Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ…



Գրիգոր Զոհրապն ասում էր. «Կարեւորը ոչ միայն տեսնելն է, այլեւ տեսցնելը»։ Այս խոսքերը կարծես հենց հայտնի ֆոտոլրագրող ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ (ՀԱԿԲԵՐԻ) լուսանկարների մասին լինեն։ Սրանք լոկ համր լուսանկարներ չեն. ամեն մի պատկերի մեջ զգում ես կենդանի բաբախը, կյանքը՝ իր գունային ողջ նրբերանգներով։ Նուրբ դիտողականություն, սուր աչք, պահը հրաշալիորեն որսալու բացառիկ ունակություն, անմիջականություն, մեծ փորձ, արվեստագետին հատուկ նուրբ զգացողություն… մի խոսքով՝ բարձր պրոֆեսիոնալիզմ։

Հակոբ Բերբերյանը ծնվել է 1954թ. Երևանում, հայրենապաշտ հայի ընտանիքում։ Հարազատները հազար ու մի դառնություն են տեսել, բռնադատում, բայց երբեք ատելությունը չի սողոսկել, բուն չի դրել նրանց սրտերում, սեփական երկրի հանդեպ մի պուտ անգամ չի պակասել հարգանքն ու սերը։ Ու նույն ոգով դաստիարակել են զավակներին։ Ծնողներից բացի, երեք մարդ հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Հակբերի մտածողության, աշխարհընկալման վրա՝ իր դասախոսը՝ Նիկոլայ Թումասովը՝ Ուսուցիչը (ֆոտոլրագրողը մեծարանքով այդպես է միշտ դիմել նրան), Լենինգրադում կրթություն ստացած ինժեներ քեռին ու հայրական տատը։ Տա՜տը… Ի՜նչ ջերմությամբ է ֆոտոլրագրողը պատմում նրա մասին։ «200 որբ է փրկել, բայց իր զավակներին է կորցրել էն դաժան-դաժան տարիներին։ Միայն որդին է ողջ մնացել»,- հետո Հակբերը հիշում է տատի պատմությունը Անդրանիկի հետ հանդիպման ու այնքան գունեղ ու կենդանի ներկայացնում, որ ես ակամա կարծես տեսնում եմ այդ ամենը, անգամ լսում տատի ձայնը՝ «Անդրանիկ, էս որբեր սոված են», ու Անդրանիկը մի պարկ փող թողեց ու ասաց՝ որբերին կկերակրեք»…

-Տատս լուսանկարիչ պապիս մասին առանձնակի ակնածանքով էր խոսում,- հիշում է Հակբերը,- ես չեմ տեսել նրան, բայց տատս ասում էր, որ շատ-շատ նման եմ նրան, և ուզում էր, որ նրա գործը շարունակեի»։

Ու մի օր թոռանը «իՏՐՍՌռ հ» ֆոտոապարատ նվիրեց։ Այն ժամանակների համար մեծ շքեղություն էր դա, այն էլ՝ 12-13 տարեկան երեխայի համար։

-Պատյանի կաշվի հոտից խենթացա, գժվեցի, գերմանական «Լեյկայի» ռուսական տարբերակն էր։ Ինչքա՜ն ուրախ էի,- թախծախառն ժպիտով հիշում է Հակբերը,- բայց տարօրինակ մի զգացողություն էլ էր. էդ ուրախության հետ տատս ուսերիս ասես մի բեռ պատասխանատվություն էլ դրեց…

♦♦♦

Հակբերը պատանեկան տարիներից հարվածային գործիքներ էր նվագում։ Դպրոցից հետո ընդունվեց Երևանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Միաժամանակ Ալիկ Դիվանյանի ղեկավարած «Արեգակ» համույթի կազմում հանդես էր գալիս համերգներով։

-Ե՛վ երաժշտությունը, և՛ տեխնիկան ինձ համար հավասար հարթությունում են։ Երկուսն էլ հավասարաչափ սիրում եմ։

