«ՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԶԻՆՎՈՐ ԿՄՆԱՄ…»
Ավագ սերժանտ Արթուր Բաղդասարյանին հանդիպեցի սերժանտական խորհրդի հետ անցկացված շաբաթական ժողովից հետո: Զորամասում զինվորները զբաղված էին իրենց հատկացված սպառազինության և տեխնիկայի խնամքով: Հարմար պահ էր` զրույց ունենալու ջոկի հրամանատարի հետ, որի ծառայության մասին գովասանքով էին արտահայտվել ավագ հրամանատարները, զինակից ընկերները:
Ծնվել է 1992թ., Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ագրարային համալսարան, 2-րդ կուրսից զորակոչվել է ազգային բանակ և ծառայության անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում` որպես 2-րդ հրաձգային գումարտակի դասակի հրամանատարի տեղակալ: Կարճ ժամանակում դրսևորելով ծառայական բարձր կարգապահություն և հմտություն, նրան շնորհվել է սերժանտի կոչում, ապա` ավագ սերժանտի: Լինելով զորամասի սերժանտական խորհրդի անդամ` 3 ամիս է, ինչ նրան է վստահվել սերժանտական խորհրդի նախագահի պարտականությունը, որը, ջոկի հրամանատարի խոսքերով` ոչ միայն հպարտություն, այլև պարտավորվածություն և մեծ պատասխանատվություն է պահանջում:
Արդեն մեկ տարի երեք ամիս է, ինչ ջոկի հրամանատար է: Բանակային զորամիավորման, զորամասի հրամանատարության կողմից արժանացել է «Բարեխիղճ ծառայության համար» պատվոգրի, շնորհակալագրի, իսկ պաշտպանության նախարարը սերժանտական խորհրդի նախագահների, զինծառայողների մասնակցությամբ հրավիրված կոլեգիայի ժամանակ նրան անձամբ խրախուսել է ժամացույցով:
Կատարված աշխատանքների, ծառայության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերահսկողության, սերժանտ-շարքային փոխհարաբերությունների մասին տրված հարցերիս սերժանտական խորհրդի նախագահը պատասխանում է կշռադատված, առանց գունազարդման և չափազանցության: Ավագ սերժանտի հետ զրույցը շատ ավելի նման էր ինքն իր առաջ հաշվետու լինելու, ինքն իր հետ անկեղծանալու:
«Երկու ամիս հետո զորացրվելու եմ: Ակամա ետ եմ նայում և ինքս ինձ չեմ ճանաչում: Շատ եմ փոխվել: Փոխվել է աշխարհայացքս, փոխվել են պատկերացումներս հայրենիքի, հայրենասիրության մասին: Կոփվել-ամրապնդվել եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Ճիշտ է, կամավոր եմ դիմում գրել, որ ինձ ժամկետից շուտ զորակոչեն (կարող էի համալսարանն ավարտել), բայց լիարժեք չէի պատկերացնում` ինչ է ազգային բանակը: Միշտ էլ զարմացել եմ այն երիտասարդների վրա, ովքեր այս կամ այն պատրվակով փորձել են խուսափել ծառայությունից. եթե տղամարդ ես` պետք է քո պարտքը կատարես հայրենիքի հանդեպ: Այլապես ողջ կյանքում երբեք չես կայանա որպես տղամարդ և մարդ առհասարակ: Նմանները չարիք են հասարակության, իրենց իսկ շրջապատի համար: Միայն բանակում հասկացա` ով եմ, ինչի եմ կոչված և ինչ արժանիքներ ունեմ: Բանակը մի մեծ հայելի է, որի միջոցով բացահայտում ենք ինքներս մեզ՝ մեր հոգու խորքը,- անկեղծանում է Արթուրը և շարունակում: -Մեկ տարի 10 ամիս է, ինչ ծառայում եմ այս զորամասում: Ունեմ ձեռքբերումներ, սերժանտական խորհրդի նախագահն եմ, ջոկի հրամանատար: Ինձ հարգում են զինակից ընկերներս, հրամանատարական կազմը: Կարգապահական որևէ կոպիտ խախտում թույլ չեմ տվել ծառայությանս ընթացքում: Ջոկում տիրում են ընկերական փոխհարաբերություններ: Բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ է, ինչն էլ հրամանատարական կազմի հետ համախումբ, փոխկապակցված և ներդաշնակ աշխատանքի արդյունք է: Ստորին օղակներից որևէ մեկում եթե խնդիր է առաջանում` կենցաղային կամ հոգեբանական, քննարկում և շտկում ենք հենց ջոկի ներսում կամ սերժանտական խորհրդի ժողովների ժամանակ: Երբեմն, ինքներս մեզ օգնելու նպատակով, մեր խնդիրները կարող ենք միջնորդագրերով ներկայացնել ավագ հրամանատարներին: Փախուստ, ծեծկռտուք, վեճ իմ ծառայության ընթացքում չեն գրանցվել: Չեմ հիշում նման կոպիտ խախտումներ նաև մյուս ջոկերում: Զորամասը, առհասարակ, մի կուռ, հզոր կառույց է, որն անցել է մարտական փառավոր ուղի, կոփվել պատերազմական բոցերում, ձեռք բերել բարի անուն և ավանդույթներ, որոնք պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք, ով ծառայում է և կծառայի մեր զորամասում:
Լավագույն ջոկերից են ձևավորում լավագույն դասակներն ու վաշտերը՝ ողջ զորամասը: Ահա թե ինչ պետք է գիտակցենք մենք` ջոկերի հրամանատարներս, սերժանտական կազմը, որոնց աշխատանքից անկեղծորեն գոհ եմ: Ամեն շաբաթ սերժանտական խորհրդի հետ անցկացվում են գումարտակի ժողովներ` տարբեր խնդիրների շուրջ. զինծառայողների միջանձնային հարաբերություններ, կարգապահական խախտումներ, արձանագրված բացասական երևույթներ, օրվա կարգացուցակի ճշգրիտ կատարում և այլն: Ժողովների ժամանակ քննարկում ենք զինծառայողների խորհրդին հասցեագրված դիմում-բողոք-առաջարկները, անպայման ընթացք տալիս մեր իրավասության շրջանակներում կամ, հարկ եղած դեպքում, կայացրած որոշումով դիմում ենք զորամասի հրամանատարությանը: Ուսումնասիրում ենք զինծառայողների անհատական խնդիրները, նեղ անձնական կարիքները՝ հիգիենայից սկսած մինչև վերակարգ…
Կցանկանայի նշել նաև սերժանտական խորհրդի նախագահի տեղակալ սերժանտ Արմեն Հակոբյանի, քարտուղար ավագ սերժանտ Գևորգ Մալխասյանի, խորհրդի անդամ-սերժանտներ՝ Արթուր Առաքելյանի, Ռոբերտ Կարապետյանի, Արա Ադիխանյանի և մյուսների համախմբված աշխատանքը։ Նրանք էլ իրենց ստորաբաժանումներում աշխատանքներ են ծավալում և գրանցում գոհացուցիչ արդյունքներ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ հրաձգային ջոկում իմ ծառայության և հրամանատարության ընթացքում կարգապահական այնպիսի խախտումներ, ինչպիսիք են վիրավորանքը, նվաստացումը, կոպտությունը չեն արձանագրվել: Եվ դա էլ հենց կրտսեր և ավագ հրամանատարների համատեղ աշխատանքի, ծառայությանը ողջ պատսխանատվությամբ նվիրվելու արդյունք է»:
Ինձ համար անչափ հաճելի էր գործ ունենալ իսկապես բանիմաց, մարդկային բարձր հատկանիշներով օժտված հայոց բանակի ավագ սերժանտի հետ, որին ամենևին էլ խորթ չէին իր զինակիցների մտածումներն ու հոգսերը։
Եվ երբ հարցրի՝ ի՞նչ է անելու, ինչո՞վ է զբաղվելու զորացրվելուց հետո, ավագ սերժանտ Արթուր Բաղդասարյանը նույնպիսի կշռադատված պատասխան տվեց.
-Կշարունակեմ ուսումս, կփորձեմ անձնական կյանքում զարգացնել բոլոր այն մարդկային ու տղամարդկային որակները, որոնք ձեռք եմ բերել հայոց բանակում ծառայելուս տարիներին… Եվ կարծում եմ՝ ուր էլ գնամ, ինչով էլ զբաղվելու լինեմ, ողջ կյանքում զինվոր կմնամ…
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ազգային բանակ