Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ



Ամեն մի ծնունդ երջանկություն է, մի նոր ճանապարհ ու կենսագրություն։ Եվ ամեն մի ծնունդ սպասում է, երջանիկ սպասում։ Սպասում են երկինքն ու արևը, բակի ծառերը, ծիրանենին ու խնձորենին, սպասում են հարազատները, ծնողները, ծաղկած մամուռները համբուրող խոխոջացող ջուրը։ Ծննդյան կապույտ ավետիսի հետ ինչ-որ տեղ ճաք է տալիս նուռը, հատիկ-հատիկ թափվում հողին ու սպասում կյանքի ճանապարհը վաղուց անցած մեկին կամ նոր-նոր այդ ճանապարհով անցնող մի մանուկի, որը փոշիների միջից գտել է մի բանալի ու վազում է իր ուրախությունը կիսելու, այդ ճանապարհն արդեն անցած-գնացած մեկի հետ, որն արդեն գրել է իր կենսագրությունը, գրել է, սակայն, ավարտին չի հասել, որովհետև բոլոր կենսագրություններն էլ ավարտ չունեն՝ նրանք քար առ քար լրացվում-բարձրացվում են վեր, դեպի երկնքի կապույտը… Եվ գալիս-անցնում են սերունդները՝ հարստացնելով, դեպի վեր հանելով գերդաստանի, տոհմի կենսագրությունը, որը միացվում-խառնվում է ազգի կենսագրությանը, պատմությանը։

Մայոր Արմեն Պալյանի հետ զրույցից հետո ծնվեցին այս խոհերը։ Ազգանունը արթնացրեց քաղցր հուշեր գրաբարի և մեր հոգևոր երաժշտության հրաշալի գիտակ երջանկահիշատակ Խորեն Պալյանի մասին, որը բացեց այն ճանապարհը մեր «Երգող խաչքարի»՝ Լուսինե Զաքարյանի համար։ Պալյան ազգանունը հիշեցրեց 15-19-րդ դարերում Կոստանդնապոլսում ճարտարապետների, արվեստագետների, ազգային-հասարակական այն գործիչներին, որոնք հիմնվելով բյուզանդական, հայկական ճարտարապետության ավանդույթներին՝ այն համադրելով արևմտյան ճարտարապետության նորարարություններին՝ թուրքական ճարտարապետությանը նախանշեցին եվրոպական ուղի։ Պալյաններից Կարապետը, ուսումնասիրելով Անիի ճարտարապետությունը, Պոլսում կառուցեց Սբ. Աստվածածին եկեղեցին։ Այսօր էլ կանգուն են շատ կառույցներ, մզկիթներ, որոնց ճարտարապետները Պալյան գերդաստանի ներկայացուցիչներն են (Կոստանդնուպոլսի ծովափնյա պալատ, Վազիրե մզկիթ, Աթիլե Սուլթանի պալատ, Ելդըզի պալատ և այլն)։ Ի դեպ, երկրաշարժից այդ կառույցները չեն տուժել, եւ սուլթանը հայտնել է իր գոհունակությունը։

Արմեն Պալյանը այդ գերդաստանի շառավիղներից է։ Ծնվել է 1966թ., Գյումրիում։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայության վայրը եղել է Բաքուն և հիմա զուգահեռներ է անցկացնում Բաքվի ճարտարապետության, Պոլսի, Գյումրիի և Թամանյանական Երևանի հետ։ Որքան են շաղկապված, որքան ամուր են հենված մեր դարերից եկող ճարտարապետական ավանդույթները։ Եվ դա շատ է բնական, որովհետև հայ ճարտարապետների արգասիքն է։

Ծառայությունից հետո ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը։ Ռազմագիտություն է դասավանդել ինչպես դպրոցում, այնպես էլ ինստիտուտի ռազմական ամբիոնում։ Ծառայել է ռուսական սահմանապահ զորքերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Այնուհետև իր ծառայությունն է շարունակում հայոց բանակի սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես գումարտակի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ։ Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։ Կինը՝ տիկին Հրանուշ Պալյանը, նույնպես զինվորական կոչում ունի՝ պահեստի լեյտենանտ է։ Մասնագիտությամբ բժշկուհի է, N 1 պոլիկլինիկայի թերապևտն է, բժշկություն է դասավանդում Գյումրիի մանկավարժականում, ինչպես նաև ընտանեկան բժշկուհու հոգատար վերաբերմունքը ավելացնում են հարգանքն ու պատասխանատվությունը այս գերդաստանի հանդեպ։

