ՇԱՐՔԱՅԻՆ ՆԱՐԵԿ ԿՈՒՉԱՏՅԱՆԸ
Նա զբաղեցնում է շտաբի գրագիր-գծագրողի հաստիքը։ Առաջին հայացքից թվում է, թե զինվորին հեշտ ծառայություն է բաժին հասել։ Բայց ոչ, իրականում սա շատ լուրջ, գրեթե սպայական աշխատանք է. գծագրեր, աշխատանքային քարտեզների վրա նշումներ, պաշտոնական փաստաթղթերի պատրաստում… Նա միշտ զբաղված է։ Ինչ-որ բան համակարգչում կամ գրանցման մատյանում գտնել, ճշտել պետք չէ, զինվորն ամեն ինչի տեղը գիտի, ամեն ինչ հիշում է, և սպաներն անմիջապես ստանում են անհրաժեշտ փաստաթղթերը, քարտեզները, գծագրերը։ Մի քանի օրվա համատեղ աշխատանքից հետո հարցրի նրան.
-Որտե՞ղ ես սովորել։
-2010թ. ավարտել եմ հայկական պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետը։
-Չե՞ս ուզում մնալ բանակում, սպա դառնալ։
-Նման առաջարկներ, խորհուրդներ էլի եմ ստացել, բայց դեռ չեմ կողմնորոշվել։
-Ազգանունդ հետաքրքիր է, ի՞նչ ծագում ունի։
-Իմ նախնիները հին կոստանդնուպոլսեցիներ (Ստամբուլ) են, եղել են հայտնի մսագործներ, խորոված պատրաստողներ, Բուջատյան ազգանունով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, բանակի գրագիրը Բուջատյանի փոխարեն գրել է Կուչատյան, ու այժմ մեր ազգում ութ հոգով այս ազգանունն ունենք, մյուսները Բուջատյան են։ Ի դեպ, խորոված անելու վարպետությունը պահպանվել է, ինձ մոտ էլ է լավ ստացվում, որ զորացրվեմ, Ձեզ կհրավիրեմ, կհամոզվեք։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան