ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՀԱՄԱՐ ՉԿԱՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ
Նոյեմբերի 10-ին գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեծ շուքով նշվեց ազգային բանակի Հետախույզի օրը։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, մտավորականներ, հյուրեր, մայրաքաղաքի մի շարք դպրոցների մանկավարժներ ու աշակերտներ։
Ժամանելով զորամաս՝ նախարար Սեյրան Օհանյանը և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը բացազատված ուսումնական տեղամասերում ծանոթացան հետախույզների ցուցադրած զենքերին, տեխնիկական միջոցներին, մասնագիտական արտահագուստի, առաջադրանքների կատարման գործում հնարավոր կիրառելի քողարկման-դարանակալման ձևերին ու միջոցներին…
Այնուհետև շարահրապարակում, որտեղ մարտական դրոշով, մասնագիտական հանդերձանքով, սպառազեն ու խրոխտ կեցվածքով շարված էին հետախուզական ստորաբաժանումները, ԶՈՒ ԳՇ հետախուզության պետ, վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց հետախուզության օրվան և զորատեսակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կատարման համար զորքի շարված լինելու մասին։
Ընդունելով զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը նախ ողջունեց, այնուհետև շնորհավորեց անձնակազմին տոնի և հոբելյանի առթիվ։ Ի պատասխան, հնչեց հաղթական «հուռա՜»-ն, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը։
♦♦♦
Տոնական միջոցառումն սկսվեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով՝ շարային քայլքով, զենքով վարժությունների կատարումով։ Այնուհետև ասպարեզ դուրս եկան ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները և «Փոքր Մհերի» հայկազունները։ Վերջիններս ներկաներին մեկ անգամ ևս համոզեցին, որ մեր բանակի ենթակառուցվածքները գործում են անթերի, և որ հետախուզական զորքերի համալրումը խիզախ ու հայրենասեր կադրերով լինելու է անխափան։
Երբ ցուցադրական ելույթների հերթը հասավ հետախույզներին՝ գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին, պարզվեց, որ նրանք ոչ միայն իրենց մասնագիտական հմտությունն են ցուցադրում, այլև զորամասի տարածքում, բառիս բուն իմաստով, զորավարժություն են անցկացնում։ Հակառակորդի ուժեղացված պահպանությամբ պահակատան գրավմանը հաջորդեց հարձակումը «հակառակորդի» զորամասի շտաբի վրա։ Այս գործողությունն իրականացրեց դեսանտագրոհային խումբը։ Մի-8 ուղղաթիռի իջեցրած դեսանտայինների խումբը, կազմակերպելով շրջանաձև պաշտպանություն, դուրս եկավ առաջադրանքի կատարման շրջան և ոչնչացնելով պայմանական հակառակորդի գրոհող ստորաբաժանումները՝ ներխուժեց շտաբ։ Այնուհետև նրանք մարտերով կարողացան դուրս գալ շրջապատումից ու ուղղաթիռով էլ հեռանալ՝ իրենց հետ տանելով գերեվարված շտաբային սպային։ Այս գործողությունները կատարեցին կապիտաններ Շուտովի և Խզմալյանի գլխավորած ժամկետային զինծառայողների խմբերը, իսկ պարանների օգնությամբ դեսանտի իջեցումն իրականացրին կապիտան Տ. Հովհաննիսյանի ղեկավարած ժամկետային զինծառայողները։ Վերջիններս ցուցադրեցին նաև արգելապատնեշների հաղթահարման իրենց կարողությունները։ Հարկ է նշել, որ զորամասի հրամանատարությունը հնարամտորեն էր օգտագործել տեղի պայմանները։ Հաջորդ ցուցադրությունը հակառակորդի տեխնիկայի առգրավումն էր անակնկալ գրոհով։ Բարձրահարկ շենքի տանիքից պարանով իջնելով՝ խմբի զինվորները ոչնչացրին հակառակորդի կենդանի ուժը և «մարտադաշտից» հեռացան առգրաված մեքենաներով։
♦♦♦
Դիմացկունությունը, հնարավոր տանջանքներին, կտտանքներին դիմանալը հետախույզի՝ վտանգներով լի մասնագիտության կարևոր առանձնահատկություններից է, և այն ավելի շատ հոգեբանական պատրաստություն է պահանջում։ Գաղափարի մարտիկը զոհվում, սակայն չի բացահայտում ռազմական գաղտնիքը։ Հետախույզները ցույց տվեցին, որ մշտապես պատրաստվելով պատերազմի, հաշվի են առնում բոլոր հնարավոր զարգացումները և չեն բացառում նաև գերի ընկնելու հավանականությունը։
Պակաս կարևոր չէ արտակարգ պայմաններում երկար ժամանակ գործելու, այդ ընթացքում քաղցը հաղթահարելու գործոնը։ Եվ վաղ տարիքից մեր հետախույզները պատրաստվում են հաղթահարելու նաև այդ դժվարությունը։ Հայկազուններն ու զինվորները ցույց տվեցին, թե գոյատևման, մարտական առաջադրանքի կատարման համար ինչպես պետք է օգտագործել տեղանքի, միջավայրի ընձեռած սուղ հնարավորությունները՝ հարկ եղած դեպքում սնվելով այն ամենով, ինչը սովորաբար ուտելու չէ… Եվ նրանք հում-հում կերան օձ, գորտ, նապաստակ, կարիճ…
Ցուցադրական ելույթներում բավական շատ էին ուժային վարժությունները, ձեռնամարտի (տարբեր միջոցներով, հատկապես սառը զենքով) տեսարանները։ Հարկ է նաև նշել, որ ամբողջ միջոցառման ընթացքում մեծ տեղ էր հատկացված հրաձգությանը և պայթեցումներին, ինչը հնարավորինս մոտեցված էր իրական ռազմական գործողություններին։
♦♦♦
Հանդիսության ավարտին հրապարակվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանները տարբեր զորամասերի մի խումբ հետախույզների գերատեսչական մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով պարգևատրելու ու խրախուսելու մասին։ Նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Պատվավոր հետախույզ» կրծքանշանով պարգևատրվեցին հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հետմահու՝ նախկին պետ գեներալ-մայոր Բասենցի Ազոյանը։
♦♦♦
Ողջունելով և շնորհավորելով բոլոր հետախույզներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց.
-Մենք կարող ենք հպարտանալ և ասել, որ զորատեսակը կայացած է, կարող ենք փաստել, որ հայ հետախուզությունը փառապանծ ուղի է անցել, մենք հիշում ենք լեգենդար հետախույզներ Իվան Աղայանին, Գեորգի Վարդանյանին, ինչպես նաև Աշոտ Ղազարյանին, Ալբերտ Սարգսյանին, Իվան Ղուկասովին, Բասենցի Ազոյանին։ Համաշխարհային հետախուզության պատմության մեջ մեծ է հայորդիների դերը։ Հայ ժողովուրդը մշտապես կարողացել է իր մատը պահել համաշխարհային զարգացումների զարկերակի վրա և իր մասնակցությունն ունենալ անվտանգության և կայունության ապահովման գործում։
Սեյրան Օհանյանը կարևորեց նաև հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի օրերին. «Եթե չլինեին մեր կամավորական ջոկատներից կազմված հետախուզական ստորաբաժանումները, այնուհետև կանոնավոր բանակի կազմում իրենց մեծ ներդրումն ունեցած հետախուզական մի շարք զորամասեր, ապա մենք չէինք կարող ունենալ հաջողություններ Արցախյան գոյապայքարում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության գործում: Հայոց բանակի հասարակ հետախույզ զինվորը մեր պատմությունը փառքով գրեց: Այսօր էլ հետախուզական ստորաբաժանումները լավագույնս շարունակում են իրենց սկսած գործը և օրըստօրե կատարելագործում են հետախույզների մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Այսօր մենք իրավամբ կարող ենք ասել, որ հետախույզները կայանում և է՛լ ավելի զարգացնում են իրենց մասնագիտական որակները»,- նշեց նախարար Ս. Օհանյանը և ընդգծեց, որ հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ չկան: Նա կարևորեց նաև միջազգային խաղաղապահ գործողությունների իրականացման ժամանակ մեր հետախույզների բարձր պատրաստվածությունը:
♦♦♦
Ելույթ ունենալով՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը շնորհավորեց ազգային բանակի հետախույզներին և նշեց, որ մեր բանակի հետախուզական ստորաբաժանումները ի զորու են պատվով կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Նա ներկաներին հիշեցրեց զորատեսակի ստեղծման ծանր ժամանակաշրջանն ու անցած փառավոր ուղին, կարևորեց հետախույզների վիթխարի ներդրումը Արցախյան ազատամարտում։
Շնորհավորական ելույթներով հանդես եկան լեյտենանտ Արամ Սիմոնյանը և ավագ լեյտենանտ Կարեն Մանուչարյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