ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ
Վերջերս իմ հրավերով ընկերոջս՝ ՀՀ Արարատի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ՆԶՊ պատասխանատու, առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանի ղեկավարությամբ Արցախ այցելեցին մարզի Մասիսի շրջանի մի քանի դպրոցների զինվորական ղեկավարներ/մայոր Գագիկ Ստեփանյան-Մասիսի շրջանի ավագ զինղեկ, Ջրահովիտի միջնակարգ դպրոց, մայոր Ցոլակ Ստեփանյան՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, կապիտան Միքայել Միքայելյան՝ Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոց, ավագ լեյտենանտ Մանվել Գրիգորյան՝ Գեղանիստի միջնակարդ դպրոց, լեյտենանտ Ոստան Մնացականյան՝ Արգավանդի միջնակարգ դպրոց/: Առաջին հանդիպումը կայացավ Քաշաթաղի շրջանի Քարեգահի միջնակարգ դպրոցում: Ներկա էին նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը և առաջատար մասնագետ, ՆԶՊ գծով տեսուչ Ռոբերտ Պետրոսյանը: Հյուրերին դպրոցի ուսուցչական կազմին ներկայացրեց տնօրեն Վոլոդյա Գալստյանը՝ տեղեկացնելով, որ այցի նպատակը ճանաչողական է: Զրույցը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգին, ՆԶՊ առարկայի ուսուցման մեթոդներին, ուսումնական զենքի, համապատասխան պաստառների կիրառմանը և այլն: Կարևորվեց, որ մեր երկու հանրապետությունների դպրոցների միջև կապը պետք է ամրապնդվի, հաճախակի դառնան փոխադարձ այցերը նաև աշակերտների մասնակցությամբ: Զրույցից հետո դպրոցի բարձր դասարանցիների մասնակցությամբ կայացավ արիության դաս, որը վարեց Արարատի մարզի Մասիսի շրջանի ավագ զինղեկ, Ջրահովիտի դպրոցի զինղեկ, պահեստի մայոր Գագիկ Ստեփանյանը:
Խոսելով հայրենասիրության մասին՝ Գ. Ստեփանյանը նշեց, որ հերոսները հենց Քարեգահի դպրոցի աշակերտներն են, որոնք, այստեղ բնակվելով, շենացնում են հայրենի երկիրը, որն ազատագրվել է իրենց իսկ հայրերի ու պապերի արյան գնով: Մասիսի ավագ դպրոցի զինղեկ, մայոր Ցոլակ Հովհաննիսյանը լրացրեց գործընկերոջ խոսքը՝ հավելելով, որ ամենահզոր զենքը գիտելիքն է, ոգին: Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը ողջունեց զինղեկների այցը՝ ասելով, որ ցանկալի են նման հանդիպումները, արիության դասերը, եւ որ պետք է ամրապնդվեն փոխադարձ կապերը:
Հյուրերը դպրոցին տրամադրեցին որոշ դիդակտիկ նյութեր, պաստառներ, ուսումնական ձեռնարկներ: Սուրեն Շահինյանը նշեց, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ միաժամանակ մի քանի դպրոց այցելել, եւ որ այցը Քարեգահի դպրոց պատահական չէ. դպրոցի տնօրենը նրա ուսանողական ընկերն է, և որոշվեց հնարավոր մեթոդական օգնություն ցուցաբերել կրթօջախին: Հյուրերի այցը ողջունեց նաև Քարեգահի համայնքի ղեկավար, դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարինե Պետոյանը: Հրաժեշտ տալով Քարեգահին՝ Արարատի մարզի ներկայացուցիչների հետ շարունակեցինք շրջագայությունը՝ առաջինը այցելելով Շուշի, Ղազանչեցոց եկեղեցու Սուրբ Խորանի տակ գտնվող ավանդատուն: Արգավանդի դպրոցի զինղեկ Ոստան Մնացականյանը կատարեց շարական՝ ոգևորելով նաև հոգևորականին: Հաջորդ կանգառը պատմական տնջրիի մոտ էր: Երկհազարամյա հսկան գերեց իր գեղեցկությամբ, հզորությամբ, արցախցու վեհությամբ: Սակայն մի բան շատ ցավալի է. չգիտես ինչու այս ծառի մոտ գալիս են այնպիսի մարդիկ, որոնց այցի հիմնական նպատակը «մի կտոր հաց ուտելն է»: Ծրագրով նախատեսված հաջորդ կանգառը Ազոխ գյուղն է:
Մթնշաղին հասանք Ազոխ: Գիշերեցինք դպրոցի տնօրեն Իլյաս Պողոսյանի տանը: Առավոտյան արդեն Ազոխի դպրոցում ենք: Հենց սկզբից գեղեցիկ ու կոկիկ հագնված աշակերտները տպավորություն ստեղծեցին, որ գյուղը լավ կրթօջախ ունի: Մեզ դիմավորեցին ուսմասվար Ապրես Ավանեսյանը և տնօրենի ՄԿԱԳ տեղակալ Նվարդ Պետրոսյանը: Մինչև դասերն սկսվելը՝ աշակերտները դպրոցի բակում ֆիզկուլտուրայի ուսուցչի գլխավորությամբ կատարեցին մարմնամարզական վարժություններ և նոր անցան դասարաններ: Դպրոցում սովորում է 142 աշակերտ, աշխատում 26 ուսուցիչ: Այս տարի առաջին դասարան է ընդունվել 13 աշակերտ՝ անցյալ տարվանից 2-ով պակաս: 12-րդ դասարանը կավարտեն 10 աշակերտ, որոնցից Սյուզաննա Ասրյանը հայոց լեզու առարկայից մասնակցել է ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի և արժանացել պատվոգրի: Զրուցում եմ 8-րդ դասարանցիների հետ: Բոլորն էլ ասում են, որ դասարանի լավ սովորողը Ալեքս Բաբայանն է: Աշխենը որոշել է դառնալ իրավաբան, Մարատին դուր է գալիս վարորդի գործը, իսկ Արայիկը, Նվերն ու Արտիկը դեռևս չեն որոշել, թե ինչ են դառնալու: Շուշանն ու Էլինան ցանկանում են բժիշկ դառնալ ու աշխատել հայրենի գյուղում: Արենին ձգում է ֆուտբոլը, իսկ Ալեքսանը դառնալու է զինվորական: Առաջին դասարանի դասվար Վեներա Առաքելյանը հպարտ է իր 13 սաներով, որոնցից Անգելա Ասրյանը երազում է պրեզիդենտ դառնալ:
Շրջում ենք դպրոցում: Չնայած շենքի ոչ բարվոք վիճակին՝ այնուամենայնիվ, դպրոցի պատերից ներս զգացվում են սրտացավ վերաբերմունքն ու աշխատանքը, որպեսզի աշակերտները հնարավորինս լավ կրթություն, դաստիարակություն ստանան: Միջանցքի պատերին փակցված տարբեր պաստառները, լուսանկարները, պատի թերթերը պատմում են գյուղի, դպրոցի անցյալի ու ներկայի, հայոց ազատամարտի մասին: Դպրոցի նոր շենքի կառուցումը շուտով կավարտվի, և հույս կա, որ եկող ուստարում մեր աշակերտները ուսումնական գործընթացը կշարունակեն բարվոք պայմաններում: Շենքի կառուցումն սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին, սակայն սկսվեց Արցախյան շարժումը, և բնական է՝ շինարարությունը կանգ առավ: Այժմ վերսկսվել է շինարարությունը՝ իհարկե նոր հիմքի վրա: Հրաժեշտ տալով դպրոցին՝ որոշում ենք այցելել Ազոխի պատմական քարանձավ: Մեզ ուղեկցում են դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նվեր Ամիրյանը, Մարսել Բաբայանը և տասնմեկերորդցի Յուրա Սարդարյանը: Շնորհակալ ենք տղաներին, որոնք մեզ ծանոթացրին իրենց հայրենի բնաշխարհին, ուղեցույց եղան մութ ու խոնավ, չղջիկներով լի քարանձավում, որտեղ առանց ուղեկիցների մարդ կարող է մոլորվել կամ էլ մեծ դժվարությամբ դուրս գալ մեր նախնիների այս հինավուրց բնակատեղիից: Դուրս ենք գալիս հակառակ կողմից. թիկունքում անտառապատ սարալանջեր, քիչ հեռվում՝ Տողասարը: Տղաները տեղեկացնում են, որ իրենց անտառներում պատմական հուշարձաններ էլ կան՝ հին ու կիսավեր: Հրաժեշտ ենք տալիս մեր ուղեկիցներին՝ հպարտ, որ նման սերունդ է մեծանում Արցախի այս չքնաղ շեներում: Հաջորդ նպատակակետը պատմական Ամարասն է:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում