Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱԹԻԼԸ



Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների ընթացքում անթիվ անգամներ պատահածն այժմ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածներից ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…

Հրեշտակներից մեկը փութով մխրճվեց ամպի մեջ ու անիմանալի Գոյի մոտանալն զգալով, ասաց.

-Տե՛ր իմ, այսօր անցնում էի Քո զմայլելի ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով՝ ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրելու պատճառներ չկան, պատասխանեց. «Ուզում եմ գնալ Երկիր, երազում տեսել եմ մի արարածի`այնքա~ն քնքուշ ու բարի»… Հետո, Տե՛ր իմ, մի պահ լռեց ու թախանձեց. «Ձյունաճերմակ իմ հրեշտակ, որ պարզ ու թափանցիկ հոգի ունես, խնդրիր Բարձրյալին, թող ինձ ամուր թևեր պարգևի, որպեսզի դիմանամ վայրէջքին: Ես պետք է տեսնեմ Նրան»…

Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ, ու լսեցին բոլորը.

-ԹՈՂ ԳՆԱ~…

Բոլորը հավաքվել էին աստվածակերտ աստիճանների վրա ու հետաքրքրությամբ հետևում էին հազիվ նշմարվող Փաթիլին:

Տիեզերքում ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…

Աստղերը պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ Երկրում սիրում են նայել իրենց…

Քամիներ սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:

Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…

Ճակատագիրը տնօրինող ծերունի հրեշտակը խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող հայացքների ներքո անկեղծացավ.

-Մնացյալը, թե ինչ կլինի, ինձ էլ հայտնի չէ…

Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույնների ուղեկցությամբ սլացավ Երկիր…

Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորում ու բարեմաղթանքներով ուղեկցում էին նրան…

Փաթիլը չգիտեր՝ ինչպես հայտներ իր ուրախությունը.

-Այո~, ներքև ու ներքև, դեպի կյանք ու սեր…

Իսկ քամիները տանում էին նրան` համակ մեղմություն դարձած և արդեն նշմարելով Երկրի դանդաղ պտույտը` հեռացան…

Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ պետք էր…

Եվ մի աղջնակ, զմայլվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով, վազեց ներքև և զվարթ ու խենթ պար բռնեց փաթիլների հետ…

Հանկարծ վեր նայեց ու թափվող ձյան մեջ նկատեց բոլորից տարբերվող մի լուսափայլ փաթիլի և հետևելով նրան`կանգ առավ…

-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլն ու անափ ուրախությունից մի քանի պտույտ գործելով` հպվեց պարզված ձեռքի ափին: Ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքա~ն երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…Բայց չհասցրեց…

Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…Հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Հոգևոր-մշակութային


28/11/2012