Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ



Հոկտեմբերի 24-25-ը երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և անմիջական օժանդակությամբ, այցելեցին հանրապետության` արևելյան սահմանի մի հատվածի պահպանությունն իրականացնող զորամասերից մեկը։ Դեռևս ճանապարհին, իսկ ես առաջին անգամ էի լրագրողներից կազմված նման «ջոկատի» հետ այցելում սահմանային զորամաս, ինձ հաճելիորեն զարմացրեց հատկապես կին լրագրողների (որոնցից շատերը բանակային կյանքի մասին գրելու փորձառություն արդեն իսկ ունեին)` ժամ առաջ զորամաս հասնելու անթաքույց ձգտումը և զինվորների ու հրամանատարական կազմի հետ հանդիպելու սրտաբուխ ցանկությունը։ Նրանց հետաքրքրում էր ծառայության հետ կապված ամեն ինչ, բացառապես ամեն մանրուք՝ վերկացից մինչև անվանականչ, միջանձնային հարաբերություններից մինչև արձակուրդ, տրվելիք սննդից մինչև հագ ու կապ, վերակարգից մինչև մարտական հերթապահություն, և նաև, թե ինչպես են նորակոչիկները հարմարվել ծառայությանը, ինչպես են նրանց պատրաստում, ինչ դժվարությունների են հանդիպում։

Զորամասը, որտեղ եղանք, փառապանծ մարտական ուղի է անցել` գերությունից ազատագրելով տասնյակ բնակավայրեր։ Բանակաշինության գործում մեծ ներդրում ունեցած զորամասի հրամանատարը գնդապետ Ա. Բուդաղյանն է։

-Նրա օրոք զորամասը հասել է շոշափելի արդյունքների և շարունակում է հուսալիորեն իրականացնել պետական սահմանի անվտանգության պահպանությունը` անվրեպ կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքը։ Զորամասը վերջերս հրամանատարության իրականացրած անակնկալ ստուգման արդյունքում արժանացել է «լավ» գնահատականի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ գնդապետ Ն.Մկրտչյանը։

Մաքրությունն ու կարգապահությունը գնդապետ Ա.Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասում աչք էին շոյում թե՛ մարզավանում, թե՛ շարահրապարակում, ճաշարանում ու զորանոցներում: «Զորամասում զինվորների կենցաղի համար, առանց չափազանցության, ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նրանք միշտ լինեն մաքուր և կոկիկ հագնված,- մեզ հետ զրույցում ասաց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Աղաբեկյանը։

Առավոտյան լրագրողները բաժանվեցին խմբերի և տարբեր ուղղություններով մեկնեցին դիրքեր։ Մեր վեց հոգանոց խումբը, որոնցից երեքը կանայք էին, առաջնագիծ ուղևորվեց զորամասի հրամանատարի ուղեկցությամբ։

-Էլ ի՞նչ գործուղում սահմանամերձ զորամաս, եթե լրագրողը չայցելի մարտական հերթապահություն կատարող զինվորներին, չզրուցի հետները,- ասաց Emedia.am-ի թղթակից Հարություն Մկրտչյանը։

Գնալու էինք համեմատաբար հեռու տեղակայված հենակետեր, դեպի ուր տանող ճանապարհն այնքան էլ անվտանգ չէր, ինչի մասին նախապես զգուշացրեց հրամանատարը։ Հենակետեր տանող ճանապարհի աջ ու ահյակ կողմերում փռվել էին աշնանացանին սպասող հերկված դաշտերը, բերքառատ նռան այգիները, որոնց անուշահամ պտուղներից մենք էլ ճաշակեցինք։

Առաջին հենակետում մեզ դիմավորեցին գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Էրիկ Գրիգորյանը և մարտական դիրքի ավագ կրտսեր սերժանտ Հովհաննես Սուքիասյանը։ Վերջինս, ընդառաջ գալով հրամանատարին, վստահ զեկուցեց. «Պարոն գնդապետ, ջոկը մարտական հերթապահությունը իրականացնում է համաձայն հաստատված գրաֆիկի, մարտական իրադրությունը անփոփոխ է, օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ չեն գրանցվել»։ Կարճատև հարց ու պատասխանից և հենակետում շրջելուց հետո հրամանատարը կարգադրեց մեզ՝ լրագրողներիս հատկացնել զրահաբաճկոններ և սաղավարտներ։

