաջին խնդիրը աշակերտին զենքի մասերը, կամ քանդել-հավաքելու ձև սովորեցնելը չէր, այլ բացատրելը, թե ինչու պետք է յուրաքանչյուր հայ տիրապետի զենքին, ինչու պետք է մարդը լինի ուժեղ, ունակ պաշտպանելու իր հայրենիքն ու ժողովրդին, թե ինչ են ազգային ինքնահարգանքն ու ազգային արժանապատվությունը, ինչ են հայրենիքն ու ազգը…
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԶԻՆՎՈՐԸ
Երբ սկսվեց պատերազմը, ես ընդգրկվեցի Սիսիանի կամավորական ջոկատի կազմում։ Այնուհետև, երբ կազմավորվեց ազգային բանակը, ծառայության անցա զինված ուժերում։ Ես պատերազմին մասնակցել եմ որպես կանոնավոր բանակի սպա։ Ես իմ համեստ ավանդն ունեմ բանակաշինության և Արցախյան գոյամարտի մեջ ու պիտի ասեմ, որ մեր բոլոր ջանքերը կանցնեին ապարդյուն, եթե տանուլ տայինք Արցախյան պատերազմը։ Չէինք արձանագրի բանակաշինության ներկայիս հաջողությունները, եթե հայ ընտանիքներում դաստիարակված պատանին՝ զինվորը, չլիներ այդքան խիզախ, հայրենասեր, նվիրված, հասուն։ Ես ապշում էի՝ որտեղից այսքան ուժ, ամրություն, հայրենասիրություն 18-20 տարեկան պատանու մեջ։ Հիասքանչ սերունդ էր, հերոսական սերունդ։ Որի արյունով ներկվեցին Արցախի ազատագրված սահմանները, և որի անօրինակ զրկանքների գնով ազգային բանակը պատվով հաղթահարեց իր կազմավորման սկզբնական փուլի դժվարությունները։ Փա՛ռք հայ զինվորին։ Հայ զինվորը աշխարհի ամենահայրենասեր, տոկուն, քաջ ու կենսունակ զինվորն է։
ԲԱՆԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է
97-ից մինչև 2003-ը ծառայել եմ որպես շտաբի պետի տեղակալ։ Իսկ 2003-ից մինչ 2008-ը ծառայել եմ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ռեժիմի վարչությունում՝ որպես ավագ սպա։ Մարտունակ բանակ ունենալու ամենակարևոր նախադրյալը զինվորի զբաղվածությունն է։ Զինվորի օրվա յուրաքանչյուր րոպեն պետք է ծրագրավորված լինի և խիստ հսկողության տակ։ Զինվորը չպետք է ինքնագործունեությամբ զբաղվելու ժամանակ ունենա։ Նույնիսկ հանգիստն ու ժամանցը պետք է բովանդակալից լինեն, ունենան որոշակի նպատակ, գաղափարական ուղղվածություն։ Սկզբնական շրջանում ռեժիմին ենթարկվելը և ծրագրավորված կյանքով ապրելը զինվորի մեջ դաստիարակում է հրամանին ենթարկվելու, կարգուկանոնը ընդունելու և զինվորական օրենքները հարգելու պատրաստակամություն։ Ռեժիմը և կարգուկանոնը ձևավորում են մտածելակերպ, հոգեբանություն, փոխում են զինվորի վարքը, լավի ու վատի, ճշտի ու սխալի մասին ունեցած պատկերացումները։ Ռեժիմը բանակային կենսակերպի ու բարոյականության գործնական արտահայտությունն է, իսկ բանակային կենսակերպին ու բարոյականությանը պետք է ենթարկվի յուրաքանչյուր զինվոր, այդ դեպքում չեն լինի ոչ կանոնադրային հարաբերություններ, առավել ևս՝ ծանր ելքով դեպքեր։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՇԻ ՆԱԵՎ ՄԵԶ՝ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍԻ
Հիմա, երբ անցել եմ վաստակած հանգստի, ավելի շատ ժամանակ ունեմ հետ նայելու, քննելու անցած տարիները, լավն ու վատը, սխալն ու ճիշտը… մտորելու։ Բնականաբար, գրեթե բոլոր մտքերս պատերազմի, բանակի ու զինծառայության շուրջ են։ Ուզում եմ հասկանալ՝ խորհրդային ինտերնացիոնալիզմով դաստիարակված հայ մարդու մեջ որտեղի՞ց այդ անձնուրաց սերը հայրենիքի հանդեպ, հողի զգացողությունը…. Արցախը չտեսած հայ 18 տարեկան տղան ինչպե՞ս, ինչո՞ւ էր այդքան անձնվիրաբար դիմանում դժվարություններին ու կյանքի գնով պաշտպանում Արցախի սահմանը։ Արցախում հաղթեց մեր բարոյականությունը, ռազմիկի մեր կերպարը…
Մտածում եմ՝ այդ ի՞նչ տիտանական, ահռելի աշխատանք թափեցինք, որ ոչնչից ստեղծվեց այն բանակը, որ ունենք։ 20 տարվա մեջ իրականացրինք 2000 տարվա երազանք։
Պատմության մեջ կմնան անուններ՝ պատերազմի հերոսների, գեներալների, մեծ զործիչների… Բայց պատմությունը կհիշի նաև մեզ՝ որպես անանուն հերոսի, որպես ոգեղեն ժամանակների կերտողի ու կփառաբանի մեր ապրած ժամանակը։
Ուզում եմ, որ իմ համազգեստը ավելի մեծ հեղինակություն ունենա հասարակության մեջ, ավելի շատ հարգվի։ Ուզում եմ՝ բանակը մաքրվի այն սպաներից, ովքեր արատավորում են համազգեստի պատիվը։ Օրերս երթուղային տաքսու մեջ երկտակված մնացի. ջահելներից ոչ մեկը տեղը չզիջեց ինձ։ Այսքան չէի վշտանա, եթե համազգեստով չլինեի։ Իմ համազգեստը՝ պատերազմ անցած, մոտ 20 տարի բանակին ծառայած համազգեստս չհարգվեց։ Ի՞նչ իմանամ, իմ համազգեստը կրող մարդիկ այդ ջահելներից ո՞ր մեկից էին փող վերցրել զորամասում՝ արձակուրդ ուղարկելու համար, կամ ո՞ր մեկն էր տեսել իր հրամանատարի տարբերակված վերաբերմունքը պաշտոնավորի որդու կամ հարուստի տղայի հանդեպ։ Տղաս հաճախ երեսով է տալիս, ասում է՝ ինձ վատ ես դաստիարակել։ Քո դաստիարակությամբ՝ կկորչեմ այս կյանքում։ «Սխալ եմ դաստիարակել»՝ այսինքն՝ սովորեցրել եմ բարություն, ազնվություն, արդարամտություն, թույլի կողքին կանգնելու քաջություն, մեծին հարգելու բարոյականություն… Ուզում եմ, որ նման հատկանիշներով դաստիարակված մարդը չկորչի մեր հասարակության մեջ, այլ կարողանա հաղթել…
…Բարի ծառայություն բոլորին։
Օրերս փոխգնդապետ Վարդան Մկրտչյանը նշեց իր ծննդյան տարեդարձը։ «Հայ զինվորը» շնորհավորում է նրան՝ մաղթելով առողջ ու երկար կյանք։
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Բանակ և հասարակություն