ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ
Դպրոցական ծաղիկները ձեռքներին քայլում էին լուռ ու զարմացած աչքերով։ Մոտեցանք հավերժի ճամփորդների մուտքին, որտեղից սկսվում էր նրանց բարի լույսը։ Երեխաների առջևից գնացող Գարիկը՝ փոքրիկ գեներալը, աշակերտներին ղեկավարի նման ուղեկցեց։ Նրանց մեջ սկսեց խոսել վրեժխնդրությունը։ Նույնիսկ աղջիկները, երբեմն բռունցք էին անում ու լուռ ատամները կրճտացնում։ «Գեներալի» ցուցումով քայլեցին առաջ՝ լուռ ու հպարտ։ Նրանց առջև քարարձանների աստղաբույլ էր… Մոտենում էինք մեր ժողովրդի հպարտության խորհրդանիշ ազգի նվիրյալներ Անդրանիկի ու Սպարապետի շիրիմներին։ Հասանք Սպարապետի շիրիմին։ Աշակերտների հայացքում ցավ ու վրեժ էր… Ծաղիկները դրեցինք շիրիմին, խոնարհվեցինք և դանդաղ քայլերով մոտեցանք Մեծն Զորավար Անդրանիկի շիրիմին։ Զորավարի շիրիմի մոտ աշակերտները սկսեցին խոսել, պատմել նրա ազգանվեր սխրանքների մասին։
Աշակերտներին քաջալերելով՝ ասացի.
-Սիրելի՛ աշակերտներ, հիշե՛ք։ Եթե Մեծն Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի պարծանքն է, ապա Սպարապետը՝ հպարտությունը։ Սիրելի՛ աշակերտներ, դուք նրանց իսկական զավակներն եք։
Աշակերտները լիովին հասկացել էին, թե ուր են եկել։ Ամեն շիրիմի կողքով անցնելիս հոգու խորքից խոսքեր էին ասում։ Մեզ հետ էր նաև անհանգիստ բնավորությամբ, անչափ հետաքրքրասեր Անդրանիկը։ Նա իր պապից՝ Մ. Արարատցուց (որը Զորավարի անունով մատուռ է կառուցում) եւ Լյուսյա տատից շատ պատմություններ է լսել Մեծն Զորավարի մասին։ Այս օջախում են մեծանում նրանց Անդրանիկ եւ Վազգեն թոռները:
Հետո նրանք խմբերի բաժանված շրջում էին Եռաբլուրում։ Երբեմն երկար կանգ առնում։ Ես ներքուստ հպարտ էի, որ վերջապես հետաքրքրությունը և սերը մեր նվիրյալների հանդեպ ներարկվել է նրանց երակներում։ Աշակերտների խնդրանքով մենք այցելեցինք շուն թուրքի ձեռքով կացնահարված Գուրգեն Մարգարյանի շիրիմին։
Աշակերտները լուռ էին։ Սակայն լռության մեջ վրեժխնդրությունն էր խոսում։ Եվ որպես հարգանք, աշակերտուհիներից Մարիետան իր կաշվի թևնոցը հանեց և դրեց Գուրգենի շիրիմին։ Նրանց մեջ արդեն պատվախնդրությունն էր խոսում։ Քիչ հեռվում նստած էր սպիտակ մազերով մի տատիկ։ Տատիկը ձեռքով շոյում էր քարը և ինչ-որ բան խոսում։ Նրա հայացքում կրակ կար, կարոտ ու զայրույթ, բայց և հպարտություն։ Տատը մեզ տեսնելով՝ հավաքեց իրեն, սրբեց արցունքները, սակայն հետքերը… Աշակերտները, հատկապես հետաքրքրասեր Անդրանիկը, տատին դիմեցին բազում հարցերով։ Տատը բոլոր հարցերին պատասխանում էր սիրով և հպարտությամբ։ Չեք պատկերացնի, թե ինչպիսի ոգևորությամբ էին լսում աշակերտները, կարծես օդի մեջ ուզում էին որսալ նրա բառերը։ Հավատացեք, ոչ մի դաս նրանք այդպես չէին լսել։
Իսկ տատիկը դողդողալով բացեց պայուսակը, սուրբ մասունքի նման պահված, հանեց մի լուսանկար՝ դա Եռաբլուրի բացման օրը մուտքի կամարի մոտ ձյան փաթիլների տակ Սպարապետի հետ իր լուսանկարն էր։ Աշակերտները հուզվեցին, իսկ Անդրանիկը առաջ գալով ամուր համբուրեց տատին։
Դա Արաքսյա տատիկն էր, որի համար անակնկալն այն էր, որ իմացավ աշակերտները Սպարապետի անունը վայելող Արարատ գյուղի դպրոցից են։
Ճանապարհին մենք հանդիպեցինք Դուշման Վարդանի Զարուհի մայրիկին, որը հպարտ էր, սակայն հոգու խորքում փոթորկված։ Որքան տարօրինակ է, որ ազգի փրկության պահին մեր մայրերը նույն զգացումն ունեն՝ թող որդիս օգնի, թեկուզ կզոհվի։ Իրոք հայ մայրերը հրաշք են և՛ իրենց բնավորությամբ, և՛ նվիրվածությամբ։
Եվ դա Արցախյան ազատամարտն ապացուցեց։
Աշակերտները շրջելով Եռաբլուրում՝ տեսան քարարձաններ, որոնք փոթորկում էին մարդու հոգին։
Երբ վերադառնում էինք Անդրանիկի, Սպարապետի շիրիմի մոտ, մեզ միացավ մոր ձեռքը բռնած, փոքրիկ մի տղա, որը զարմանալի, խրոխտ քայլվածք ուներ։ Նրա թևին թևնոց կար։ Ձեռքն առաջ պարզելով, ցույց տվեց, ասելով՝ նայի՛ր, տե՛ս եռագույնն է։ Փոքրիկը տպավորվեց իմ մեջ որպես այդ օրվա Եռաբլուրի ամենափոքրիկ ԵՐԿՐԱՊԱՀ։ Իսկ աշակերտները արդեն մեծի նման մոտեցան Զորավար Անդրանիկի և Սպարապետի շիրիմներին։ Ամեն մեկը փորձում էր իր սրտի խոսքն ասել այնպես, որ նրանք լսեն։ Հպարտությամբ ու վստահությամբ էին խոսում, հավաստիացնելով, որ իրենք սրբորեն կպահեն նրանց անունն ու գործը, որ տեր կկանգնեն այն հողին, որը կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ։
Ամեն մի դպրոցական, ամեն մի երիտասարդ պիտի հաճախակի այցելի ԵՌԱԲԼՈՒՐ, տեսնի մեր հպարտ շիրմաքարերը։ Հատկապես դպրոցների բարձր դասարանցիները պարտադիր պետք է այցելեն, ճանաչեն, իմանան։ Եվ ամենակարևորը կհասկանան ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ դերը մեր կյանքում։ Հայոց բանակի շնորհիվ էր, որ նենգ թշնամին ծնկի իջավ և զինադադար խնդրեց 1994-ին։ Որ ամեն մի հայ պարտավոր է հարգել, սիրել, փառաբանել մեր ազգի պաշտպան բանակը։ Հարկ եղած դեպքում՝ համալրել նրա շարքերը։
…Աշակերտները թեկուզ հոգնել, սակայն չէին ուզում հեռանալ։ Վարորդ Աբրահամը երբ մոտեցավ աշակերտներին, զարմանքից քար կտրեց։ Նա իրոք չէր հավատում՝ տեսնելով աշակերտների լուրջ պահվածքը։ Նրանք իրոք դարձել էին այլ մարդիկ։ Դարձել էին լրջախոհ ու լրջամիտ։
Աշակերտները անջնջելի տպավորություններով ուղևորվեցին իրենց և Սպարապետի ծննդավայրը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՆՈՍՅԱՆ
Արարատի մարզ, գյուղ Արարատ
Վազգեն Սարգսյանի անվ. դպրոց