Հաջորդ հենակետը, որտեղ եղանք, թշնամու դիրքերից հեռու էր 200-250 մետր։ Այստեղ, և առհասարակ այս հատվածում, մենք ունենք իշխող դիրք, և դա ադրբեջանցիները լավ են հասկանում։ Երկրորդ հենակետում մեզ դիմավորեց հենակետի պատասխանատու լեյտենանտ Գեղամ Մեսրոպյանը և իրադրության մասին զեկույցից հետո գնդապետի հրահանգով մեզ ուղեկցեց դիրքեր։

-Բոլոր վտանգավոր հենակետերում նշանակված են պատասխանատուներ։ Այստեղի պատասխանատուն լեյտենանտ Մեսրոպյանն է` խոհեմ ու համարձակ սպա, որի ծառայությունից գոհ է հրամանատարությունը,- ասաց գնդապետը և ինձ հրավիրեց մոտակա դիտակետ, որտեղից շատ լավ տեսանելի էր տեղանքը` հակառակորդի հենակետերով հանդերձ։

Հաջորդ դիտակետի դիտորդ շարքային Արտյոմ Զաքարյանը հրամանատարին զեկուցեց, որ իր դիտարկման ժամանակ հակառակորդի ուղղությամբ նկատել է «Զիլ» մակնիշի մեքենա և խրամատում ինժեներական աշխատանք կատարող երկու զինվորի։

-Եվ ի՞նչ միջոցներ ես ձեռք առել,- հետաքրքրվեց փորձառու զինվորականը ու շրջվելով մեր կողմը` շշուկով ասաց. «Սկզբում դժվարանում էր հենակետային ծառայության մեջ, իսկ այսօր արդեն լավագույն դիտորդի համարում ունի»։

-Չհասցրի որևէ բան ձեռնարկել, պարոն գնդապետ, բայց անմիջապես զեկուցեցի հենակետի պատասխանատուին,- առանց վարանելու վրա բերեց շարքային Զաքարյանը։

-Այսպիսի պայծառ զինվորի հետ պատիվ է լուսանկարվելը,- ասացին լրագրող աղջիկները և փարվելով Արտյոմին՝ լուսանկարվեցին։

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԶԻՆՎՈՐԻՆ»

Կեսօրին բոլոր խմբերն արդեն վերադարձել էին զորամաս, որտեղ էլ կայացավ լրագրողների հանդիպումը ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, որը իրեն բնորոշ անմիջականությամբ և անկեղծությամբ ներկայացրեց պաշտպանության բանակի ձեռքբերումները։

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես կին լրագրողներին, որ եկել եք լուսաբանելու պաշտպանության բանակի առօրյան։ Ողջունում եմ ձեզ ձեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ։ Արցախը համայն հայության հայրենիքն է, և առանձնապես, բոլոր հայրենասեր հայերի հայրենիքը։ Երբ ասում ենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը վճռվում է Արցախում, դրանք ամենևին էլ չափազանցված խոսքեր չեն, որովհետև պաշտպանության առումով ամենադժվարին հատվածը այստեղ է, և քանի դեռ չի լուծվել Արցախի խնդիրը, ուրեմն ապահով չի կարող լինել ո՛չ մեր երկիրը և ո՛չ էլ որեւէ հայ։

Այն, ինչ ձեզ ասելու եմ, ասելու եմ անկեղծ։ Նախ` այս տարի ՊԲ համար ամենից կարևոր միջոցառումը մայիսի 9-ի տոնակատարությունն էր` զորահանդեսը, որ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, իր ծավալով, սպառազինության, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև զորքերի և զորատեսակների ընդգրկվածությամբ աննախադեպ էր։ Երկրորդ կարևոր միջոցառումը օրերս ավարտված ՊԲ օպերատիվ մարտավարական զորավարժությունն էր, ինչը ցույց տվեց մեր բանակի առջև դրված խնդիրները ամենաբարձր մակարդակով կատարելու ունակությունն ու պատրաստվածությունը, և որ ամենակարևորն է, դրա ընթացքից ու կազմակերպվածությունից գոհ մնաց գերագույն գլխավոր հրամանատարը։ Զորավարժության ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել այն բոլոր մտահղացումները, որ նախապատրաստել էինք, և մեր զինվորը զորավարժությունից «դուրս եկավ», ես կասեի, հաղթանակած։

…Անցած տարի հակառակորդի դիպուկահարների կրակից ինը զինծառայող է զոհվել։ Մենք հասկացանք, որ մեր զինվորների մարտական հերթապահության իրականացումը անվտանգ չէ, և վիճակը շտկելու համար այս տարի առաջնագծում մեծածավալ աշխատանքներ ենք կատարել։ Այսօր արդեն մեր զինվորները կարող են առանց իրենց կյանքը վտանգելու հանգիստ դիտարկում կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում էլ համարժեք պատասխան տալ։

Հակառակորդն այս տարի թիկունք թափանցելու յոթ փորձ է կատարել, և յոթն էլ կանխվել են, հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի լուրջ կորուստներ։ Մեկ զինվորի կորուստ ենք ունեցել։

Շարունակում ենք ինժեներական արգելափակոցների կատարելագործումը, առաջնագծում նոր համակարգ ենք մտցրել. էլեկտրոնային սարքերով ապահովել ենք առաջին գիծը, որպեսզի դիտորդն իր պարտականությունները ավելի հեշտ կատարի։ Շուտով մարտական հերթապահության մեջ կմտցվի նոր կարգ, ինչը հնարավորություն կտա զինվորին մարտական հերթապահություն կատարել ոչ թե երեք, այլ չորս հերթափոխով, ինչի շնորհիվ զինվորն այսուհետև կքնի չորս ժամ:

Տեխնիկական և թիկունքային ապահովման խնդիրները ամբողջովին լուծված են։ Կադրային հարցեր նույնպես չունենք. պաշտպանության բանակում այսօր չկա դասակի հրամանատարի թափուր պաշտոն։ Բանակի մարտական պատրաստության վիճակը աննախադեպ բարձր է, և ես փոքր-ինչ կասկած չունեմ, որ մեր զինվորը հակառակորդին արժանի հակահարված կտա ցանկացած պահի և ցանկացած պայմաններում։ Նաև կասկած չունեմ, որ մեր զինվորները հակառակորդի խրամատ կհասնեն այն ժամկետում, ինչ ժամկետում կհրամայեն հասնել իրենց հրամանատարները։ Ես վստահ եմ՝ մեր զինվորները մարտի դաշտում գործելու են այնպես, որ հակառակորդը չկարողանա նրանց հայտնաբերել, ընդհակառակը, օգտագործելով խուսավարման մարտավարությունը, իրենք ավելի շուտ կհասնեն հակառակորդի դիրքեր։ Ես հավատում եմ իմ զինվորին:

Իմ գործընկերների շուրթերից մեկ անգամ չէ, որ լսեցի դրվատանքի ջերմ խոսքեր զորամասում տիրող կարգապահության և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին, և նաև, թե զինվորներն իրենց հետ ունեցած առանձնազրույցներում ինչքան լավ են արտահայտվել զորամասի սպաների և հատկապես զորամասի հրամանատարի մասին։ Տեղին է հիշատակել զինվորի մայր, լրագրող Գոհար Փիլթոյանի խոսքը, որ դիրքերից իջնելուց հետո ասաց. «Ես իմ որդու հրամանատարների միջոցով ավելի սիրեցի մեր բանակը, մեջս ավելի ամրապնդվեց վստահությունը մեր բանակի նկատմամբ»։ Եվ իսկապես, բանակի նկատմամբ զինվորի, նրա ծնողի, ժողովրդի հավատը, սերն ու վստահությունը պայմանավորված են նախևառաջ սպայի, հրամանատարի մարդկային ու մասնագիտական արժանիքներով ու որակներով։ Այսօր զինված ուժերում գերակշռում են նվիրյալ սպաներն ու հրամանատարները, որոնք իրենց գիտելիքով ու օրինակելի վարքագծով հիացմունք և հարգանք են առաջացնում թե՛ իրենց անձի ու գործի և թե՛ ամբողջ զինված ուժերի ու նրա գլխավոր հրամանատարության նկատմամբ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԳՈՀԱՐ ՓԻԼԹՈՅԱՆԻ
PANORAMA.AM-Ի

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Բանակ և հասարակություն


07/11/2012