Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նոյեմբերի 9-ին կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր հայ աշուղական արվեստի անգերազանցելի վարպետ, սիրո մեծ երգիչ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

Միջոցառման հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թ.Պողոսյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմը արդեն մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալելու Թ.Պողոսյանին, նրա մաքրամաքուր երգից բացի ըմբոշխնել գեղեցիկ և անաղարտ խոսքը: Հանդիպման հերթական առիթը ոգևորել էր անձնակազմին. վկան` լեփ-լեցուն դահլիճը:

Միջոցառումը բացեց Ռազմական ինստիտուտի ակումբի պետ, կապիտան Ծ.Թորոսյանը` խոսքը տրամադրելով պրոֆեսորին:

Թ.Պողոսյանը խոստովանեց, որ ամեն անգամ հպարտությամբ է գալիս Ռազմական ինստիտուտ. «Հոգիս թունդ է առնում, երբ տեսնում եմ, թե ուր եմ եկել, նայում եմ Ձեզ, սիրելի՛ կուրսանտներ ու զինվորներ և չեմ հագենում, հպարտանում եմ` հայրենիքս պաշտպանող հայ զինվորին տեսնելով»:

Թ.Պողոսյանն այն արվեստագետներից է, որոնք մշտապես մտահոգված են հայի ճակատագրով, ում համար թանկ ու նվիրական է հայկական բանակը: Նա նշեց, որ հաճախ է հյուրընկալվում զորամասերում, հատկապես` սահմանային, և զինվորի համար ելույթ ունենալը համարում է իր սրբազան պարտքը:

Միջոցառման ընթացքում պրոֆեսորը համակողմանի ներկայացրեց Սայաթ-Նովայի կերպարը` նրա երգերի դաստիարակչական նշանակությունը համարելով խիստ արդիական: «Սայաթ-Նովան հայրենիք է, նրա երգարվեստով ազգ ենք դաստիարակում»,- նշում է պրոֆեսորը` Սայաթ-Նովայի բարձրարվեստ երգերը հակադրելով այսօրվա ցածրաճաշակ երգ-երաժշտությանը:

Միջոցառումն ուներ հագեցած ծրագիր. Ջիվանու անվան դպրոցի «Հավասի» համույթի կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի սիրված ու հայտնի երգերը, իսկ Ռազմական ինստիտուտի կուրսանտները և Երևանի պետական համալսարանի ուսանողները ասմունքեցին նրա բանաստեղծությունները:

Միջոցառման վերջում Ռազմական ինստիտուտի պետի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Մ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Թ.Պողոսյանին՝ կուրսանտների հայրենասիրական և գեղագիտական-մշակութային դաստիարակության գործում ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար և Ռազմական ինստիտուտի պետի անունից պարգևատրեց պատվոգրով:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ազգային բանակ


21/11/2012