Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ԱՍՊԵՏԸ



ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը 2010-ից կրում է Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի /Պետո/ անունը:

Կարծես երեկ էր… Հանդիսավոր տողանին մասնակցող աշակերտները խոնարհումով երդվեցին ու պարտավորվեցին. «…հայրենիքի իսկական քաղաքացի դառնալու համար մեզ ուղեցույց են Պետոն, Արցախյան ազատամարտում զոհված մեր բոլոր հերոսները: Նրանց հիշատակը մշտարթուն պահելը մեր սուրբ պարտքն է…»:

Դպրոցն այսօր էլ ընդգծված ռազմահայրենասիրական ուղղվածություն ունի շնորհիվ դպրոցի տնօրեն Էլլա Միրզոյանի, Արցախյան շարժման մասնակից, բանակաշինության գործում իր վաստակն ունեցած ամուսնու՝ պահեստազորի փոխգնդապետ Ռազմիկ Պողոսյանի, որը դպրոցի զինղեկն է եւ իր սաներին դասավանդում է ռազմահայրենասիրական ոգով ու նվիրումով:

Եվ, ահա, նոյեմբերի 3-ին հերթական «Արիության դասն» էր` ուխտագնացություն դեպի Սրխավենդ: Մարտակերտի շրջանի մի բնակավայր, որտեղ մեր հերոսները մարտի դաշտում իսկական արիության դասեր տվեցին: Եվս մեկ «Արիության դաս», «Պետոն՝ որպես հերոսության ու նվիրումի մարմնացում» վերտառությամբ՝ կայացավ ԼՂՀ ՊԲ այն զորամասում, որի ստեղծմանն իր անուրանալի մասնակցությունն ունեցավ Շուշիի Առանձին գումարտակի փոխհրամանատար, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կ. Ջալավյանն արել էր ամեն ինչ` միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Հրավիրված էին Պետոյի մարտական ընկերներ Ք. Ղազարյանը, Գ. Արզումանյանը, Ա. Գալստյանը, Թ. Թորոսյանը, Լ. Թևանյանը, Բաքվից բռնագաղթած Ալբերտը, Կիչանի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտներ, Քաշաթաղի վարչակազմի ներկայացուցիչներ:

Ներկաների համար հաճելի անակնկալ էր Ստեփանակերտի դպրոցներից մեկի զինղեկ Արմեն Մարտիրոսյանի այցը, որը, բառիս բուն իմաստով, իր ողջ մնալու համար պարտական է Պետոյին: …Այո՛, այն ահեղ օրերին կռվի դաշտում Պետրոս Ղևոնդյանն է փրկել Արմենի կյանքը, եւ նա, որպես անվեհեր հրամանատարի հանդեպ մեծ երախտիքի հավաստիացում` զավակներից մեկի անունը Պետո է դրել:

Ոգեկոչման արարողությունն սկսվեց Պետոյի շիրմին այցելությամբ` խնկարկումով, ծաղիկներով, հավերժի հիշատակմամբ…

Այնուհետև տեղի ունեցավ միտինգ, որը բացեց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կ. Ջալավյանը:

-Անմահ հերոս Պետոյի հիշատակի ոգեկոչմանը նվիրված այս միջոցառումը մեզ ստիպում է մշտապես լինել զգոն, համերաշխ և միասնական,- ասաց փոխհրամանատարը:

Պետոյի մարտական ընկերներն իրենց ելույթներում պատմեցին պատերազմական դրվագներ, որոնցում երևում էին Պետոյի բարի, վեհ, ասպետական ու հերոսական բնավորության գծերը:

Այնուհետև գրական-երաժշտական կոմպոզիցիայով հանդես եկան Տիգրանավանի Պետոյի անվան դպրոցի 8-12-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացրին Պետո-հերոսին, որը, մի կողմ թողնելով ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետում իր ուսումն ու անվանի գիտնական դառնալու հեռանկարը, զինվորագրվեց Արցախի ազատագրման սուրբ գործին:

…1994 թ. փետրվարի 14-ին էլ Պետոն չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում շրջափակման մեջ հայտնված միայնակ, վիրավոր մարտիկի նկատմամբ: Նա, խնայելով շտապ օգնության մեքենայի վարորդի կյանքը, անվարան նստում է մեքենա, միայնակ սլանում մարտադաշտ, որտեղ վխտում էր թշնամին. իսկ վիրավոր ընկերն արնաքամ էր լինում… Պետոյի մեքենան առաջ է մխրճվում: Ահա, հասնում է, ընկերը մոտ է….Եվ հանկարծ` պայթյուն: Ական էր. խոցված Պետոն հերոսի մահով ընկավ, բայց փրկեց մարտական ընկերոջ կյանքը:

Հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով արդեն անարգել անցնում էին ազատամարտի մեր զինվորագրյալների շարասյուները:

Պետոյի ընկեր Գիվին հենց մարտադաշտում էլ գրում է հետևյալ տողերը`

Դու լավ գիտեիր, որ ճամփա չկա, կողքիդ արնաքամ վիրավոր կա:

Դու, հանուն նրա, կյանքդ զոհեցիր: Վիրավոր ընկերոջդ կյանք պարգևեցիր:

Ուշագրավ էր միջոցառման այն դրվագը, երբ տողերի հեղինակը դպրոցի «Փառքի սրահը» համալրելու համար տնօրինությանը հանձնեց մեքենայի պետհամարանիշը, որով Պետոն սլացել էր ընկերոջը օգնության…

Իսկ փրկված զինվոր Արմեն Մարտիրոսյանը, որ իր առաջնեկ տղայի անունը Պետո է կնքել, գրել է այսպիսի սրտառուչ տողեր՝ ի հիշատակ հերոսի.

Փոքրիկ Պետոն է արդեն իմ գրկում,

Իմ ընկե՛ր Պետրոս, իմ քաջ հայրենակից,

Առանց վարանման կյանքդ տվիր ինձ:

Իմ փոքրիկ տան մեջ քո անկյունը հավերժ կմնա.

Մարիամն ու Պետոն միշտ քեզ նայելիս,

Ասում են ` հայրիկ, ահա՛ փրկիչդ,

Մեր տանը հավերժ կենդանի է նա:

Դու հուր հավիտյան կապրես մեր սրտերում, սիրելի Պետո:

Ռ.ՊՈՂՈՍՅԱՆ
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ազգային բանակ


28/11/2012