Ամեն մի ծնունդ երջանկություն է, մի նոր ճանապարհ ու կենսագրություն…

Ակնարկիս առաջին իսկ տողը այս ընտանիքում ծնված եղբայրներին՝ Վահանին և Խաչիկին էր վերաբերում։ Ծնվել են մեկ տարվա տարբերությամբ։ Վահանը ծնվել է 1990թ.-ին, Խաչիկը՝ 1991թ.-ին։ Ծնվել են ու փորձել երիտասարդ ծնողներին մոռացնել տալ երկրաշարժի տառապանքները։ Արմենն ու տիկին Հրանուշը այդ օրերին արդեն նշանված էին։ Եվ տիկին Հրանուշը հրաշքով է ողջ մնացել ահավոր երկրաշարժից։ Եղբայրները ծնվեցին, և իրենց հետ երջանկություն լցվեց այս նորաստեղծ ընտանիքը։ Ավարտեցին N 24 դպրոցը և էլի մեկ տարվա տարբերությամբ (Վահանը՝ 2006-ին, իսկ Խաչիկը՝ 2007-ին) ընդունվեցին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Ավարտելուց հետո Վահանը սահմանամերձ զորամասերից մեկի գումարտակի կապավորն է, ավագ լեյտենանտ։ Ձիգ է, իր գործի իսկական մասնագետ։

-Ուղիղ մեր դիմաց մեր պատմական Գյուլիստանն է։ Երևում է եկեղեցին, գերեզմանոցը, որի տապանաքարերը փշրել են, ջարդել։ Պատահում է, որ նախկին բնակիչներից գալիս-բարձրանում են դիրքեր և կարոտած նայում իրենց ծննդավայրին։ Թշնամին վերջին ժամանակները հոխորտում է, սակայն որքան էլ հոխորտա՝ մենք պատրաստ ենք, որովհետև կարոտի լռությունն ավելի զորեղ է, անհաղթահարելի, քան պարտվածի հոխորտանքը,- ասում է նա։

Կրտսեր եղբայրը նշանակվել է ավիացիոն զորամասի ինքնաթիռի ինժեներ-մեխանիկ։

-Երկնքից ավելի պարզ ու տեսանելի են սահմանային այն հատվածները, որտեղ կանգնած են հայրս ու եղբայրս։ Ես գիտեմ՝ նրանք ինչ մտորում ու խոհեր են ունենում ամեն անգամ հայացքները հառելով այդ ուղղություններով,- ասում է կրտսեր որդին՝ լեյտենանտ Խաչիկ Պալյանը։

-Ուզում եմ կարևորել մի հանգամանք,- ասում է հայրը,- մեր ընտանիքը, ես, իմ որդիների հետ գիտակցաբար ենք ընտրել մեր մասնագիտությունը։ Գիտակցաբար, որովհետև մեր գերդաստանի ամեն ոք պետք է լրացնի-հարստացնի Պալյան տոհմի կենսագրությունը, որն արդեն միաձուլվել է մեր ազգի պատմությանը։ Իսկ մարդկային կենսագրությունն անընդհատ հարստացնելու կարիք ունի, այն երբեք չի ավարտվում։

Ուզում եմ տղաներիս մասին հպարտությամբ ավելացնել, որ նրանք պատիվ ու հարգանք են ձեռք բերել իրենց կարգապահ և բարեխիղճ ծառայությամբ։ Երկուսն էլ ձիգ, հավասարակշռված տղաներ են, մարզական կենսագրություն ունեցող. Խաչիկս մասնակցել է ձյուդոյի հանրապետական մրցումների։

Հայրը՝ մայոր Արմեն Պալյանը, մայրը՝ տիկին Հրանուշը, խոսում են հայոց բանակից, պատմում են իրենց որդիներից.

-Այս տարի Խաչիկս «ոտքի է կանգնել»։ Սիրած աղջիկ ունի, երևի կնշանենք,- ասում է հայրը, ապա ժպիտով ավելացնում. -Խաչիկս լուրջ է, քչախոս, Վահանս իսկական գյումրեցի՝ հումորով, կատակասեր։ Երկուսն էլ հայրենասեր, գիտակից տղաներ են։

-Հազվադեպ է պատահում, որ ամբողջ ընտանիքով միասին լինենք, սակայն մտքով ու հոգով միշտ միասին ենք,- ավելացնում է մայրը,- Վահանիս հայացքի դեմ Գյուլիստանն է։ Ամուսնուս հայացքի դեմ՝ Արծվաշենը։ Խաչիկս այդ ամենը նայում է կապույտ երկնքից, իսկ ես ամեն առավոտ հայացքս հառում եմ դեպի արևածագ և աղոթքի խոսքեր մրմնջում մեր բանակի, մեր երկրի պաշտպանների, ամուսնուս ու որդիներիս համար…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ազգային բանակ


28/11/2012