ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ, շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերն են փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել հրադադարի ռեժիմը:
Ըստ ՊՆ մամուլի քարտուղարի՝ ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող էին հայտնվել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այն կորուստների հետևանքով, որոնք կրել են ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն գործողությունների ընթացքում:
«Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար»,- ասել է Դ.Կարապետյանը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը: