ԴԻՐՔԵՐ ՊԱՀՈՂ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ
Զորամասում այս տղաներին բոլորը դեմքով են ճանաչում: Հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն գործողությունը կասեցվել է նաեւ նրանց շնորհիվ` Պետրոսյան Ռոման, Պողոսյան Ջոն, Ավագյան Վահե: Տղաները շուտով կզորացրվեն, բայց հունիսի 4-ը այլեւս հավերժ դրոշմված է նրանց հիշողության մեջ: Նրանք կորցրին իրենց ընկերոջը` Հրաչ Սարգսյանին, որ առաջինն էր նկատել հակառակորդին եւ խուճապի չէր մատնվել. կրակ բացելով` Հրաչը հարվածը վերցրել էր իր վրա: Տղաները նրա արարքը մեկ բառով են բնորոշում` ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ. «Հրաչը շատ բարդ իրավիճակում իրեն հերոսաբար դրսեւորեց: Նա փրկեց մեզ, առաջինը նկատեց մարտական հենակետին մոտեցող դիվերսիոն խումբը, սկսեց կրակել, նրա այդ ազդանշանի շնորհիվ է, որ մենք կարողացանք համախմբված գործել: Հրաչը բոլորի ուղղությամբ կրակեց, խոցեց չորսին, բայց մահացու վիրավորվեց: Անձնական խիզախության համար նա հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով: Հրաչը Գյումրիից էր»,-պատմում են տղաները:
Վահեն հիշում է. «Գիշերվա ժամը 12-ին դիվերսիոն խումբը մտավ դիրք: Մութ էր: Հակառակորդի արտաքին տեսքը չեմ հիշում: Այդ օրվանից հակառակորդը ինձ համար էլ պայմանական կերպար չէ, այլ` իրական թշնամի: Այս դեպքից հետո կյանքս փոխվել է. ես էլ երբևէ ոչնչից չեմ վախենա»:
Ռոմանը առաջին անգամ այդ դիրք բարձրացավ, երբ հինգ ամսվա ծառայող էր. «5-6 հարյուր մետր է հեռավորությունը հակառակորդի դիրքերից: Միշտ ասում էին, որ այդ դիրքը վտանգավոր է, դրանում համոզվեցի հունիսի չորսին: Երբ հակառակորդը մտավ դիրք, միանգամից զենք վերցրի, կրակային պատրաստությունից միշտ հինգ եմ ստացել, դա ինձ օգնեց խուճապի չմատնվել: Տանը ոչինչ չեմ պատմել, ուղղակի ասել եմ, որ այդ օրը հակառակորդը սովորականից ակտիվ էր: Կզորացրվեմ, կպատմեմ»:
Ջոնը քսան օրից կզորացրվի, ասում է` դիրքում կանգնած զինվորը պիտի «դուխով» լինի. «Տասնչորս օր դիրքում միասին էինք անցկացնում, մեկ ընտանիք էինք դարձել, մեկս մյուսի համար ճաշ էր պատրաստում, շատ լավ էինք իրար հասկանում: Դիրքում հարաբերությունները այլ որակի են: Մեր սպան` ավագ լեյտենանտ Մուշեղ Նուռբեկյանը, մեր ընկերն է: Այդ օրը նա էլ էր մեզ հետ: Մեկ-մեկ նրա խստությունը չէինք հասկանում, բայց հունիսի չորսի մեր հաջողությունը ես նրա խստությամբ եմ պայմանավորում` այդ պահին դիտորդը դիրքում քնած չէր կամ զենքը վայր չէր դրել: Դա նրանից չէ, որ հակառակորդից վախեցած էր, այլ գիտեր, որ մեր սպան խիստ ու պահանջկոտ է, եւ նման դեպքերը անթույլատրելի են»:
Սահմանի այս հատվածը այսօր պաշտպանում են նաեւ պայմանագրային ծառայողները, որոնք հիմնականում տեղի բնակիչներ են: Նրանցից մեկն էլ Ալյոշա Մալխասյանն է: Նա Վայոց ձորի զորամասերից մեկում է ծառայել, իսկ զորացրվելուց հետո անցել է պայմանագրային ծառայության. «Արդեն երկու տարի տասը ամիս է, ինչ պայմանագրային զինծառայող եմ: Կանգնում եմ պահակակետում` լարվածությամբ եւ ուշադրությամբ հսկում եմ հակառակորդի շարժը: Նկատել եմ` եթե մենք ջուրն ու սնունդը դիրքեր ենք հասցնում մեքենաներով, ապա իր ռազմական բյուջեի ավելացումով պարծեցող Ադրբեջանը մատակարարում իրականացնելու համար օգտագործում է ավանակներ»:
Էջը՝ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ հեղինակի