Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵ, ԵՐԳԻ՛Ր, ԱՐԱՔՍ…



Պատմում է Ջեմմա Հովհաննիսյանը

-Թշնամին խուճապահար նահանջում էր։ Եկել, դեմ էր առել Արաքսին, սակայն այս անգամ «Արազը ծովը, Արազը ելման» չէր, ու թշնամին ծանծաղուտով անցնում էր մյուս ափը, անցնում էր Պարսկաստանի սահմանը։ Մեր պատմական Կովսական գավառում էինք (Հորադիզ) ու այդտեղից էլ դուրս էինք եկել հասել Արաքսի ափը։ Մեր գյուղը՝ Փոքր Վեդին, գտնվում է Մայր գետի ափին, ու ես հաճախ եմ հեռվից նայել, տեսել գետի գարնանային վարարումները, սակայն հայտնի է, որ խորհրդային ժամանակներում դժվար էր մոտենալ գետին, չէր թույլատրվում։ Ու հիմա Արաքսի կարոտով լցված իմ հոգին միայն բանաստեղծություններում, երգերում ամեն հայի գերող գետի ափին է։ Թշնամին անցել է գետն ու փախել-անէացել է։ Կռանում-լվացվում եմ Արաքսի ջրերով, որն այնքա՜ն նման է հոգևոր մկրտությանը։ Հոգիս ցնծում է, ու երգում եմ.

-Դե երգիր, Արազ, իմ բախտ, իմ երազ,

Հեյ Արազ, դե երգիր կարոտն իմ, դու իմ մտերիմ…

Պահը շատ է կախարդական, անմեկին։ Ասես ժամանակը կանգ է առել ու մնացել են Արաքսի եղեգների ձյանն ու մեկ էլ իմ երգը։ Զգացի, որ մեկն ինձ ձայնակցում է։ Շուռ եկա՝ 20-ը նոր բոլորած մեր Գառնիկն էր։ Մեծ Թաղլար գյուղից։ Ու միասին սկսեցինք երգել։ Հաղթանակը հեշտությամբ չէր տրվել մեզ՝ զոհեր, վիրավորներ ունեինք, ու երգի հետ արցունքներ էին թափվում մեր աչքերից…

Մեկ ամիս անց ես ծանր վիրավորվեցի, և ինձ տեղափոխեցին հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց, երբ քիչ կազդուրվել ու դուրս էի եկել միջանցք, մեկ էլ միջանցքի մյուս ծայրում հաշմասայլակին նստած վիրավորը ինձ ձեռքով ողջունեց։ Ես չճանաչեցի։ Մեկ էլ վիրավորը սկսեց երգել.

-Դե, երգիր, Արազ, իմ բախտ, իմ երազ…

Հետո գլխավերևում ճերմակ մազերով կնոջը (հետո պարզվեց՝ մայրն է) ինչ-որ բառեր էր ասում՝ ձեռքն իմ կողմը մեկնած։ Ու մայրը դանդաղ հրեց սայլակը, և նրանք մոտեցան ինձ։

Գառնիկն էր, 20-ը նոր բոլորած Գառնիկը, Մեծ Թաղլար գյուղից։ Երկու ոտքը կտրված էր։ Երգում էր ու դանդաղ մոտենում… Արցունքներ էին թափվում աչքերից, հորդ արցունքի կաթիլներ։ Ես փորձեցի նրան ձայնակցել, չկարողացա։ Իմ աչքերից նույնպես առատ հոսում էին արցունքները։

Կռացա, փաթաթվեցի, գրկեցի, համբուրեցի.

-Գառնի՛կ ջան, տղա՛ս, զավա՛կս, այս ե՞րբ, ինչպե՞ս…

Ոչինչ չէր լսում։ Երգի հնչյուններն էին տարածվել հոսպիտալի միջանցքում ու բաց սենյակներում.

-Դե, երգիր, Արազ, իմ բախտ, իմ երազ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Հոգևոր-մշակութային


14/11/2012