Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ



Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի քսաներեքը պետական տոն է` Հայրենիքի պաշտպանի օրը:
Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն այս փետրվարի 23-ին էլ Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր. առավոտյան զբոսայգի այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին:
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ, աշակերտներ:
Միջոցառումն ավարտվեց հայ և ռուս սահմանապահ զինծառայողների հանդիսավոր քայլերթով, ինչը Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն համարեց Հայաստանի եւ Ռուսաստանի անցյալի եւ ներկայի եղբայրական հարաբերությունների վկայություն: Վ. Կովալենկոն կարծում է, որ եթե որեւէ ժողովուրդ անցյալը չի հիշում, ապա ներկա չի ունենում, ուստի օրը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ հայ եւ ռուս բարեկամ ժողովուրդները հիշում են իրենց անցյալը, տոնը նշում միասին:
Դեսպանը իր խոսքում նշեց, որ նախկինում փետրվարի 23-ը նշվում էր որպես Կարմիր բանակի տոն, սակայն այսօր այն այլ խորհուրդ ունի` շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին: Վ. Կովալենկոն ընդգծեց, որ Ռուսաստանի զինվորական դոկտրինը հայտարարում է` Ռուսաստանը ոչ մի երկրի թշնամի չի համարում, եթե այդ երկիրը ինքը նախահարձակ չլինի: Իսկ պատմությունը վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը միմյանց վստահող ու սատարող պետություններ են:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Պերճ Սողոյանը հիշում է, որ նախկինում եւս շարք կազմած գալիս էին Անհայտ զինվորի հուշաքարին ծաղիկներ դնելու եւ հիշելու ընկերներին, որոնք զոհվեցին հայրենիքի պաշտպանության համար. «Նրանք զոհվեցին, որպեսզի ժողովրդը ազատ ապրի, որպեսզի ավերված տներն ու քաղաքները վերականգնենք, հայրենիքը զորացնենք ու շարունակենք ապրել»: Պերճ Սողոյանը կարծում է, որ հայրենիքի պաշտպանը պետք է լինի մարդասեր, սակայն` անողոք այն ուժերի նկատմամբ, որ ուզում են ստրկացնել ժողովուրդներ, որ ուզում են տիրանալ ուրիշների հայրենիքին:
Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտուհի Մարիամ Հակոբյանն էլ առավոտյան շնորհավորել է թե՛ պապիկին, թե՛ հայրիկին, թե՛ եղբորը. «Ես կարծում եմ, որ մեր երկրի զարգացման, կայունության եւ հաջողության գործում հայրենիքի պաշտպանների դերը անգնահատելի է: Թող մեր զինվորները լինեն խիզախ, կարգապահ եւ կարեկից»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


23/02/2011