Հարևանուհու՝ տիկին Լյուդմիլայի տանը հաճախ էին հավաքվում հանրապետությունում ճանաչված լրագրողներն ու քննարկում հետաքրքիր թեմաներ։ Հակբերը կլանված լսում էր նրանց զրույցները։ Երևի հենց այս ամենն էլ առիթ հանդիսացավ, որ 27-ամյա Հակոբը հանկարծ մտափոխվեց ու որոշեց այդուհետ ֆոտոլրագրությամբ զբաղվել (դե, լուսանկարելու փորձ, բնականաբար, հին օրերից ուներ)։ Ու արդեն 30 տարուց ավելի զբաղվում է իր սիրած մասնագիտությամբ. աշխատել է «Երեկոյան Երևան», «Կոմունիստ», «Գոլոս Արմենիի», «Ազատամարտ», «Հայոց աշխարհ», «Տոտալ ֆուտբոլ» թերթերում, «Արմենպրես», «Արմինֆո» լրատվական գործակալություններում, եղել է «Ֆրանսպրեսի» և «Ասոշիեյթիդ պրեսի» ֆոտոթղթակիցը Հայաստանում…

Իսկ տեխնիկական կրթությո՞ւնն ու երաժշտությո՞ւնը. դրանք է՛լ ավելի լրացրին ու հարստացրին ֆոտոլրագրողի վարպետությունը։

Ժամանակը՝ նկարների մեջ

«Լուսանկարը վավերագիր է, որը դիտելիս աչք ու սիրտ ունեցողը սկսում է զգալ ու հասկանալ, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ հարթ ու սահուն է»։
Ռ. Կապա

1988-ից հետո Հայաստան աշխարհում ամեն ինչ փոխվեց. երկրաշարժ, ազատամարտ, տեղահանում, փախստականներ, ժողովրդի առջև ծառացած սոցիալական բազում խնդիրներ։ Մաքառումի, ցավի, տառապանքի, պայքարի ու ոգեղենության տարիներ էին։ Այս ամենը արձանագրել է Հակբերի ֆոտոխցիկը, և լուսանկարներն ավելի խոսուն են, քան բառերը։

-Երկրաշարժի ժամանակ Սպիտակում էի, փորձում էի նկարել, սակայն արցունքներս չէի կարողանում զսպել։ Մի քայլ այն կողմ էի գնում, որ մի փոքր ուշքի գամ, բայց ամեն քայլափոխի վիշտ էր, սուգ, կորուստ ու ցավ։ Հայրը մահացած որդուն գրկած մոլոր քայլում էր… Ուժ չունեի, անկարող էի դիմացից նկարելու, հետևից նկարեցի վշտից ու ցավից կորացած մարդուն… Երկրաշարժը միայն տները չավերեց, մեր սրտերն ու հոգիներն էլ ավերակեց…

Երկրաշարժից հետո Հայաստանի և Արցախի վիճակն է՛լ ավելի ծանրացավ։ Սահմանամերձ տարածքներում անվերահսկելի իրավիճակ էր տիրում։ Թշնամու հարձակումները կասեցնելու համար ջոկատներ էին ստեղծվում։

-Ինքնապաշտպանական ջոկատների ազատամարտիկներից շատերին եմ հանդիպել, զրուցել հետները ու լուսանկարել նրանց,- ասում է Հակբերը,- ի՜նչ տղաներ էին՝ խենթ ու նվիրյալ։ Ափսոս, շատերը զոհվեցին՝ Դուշմանը, Պետոն… Ամեն մեկը քայլող մի լեգենդ էր, ասք ու առասպել։ Այս լուսանկարը Լաչինի ազատագրման օրն եմ նկարել։ Մոտս ժապավեն չէր մնացել։ Պատահաբար այնտեղ հանդիպեցի հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանին ու հենց նրանից էլ ժապավեն խնդրեցի։ 1992թ. մայիսի 18-ն էր։ Լաչինի կենտրոնում էինք։ Հաղթել էին մեր տղերքը ու խանդավառ, ոգևորված երգում էին։ Նրանցից մեկը՝ Արայիկը՝ Մենավոր գայլը, երգի ռիթմով ձեռքը թափ էր տալիս ու քթի տակ դնդնում։ Դեմքը երևի հոգնածությունից մի քիչ տխուր տեսք ուներ։ «Ժպտա՛,- ասի,- հաղթող ես»,- և լուսանկարչական ապարատս գործի դրեցի։ Ու հենց էդպես՝ ձեռքը պարզած էլ ժպտաց, և լավ նկար ստացվեց։ Նկարին անուն դրեցի՝ հայկական Չե Գևարա (մի քիչ նման է)։ Տասը տարի հետո Լաչինում, հենց նույն տեղում հանդիպեցի հայ Չե Գևարային ու էլի նկարեցի։ Ժամանակի այս խելահեղ թռիչքի մեջ ինչքա՜ն բան էր փոխվել, աշխարհն էր փոխվել, արժեքները…

