ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՈԼԻԲՐԻ
Ամերիկյան «AeroVironment» ընկերությունը (Մոնրովիա, Կալիֆոռնիա) որակական նոր աստիճանի է հասել կոլիբրի թռչունի արտաքինն ու չափերն ունեցող թռչող սարքի ստեղծման ճանապարհին. այժմ թռչող սարքը կարողանում է, երկու թևերն արագորեն թափահարելով, առաջ ու հետ թռչել` մտնել-ելնելով սովորական դռան չափերն ունեցող բացվածքի միջով, ինչպես նաև հարկ եղած տեղում օդում անշարժ մնալ:
Ինքնաթիռի նախատիպի թևերի բացվածքը 16 սմ է, կշռում է 19 գ (առանց մարտկոցի), կարող է շարժվել 17.6 կմ/ժ արագությամբ և, որպես օգտակար բեռ, կրել տեսախցիկ: Սարքն օժտված է նաև էլեկտրաշարժիչով ու կապի համակարգով:
«Նանո-օդանավեր» կոչվող ծրագրի մաս կազմող այս նախագծի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալությունն է` DARPA-ն: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, և արդեն իսկ արձանագրված հաջողությունը լավատեսություն է ներշնչում նախագծի մասնակիցներին: Նրանք կարծում են, որ նոր դարաշրջան է սկսվում փոքր թռչունների ճարպկությամբ օժտված անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործում: