Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԺԱՆՏ ՄԱՐՏԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Փոխգնդապետ Է. Օհանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի սերժանտական խորհրդի նախագահն է։ Նա հրաձգային ջոկի հրամանատար է և արդեն մի քանի տասնյակ մարտական հերթապահություն է կատարել։ Շուտով կլրանա նրա ծառայության ժամկետը, և նա կզորացրվի, սակայն զորամասի հետ կապը չի ընդհատվի, որովհետև այս տարվա գարնանային զորակոչի ընթացքում նրան փոխարինելու է եկել փոքր եղբայրը՝ Արմենը։ Մարտինը քսան տարեկան է։ Դպրոցից հետո ընդունվել է սննդի քոլեջ, մի քանի ամիս սովորել ու զորակոչվել է բանակ։

-Եթե համեմատելու լինենք առաջնագծի և զորամասի զինվորական առօրյան, ապա պետք է նկատենք, որ առաջնագծում զինվորն ավելի հանգիստ է, որովհետև պարապմունքները, վարժանքներն այնտեղ հասցված են նվազագույնի։ Զինվորները հերթով դիտարկումներ են կատարում ու հերթով էլ հանգստանում։ Ջոկի հրամանատարը պարտականությունները կատարելիս պետք է շատ խիստ և ուշադիր լինի, որպեսզի ծառայական կարգապահության, անվտանգության կանոնների խախտման դեպքեր չլինեն։ Ճիշտ է՝ հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, բայց դրանք զինվորների համար նորություն չեն, և նրանք էլի ձգտում են դեպի առաջնագիծ։ Լավ սերժանտը նա է, ով ջոկի զինվորներին թույլ չի տալիս առաջնագծում ինքնագլուխ քայլեր անել։

Մարտին Խաչատրյանը նաև իրավական ակտիվի անդամ է։ Խոսելով ակտիվի աշխատանքների մասին՝ նա ասաց.

-Համագործակցում ենք գումարտակի բոլոր վաշտերի սերժանտների, ակտիվների հետ և անընդհատ խախտումները նվազեցնելու, կարգապահությունը բարձրացնելու ուղիներ որոնում։ Որքան հետաքրքիր է լինում զինվորների առօրյան, այնքան նվազում են խախտումները, անցանկալի միջադեպերը։ Լինում են զինվորներ, որոնց հետ անհատական աշխատանք ենք տանում, օրինակ՝ մեր դասակում եղել է արտերկրից եկած զինվոր, որը հայերեն գրել-կարդալ չի իմացել, և մենք նրան սովորեցրել ենք։ Աշխատում ենք, որքան հնարավոր է, շատ մարդ ներգրավել գումարտակի հասարակական աշխատանքներում։ Ձևավորում ենք զորանոցները, հրատարակում ենք պատի թերթ, մեկ շաբաթ առաջ անցկացվեց շարադրության մրցույթ «Իմ հայրենիքը» թեմայով, մեր գումարտակը բավական լավ արդյունք ցույց տվեց։ Մի խոսքով, աշխատանք միշտ կա…

Սերժանտ Մարտին Խաչատրյանը միավորման հրամանատարի հրամանով ճանաչվել է «Տարվա լավագույն սերժանտ», մարտական հերթապահությունն անթերի կատարելու համար զորամասի հրամանատար փոխգնդապետ Կ. Իշխանյանի կողմից խրախուսվել է պատվոգրով, իսկ գումարտակի հրամանատարը զինվորի ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել։ Շնորհակալական նամակ է ուղարկվել նաև Մարտինի եղբորը՝ շարքային Արմեն Խաչատրյանին, ծառայության հինգ ամիսների ընթացքում իրեն լավագույն կողմերով դրսևորելու ու խրախուսանքի արժանանալու առիթով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ազգային բանակ


14/11/2012