Երբեմն էլ Հակբերը լուսանկարելով այնքան էր տարվում, որ մոռանում էր ամեն տեսակ զգուշություն։ «Ինձ Ֆիզուլիից հանեցին, հետ տարան։ Չէի էլ զգացել, որ առաջին գծում զորքից, տանկից առաջ էի ընկել… Շուշիի ազատագրումն էլ եմ նկարել։ Տնեցիներին չէի էլ զգուշացրել, թե ուր եմ գնում։ Հոգնած, բայց ուրախ սրտով տուն եմ մտնում, ու մայրս ընդառաջ է գալիս՝ շտապելով ավետիս տալ.

-Գիտե՞ս, Շուշին ազատագրել ենք։

-Գիտե՛մ,- ասում եմ,- ահա՛ լուսանկարները…

Պատերազմական ժամանակաշրջանից լուսանկարներ շատ կան։ Մեր ֆոտոլրագրող տղերքը ընտիր նկարներ են արել, ամեն մեկը մի պատմություն է, բայց, միևնույն է, քիչ ենք լուսանկարել. Արցախյան պատերազմի հերոսականությունը շատ ավելի պիտի լուսաբանվեր։ Լուսանկարչությունը քարոզչության հզոր միջոց է։ Պետք է կարողանանք ճիշտ և տեղին օգտագործել,- նշում է Հակբերը, իսկ ես այդ պահին նայում եմ նրա լուսանկարներից մեկը՝ «Հողի իսկական տերը» (սևանցի Սամվելի նկարն է,- ասում է Հակբերը). արևից ու քամուց կոշտացած դեմքով, սեփական հողի համար կռիվ տվող ու հողին տեր կանգնող ազատամարտիկի, զինվորի, հայի կերպար է։ Իրո՛ք, լուսանկարչությունը քարոզչության հզոր միջոց է, և այն թարգմանելու կարիք չունի։

♦♦♦

Հակոբ Բերբերյանը մասնակցել և մասնակցում է տարբեր ֆոտոցուցահանդեսների՝ նվիրված հայոց հոգևոր մշակույթին, անկախությանը, հայոց բանակին, եղեռնին։ Բազմաթիվ գրքերում են զետեղված նրա լուսանկարները։ Ռուս գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին գիրք է հրատարակում՝ «Արցախի հոգևոր արժեքները»՝ Արցախ աշխարհի հոգևոր մշակույթն է ներկայացվում, արցախյան հին ձեռագրերն ու մանրանկարչության դպրոցը, բազմաթիվ եկեղեցիներ ու մատուռներ, որտեղ Սուրբ գրքեր են գրվել և պահվել։ Այս գրքի լուսանկարները ևս Հակբերի ձեռքի գործն են։ Անհանգիստ, ըմբոստ, պրպտուն բնավորություն ունի Հակբերը, միշտ ձգտում է ինքնակատարելագործվելու, խառնվածքով իսկական լրագրող է։

Այսօր ֆոտոլրագրողը տարիների կուտակած իր փորձն է դասավանդում «Գլաձոր» և «Գալիք» համալսարաններում, աշխատում է «Մեդիա Սթայլ» ընկերության Armspot.am կայքում, մարզական հիանալի ակնթարթներ «որսում»։ Միշտ մեկ ժամ շուտ է գնում մարզադաշտ և ամենավերջինը դուրս գալիս…

-Տատիկիս նվիրած «իՏՐՍՌռ հ»-ով առաջին հաջող լուսանկարը, որ ստացվեց ամբողջ ժապավենից, մեր բակի ֆուտբոլային խաղն էր։ Այսօր էլ եմ ֆուտբոլ նկարում։ Երևի կյանքում ոչինչ պատահական չի լինում… Տատիս երազանքն էլ իրականություն դարձավ՝ շարունակեցի պապիս գործը։ Մնում է իմ երազանքն իրականանա՝ շատ եմ ուզում հրաշալի մասնագետներով համալրված մի լավ գործակալություն ունենալ։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/11/2012