Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԻՄԻԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԸ՝ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ



Ազգային բանակում ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Զորամասերը նախապատրաստվում են ամփոփիչ քննությունների։ Անկախ այն բանից, թե որ զորամասն ի՞նչ գնահատականով կեզրափակի ուսումնական տարին, վստահաբար կարելի է ասել, որ անցնող տարին առանձնանում է ինչպես շտաբների, այնպես էլ զորքերի մարտունակության բարձրացմանը նպաստող միջոցառումներով՝ զորավարժությունների քանակով։ Մարտական խնդիրը կատարելու, մարտական կրակի վարման հնարավորություն ստացան գրեթե բոլոր զորատեսակների ստորաբաժանումները, մարտական հաշվարկները։ Ինչպես անցած տարիների ընթացքում, այս անգամ էլ ուսումնական ժամանակաշրջանը նպատակային է օգտագործել զինված ուժերի քիմիական զորքերի առաջատարը՝ փոխգնդապետ Մ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող ՌՔԿՊ զորամասը։

-Ինչպես հայտնի է, զորամասում գործում են ուսումնական և մարտական հաշվարկներ,- ասաց փոխգնդապետ Մհեր Վարդանյանը,- ուսումնական դասակում սովորողները համալրում են նախ մեր զորամասի մարտական հաշվարկները, իսկ անհրաժեշտության դեպքում, այն զորամասերի համապատասխան ստորաբաժանումները, որոնք ունեն ՌՔԿՊ դասակներ։

2011թ. ուսումնական տարում հերթական անգամ զորատեսակում լավագույնը ճանաչվելու համար հրամանատարը պարգևատրվեց գերատեսչական մեդալով և շնորհակալագրով։

-Առաջին ուսումնական փուլի քննություններն ընդունեց վարչության հանձնաժողովը՝ ՌՔԿՊ վարչության պետ գնդապետ Սարգիս Արզումանյանի ղեկավարությամբ և գոհ մնաց կատարված աշխատանքից,- շարունակեց փոխգնդապետ Մ. Վարդանյանը,- իսկ տարեվերջյան ամփոփիչ քննություններն ընդունելու է պաշտպանության նախարարության հանձնաժողովը։ Հայտնի է, որ վերջին տարիներին մեր երկրում ՆԱՏՕ-ի ծրագրով պարբերաբար անցկացվում են արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներ, որոնց մասնակցում են բազմաթիվ երկրների փրկարարական ծառայություններ։ Համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների հետ՝ մեր մարտական հաշվարկները մշտապես մասնակցում են այդ զորավարժություններին և, որպես կանոն, ցույց են տալիս բարձր արդյունքներ։ Ճիշտ է, այս տարի այդպիսի վարժանքներ չեղան, փոխարենը մասնակցեցինք ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությանը, որտեղ կատարվող բոլոր ծխաքողարկումներն իրականացնում էր մեր զորամասի ստորաբաժանումներից մեկը։ Ասեմ, որ նույն ժամանակաշրջանում, այսինքն՝ սեպտեմբեր ամսին, անցկացվեց նաև քիմիական զորքերի արդեն ավանդական դարձած ճամբարային հավաք։ Մեզնից բացի, հավաքին մասնակցում էին ՀՕՊ և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաև քիմիական ծառայության մյուս ստորաբաժանումները՝ փոխգնդապետ Վ. Բրուտյանի ղեկավարությամբ։ Այս հավաքի առանձնահատկությունն այն էր, որ հընթացս կատարվեց զորահավաքային ուժերի համալրում՝ յոթ և տասնօրյա ժամկետներում։ Համալրումը սպասվածից շատ ավելի լավ ստացվեց։ Տղաները հիմնականում քիմիական զորամասերում կամ ստորաբաժանումներում ծառայածներ էին, մյուսներն էլ ունեին համապատասխան կրթություն և պարապմունքների ընթացքում չէին դժվարանում։ Ամենակարևորն այն էր, որ եկել էին բարձր տրամադրությամբ և բոլոր տեսական ու գործնական պարապմունքներին մասնակցում էին ակտիվորեն։ Մենք զգացինք, որ մարդիկ չեն մոռացել իրենց զինվորական մասնագիտությունը, և մենք զորահավաքային լավ պահեստազոր ունենք։ Մենք մեր հերթին ըստ արժանվույն գնահատեցինք նրանց մասնակցությունը հավաքին՝ խրախուսեցինք շնորհակալագրերով ու պատվոգրերով։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ճամբարային հավաքն անցավ շատ կազմակերպված, հետաքրքիր, անցկացվեցին մասնագիտական մրցումներ զորամասերի ստորաբաժանումների և առանձին զինծառայողների շրջանում։ Հոկտեմբերի մեկին զորամասը ներգրավվեց համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությանը։ Դասակներից մեկը գործուղվեց սահմանամերձ զորամաս (հրամանատար` փոխգնդապետ Ս. Ստեփանյան) և մասնակցեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության, ապա դաշտային պայմաններում, բացազատելով հրամանատարական կետ, կատարեցինք առաջադրված խնդիրները։ Հոկտեմբերի 24-ին զորամասը կրկին համալրվեց պահեստազորի զորահավաքային ուժերով։ Քանի որ զորամասը գտնվում էր մշտական տեղակայման վայրում, մենք բոլորին տրամադրեցինք զինվորական հագուստ և ներգրավեցինք կարգացուցակով նախատեսված ծառայությունների մեջ։ Գիշերելով զորամասում՝ նրանք ամեն օր առավոտյան վերկացից մինչև գիշեր բարեխղճորեն տանում էին ծառայությունը և մասնակցում տեսական, գործնական պարապմունքներին։ Դարձյալ նշեմ, որ բոլորն էլ մեր նախկին զինվորներն էին, կային նաև տարբեր բուհերի քիմիական-կենսաբանական ֆակուլտետների շրջանավարտներ՝ մանկավարժներ, դասախոսներ, տնտեսության տարբեր բնագավառների աշխատողներ։

Անդրադառնալով շարունակվող ուսումնական գործընթացին՝ հրամանատարը նշեց, որ զորամասն ունի հրաձգություն կատարելու վարժասարքեր, և որ գործնական պարապմունքները կատարվում են նախ վարժասարքերով, այնուհետև հրաձգային զենքերով.

-Եթե զինվորը վարժասարքով «գերազանց» գնահատական է ստանում, բացառվում է, որ իրական կրակի ժամանակ «լավ» գնահատականից ցածր ստանա։ Այժմ զորամասը համալրված է հիմնականում ՌԴ զինվորական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ սպաներով, որոնք իրենց շատ լավ են դրսևորում, ապահովում են զորամասի մարտունակությունը։ Ավելացնեմ, որ ռազմական տեխնիկան շատ լավ վիճակում է և արդեն պատրաստ է շահագործման ձմեռային պայմաններում, զորամասը ապահովված է գազով, ունի առանձին կաթսայատուն և նույնպես պատրաստ է ձմեռային շրջանին։

Նոյեմբերի 12-16-ը ուսումնական դասակը հանձնեց ավարտական քննությունները՝ գրանցելով բարձր արդյունք։

♦♦♦

Նշենք նաև, որ զորամասում հավուր պատշաճի նշվել է քիմիական զորքերի 20-րդ տարեդարձը։ Միջոցառումներին մասնակցել են զորատեսակների բազմաթիվ նախկին զինծառայողներ։ ՌՔԿՊ վարչության առաջին պետ գնդապետ Մինաս Հայրապետյանը պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Կապիտան Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ գործող վաշտը ինչպես անցած, այնպես էլ այս տարի նույնպես լավագույնն է զորամասի կազմում։

«Գազազերծող, ապաակտիվացնող, ախտահանող տեխնիկական միջոցները և ռադիացիոն քիմիական հետախուզման տեխնիկական միջոցները» թեմատիկ պարապմունքն ավելի շատ անցածի կրկնության միտում ուներ, որովհետև վաշտի զինվորները թեմային տիրապետում էին ամբողջությամբ։

-Ես մասնագիտությանը չտիրապետող, այսինքն՝ թույլ զինվոր չունեմ, մեր նորակոչիկներն էլ փորձառուների պես տիրապետում են մասնագիտությանը,- ասաց կապիտանը։

-Այդ դեպքում թող այս սարքի նշանակությունը պարզաբանի, ասենք, այս զինվորը,- առաջարկեցինք վաշտի հրամանատարին։

-Շարքային Սուրեն Խաչատրյան։ Համազորային քիմիական հետախուզական սարք է, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել զարին, զաման, իպրիտ, ֆոզգեն, դիֆոզգեն, քլորցյան, կապտաթթու գազերը և քիմիական նյութերը…

Զինվորը, շարունակելով պարզաբանել՝ որ գազը, թույնը ինչ ազդեցություն է ունենում մարդու, կենդանական և բնական միջավայրի, հողի, ռազմական տեխնիկայի վրա, և դրանք հայտնաբերելու համար սարքն ինչպես է օգտագործվում… Հարցը տվեցինք ու կրակն ընկանք։ Զինվորն ամենայն մանրամասնությամբ պարզաբանեց ամեն ինչ։

-Որտե՞ղ ես սովորել։

-Սևանցի եմ, տասը ամսվա ծառայող, զորակոչվել եմ ագրարային համալսարանի երկրորդ կուրսից,- ասաց շարքային Խաչատրյանը։

Շարքային Վահրադ Մելիքյանին առաջարկեցինք ներկայացնել մեկ այլ սարք։ Պարզվեց՝ այն լիակատար մեկուսացնող հակագազ է, և զինվորը լիարժեք պատասխան տվեց դրա օգտագործման մասին։ Շարքային Վ. Մելիքջանյանն էլ վանաձորցի է, դպրոցից հետո ընդունվել է գեղարվեստի քոլեջ ու զորակոչվել, ծառայել է ընդամենը հինգ ամիս։ Մյուս սարքը գամմա ճառագայթի հայտնաբերման և չափման համար էր նախատեսված, և դրա օգտագործման ձևը պարզաբանեց շարքային Ժիրայր Ստեփանյանը։

Մասնագիտական հարցերի շուրջ զրուցեցինք նաև «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով պարգևատրված ծխային դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Ժորա Աղրաֆյանի, քիմիկ-վարորդ Հարություն Առաքելյանի, ԱՐՍ-14 ավտոմեքենայի հրամանատար, քիմիկ-ախտահանող շարքային Հերբերտ Մաթևոսյանի, «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանակիր նույնպես քիմիկ-վարորդ շարքային Գևորգ Քալոյանի, քիմիկ-հետախույզ շարքային Հարություն Մարգարյանի, քիմիկ-ծխեցնող շարքային Ցոլակ Մուրադյանի հետ։ Ցույց տալով սարքավորումներն ու գործիքները՝ նրանք պարզ ու հասկանալի բացատրեցին, թե առաջադրանքներն ինչպես են կատարվում։ Հասկացանք, որ հրամանատարն իզուր չէր գովաբանում իր սպաներին, զինվորներին։ Այստեղ ճիշտ ու նպատակային են օգտագործում ուսման համար նախատեսված ժամանակը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/11/2012