Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ



Սիրիական պատերազմի պատճառով շատ սիրիահայեր են հեռանում իրենց երկրից, իսկ ոմանք էլ ցանկանում են բնակություն հաստատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Արդեն 20-ից ավելի ընտանիքներ են տեղափոխվել Քաշաթաղ, և այդ կապակցությամբ շրջանի Կովսական քաղաքում նրանց համար արդեն երկրորդ բազմաբնակարան տունն է կառուցվում: Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի և «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Միրզոյանի հետ մեկնում ենք Կովսական: Ճանապարհին այցելում ենք Հակարի գետի աջ ափին գտնվող Ծաղկաբերդի մոտակա պատմական Քրոնքի վանք կոչվող ժայռափոր եկեղեցի. կա նպատակ վերականգնելու վթարային վիճակում գտնվող սրբավայրը: Գետի աջափնյա ճանապարհով հասնում եմք Մարտունաշենի դպրոց, որի մոտ վերակառուցվում է մոտ 100-150 մետր ջրատար: Աշխատանքներն իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ն: Արդեն ավարտին է մոտենում մանկապարտեզի շենքի կառուցումը, և մի խումբ երեխաներ խաղում էին կառուցվող շենքի մոտ: Զրուցում եմ նրանց հետ. ուրախ են, որ խաղահրապարակ էլ կունենան:

8-9 ընտանիքներ կարող են բնակվել կառուցվող բազմաբնակարան շենքում: Պատերն արդեն պատրաստ են, իսկ վարպետները կտուրն էին կապում: Վերամբարձ կռունկն էլ շինանյութն էր մատակարարում: Շտապել է պետք. ընտանիքներին պետք է տեղավորել: Շենքի շինարարությունն իրականացվում է շրջվարչակազմը «Քաշաթաղ» հիմնադրամի միջոցներով: Վարչակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանն ասում է, որ աշխատանքներն անձամբ է վերահսկում: Հույս կա, որ մի ամսից տունը պատրաստ կլինի: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Միրզոյանի հետ եղանք Կովսականի մոտակա սարահարթում, որտեղ բազում աղբյուրներ ժամանակին խմելու ջուր են մատակարարել քաղաքին: Պետք է մաքրվեն ավազանները, և գցվի նոր խողովակաշար: Ըստ Աշոտ Միրզոյանի՝ եթե ամբողջ ջուրը կարողանան տեղ հասցնել, Միջնավան քաղաքին էլ կարող են խմելու ջուր հատկացնել:

Վերադառնում ենք Կովսական, հանդիպում սիրիահայերի հետ, զրուցում: Պատրաստվում են աշնանացանի: Հերկի աշխատանքներն արդեն կատարել են, տեղեկացնում է Ժիրայրը, որ արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Կովսականում և զբաղվում հողագործությամբ: Նորեկ բնակիչներից մեկն իր որդու հետ իրենց հատկացրած տունն է նորոգում, որ ընտանիքի մնացած անդամներին էլ բերի: Տխուր են, որ պատերազմ է իրենց ծննդավայր-երկրում, որ քայքայվում է հայկական համայնքը, բայց գոհ են՝ հայրենիք են հասել և շուտով բնակարան կունենան: Մայրամուտին հրաժեշտ ենք տալիս նորաբնակ մեր հայրենակիցներին, շինարարներին և առաջին դասարանցի Արայիկ Օհանյանին, որն իր հեծանիվով պտտվում էր մոտակայքում:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/11/2012