ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ
«Խոստում եմ տալիս դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել Հայաստանի Հանրապետության օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան: Վարժարանի կոլեկտիվի կողմից ինձ տրված գիտելիքներն ու ֆիզիկական ունակությունները օգտագործել միայն ի նպաստ հայրենիքի պաշտպանության ու հզորացման, անառարկելիորեն ընդունել եւ առաջնորդվել վարժարանի կանոնադրությամբ, լինել ակտիվ, խիզախ եւ կարգապահ: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել ռազմական ուսումնական հաստատություն, դառնալ հայոց ազգային բանակի արժանի սպա եւ բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Անողոք լինել ազգի թշնամու եւ ներողամիտ ու բարյացակամ թույլերի հանդեպ, եւ եթե չկատարեմ խոստումս, թող արժանանամ իմ ժողովրդի արհամարհանքին»:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին ուսումնական վաշտի սաների արտաբերած խոստման տեքստի ամեն մի բառը համոզիչ եւ ազդու էր հնչում: Նոյեմբերի 15-ին հիմնական դպրոցն ավարտած աշակերտները երդվեցին ու հրամանագրվեցին որպես վարժարանի սաներ: Այդ օրը նշվում էր նաեւ վարժարանի կազմավորման 19-րդ տարեդարձը. « Այս տարիների ընթացքում վարժարանը կրթել եւ նոր կյանք է ճանապարհել 1000-ից ավելի շրջանավարտների, որոնք այժմ ծառայում են ՀՀ զինված ուժերում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ, ուսանում են ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում եւ մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց խիզախությունն եւ նվիրվածությունը ռազմական գործին, աչքի են ընկել իրենց կազմակերպվածությամբ: Ուրախալին այն է, որ մեր վարժարանը համալրվում է նոր սաներով, որոնք մեծ ոգեւորությամբ փորձում են հաղթահարել դժվարությունները: Այսօր առաջին վաշտի դիմորդներն իրենց որոշումը ամրագրեցին երդմամբ: Արարողություն, որը նրանց առջեւ դնում է նոր պատասխանատվություն ու պարտականություններ»,-նշեց վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը:
Առաջին ուսումնական վաշտի սան Հայկազ Բաշոյանի աչքերը փայլում էին ուրախությունից: Մայրը ասում է` 55-ամյա մեծ հայրենասեր Ավոն կհպարտանար, եթե տեսներ, թե իր անունը կրող ռազմամարզական վարժարանի սաները ինչպիսի լրջությամբ ու ակնածանքով են վերաբերվում հայրենիքի պաշտպան դառնալու իրենց ընտրությանը, իսկ Հայկազը ավելացնում է. «Ես հպարտ եմ, որ քաղաքացին եմ մի երկրի, որ կոչվում է Հայաստան, ես հպարտ եմ նաեւ, որ այսօր սանն եմ 19-ամյա մի վարժարանի, որի հրամանատարությունը ստեղծում է բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի մենք բազմակողմանի կրթություն ստանանք, ֆիզիկապես ուժեղ եւ հոգով տոկուն լինենք, դառնանք մեր երկրին արժանի զինվորներ ու սպաներ: Մեր վարժարանի մանկավարժներն ու հրամանատարները մեր մեջ սերմանում են ազգային արժանապատվություն, հայրենիքի հանդեպ անսահման սեր, անսասան կամք եւ հպարտություն: Այս մի քանի ամսվա ընթացքում մենք զգացինք ավագ ընկերների հոգատարությունը, բարձր կուրսեցիների իսկական ընկերական վերաբերմունքը մեր` կրտսերներիս հանդեպ ու պատասխանատվությունը»: Հայկազը հավաստիացնում է, որ գիտակցում է` մեր պապերն ու հայրերն իրենց արյան ու կյանքի գնով ձեռք բերած անկախ երկրի ապագան նաեւ իրենց հետ են կապում:
ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի համար էլ հասկանալի եւ ընդունելի է թե՛ սաների, թե՛ նրանց ծնողների հուզմունքը, նաեւ ակնհայտ ` ծնողները հպարտությամբ հետեւում են առաջին անգամ համազգեստ կրող իրենց որդիների խոստման արարողությանը. «Լա՛վ սովորեք, եղե՛ք ջանասեր, ոչնչի առաջ մի՛ կանգնեք գիտելիք փնտրելու ճանապարհին: Հավատարիմ մնացեք ձեր խոստմանն ու հիշեք, որ դուք եք մեր հայրենիքի ու սահմանների անխախտելիության պաշտպանները: Այսօր առանց կայուն գիտելիքի անհնար է կայանալ որպես զինվորական գործի մասնագետ, ուրեմն բարեխղճորեն վերաբերվեք ձեզ տրված այն հնարավորությանը, որ ունեք այս պատերի ներսում»,-խորհուրդ տվեց Մհեր Շիրինյանը: Վարչության պետը ռազմամարզական վարժարանի անձնակազմին եւ սաներին խրախուսեց պատվոգրերով ու շնորհակալագրերով: Այնուհետեւ, ըստ վարժարանի ավանդույթի, Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը ամրակցվեց լավագույն սանի անունով: Այդ պատվին արժանացավ Վրեժ Աղամիրյանը` ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն եւ օրինակելի կարգապահություն ցուցաբերելու համար: Վարժարանի սաները նաեւ ցուցադրեցին օդային ու գետային անցում պարանով, շենքից տուժածի տեղափոխում, մարզական վայրէջք կատարեցին շտաբի շենքի 4-րդ հարկից, իսկ վերջում առաջին ուսումնական վաշտի սաները շարային հանդիսավոր երթով մուտք գործեցին կյանքի նոր փուլ:
♦♦♦
Արդեն մի քանի ամիս է, ինչ Սիմակը, Մոնթեն, Էդգարը, Գեղամը, Վահագնը և Հայկը հայրենական տնից բավականաչափ հեռու են: Պատանիները Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերից են: Այս տարի ընդունվել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Արդեն մի քանի ամիս նրանք ապրում են զորանոցային պայմաններում, ամեն առավոտ մարզվում են, կոփվում ֆիզիկապես, սովորում են ինքնուրույն լինել, պատասխանատվություն կրել, դժվարությունները միասին հաղթահարելու ունակություններ զարգացնել: Այստեղ պատանիները 3 տարի զինվորական գործ ու ռազմարվեստի գաղտնիքներ են ուսումնասիրելու: Նրանց համար արդեն հստակ է անցնելիք ուղին, խոչընդոտներից չեն երկնչում, վստահեցնում են, որ սպա լինելը մեծագույն պատիվ կլինի իրենց համար:
Գեւորգյան Սիմակ. Հարազատների կարոտը Սիմակն արդեն հաղթահարել է: Ասում է` կարոտից չի լացել(ժպտում է), բայց տանջվել է սկզբնական շրջանում. «Առաջին արգելքը հաղթահարել եմ եւ հոգեպես պատրաստ եմ կատարելու զինվորական դառնալու հաջորդ քայլերը: Վարժարան ընդունվելու իմ որոշումը գիտակցված էր: Ես ծնվել եմ Խնձորուտում, պատերազմի տարիներին մեր գյուղը մնացել է՝ կանգուն հարևան գյուղերից կտրված լինելով շուրջ 20 կմ-ով, թշնամու դեմ հանդիման` 25կմ սահմանով։ Հորեղբայրս` Ավագը, եւս մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, այժմ էլ զինվորական է: Նրա` իր գործին նվիրվածությունը, ամուր տղամարդու կերպարը ինձ համար միշտ չափանիշ է եղել: Միշտ հիացել եմ թե՛ նրա, թե՛ մեր գյուղացիների կամքով: 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 229 խնձորուտցիներ, որոնցից հետ չեն վերադարձել 80-ը: Պետք է շատ աշխատեմ, որ կարողանամ գյուղի պատիվը բարձր պահել»:
Գրիգորյան Վահագն. Ներքին Բազմաբերդցի մոնթեականը դպրոցում բոլոր առարկաները հավասարապես է սովորել, բայց առանձնակի հաճույքով էր մասնակցում ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության դասերին. «Ինձ շատ էին հետաքրքրում զենքի կիրառման հմտությունները, քանդել-հավաքելը, մեր ուսուցչի` «Աջ դարձ: Ձախ ուսն առաջ: Քայլով` մարշ» հրամանը կատարելիս ես ինձ իսկական զինվոր էի զգում, ոչ թե աշակերտ: Դպրոցում ստացած գիտելիքներիս ու կարողություններիս շնորհիվ այստեղ ինձ ինքնավստահ եմ զգում: Եթե նախկինում որոշ առարկաներից թերանում էի, ապա վարժարանում կրկնակի գործ եմ անում, որպեսզի հետ չմնամ մյուսներից: Բոլորն էլ ձգտում են սովորել, առողջ մրցակցություն կա: Ինձ համար կարեւոր է, որ սահմանային զորամասում ծառայող եղբայրս ինձնով պարծենա»:
Մելքումյան Մոնթե. «Հանգիստ բնավորությամբ, անմիջական, բարձրահասակ, մկանուտ, խրոխտ ձայնով, ազնիվ.-այսպես է Մոնթեն նկարագրում իր հորը` Հակոբին, եւ ավելացնում,-Նա իմ հպարտությունն է, ժամերով կարող եմ լսել նրա պատմությունները Մոնթեի մասին, որի հրամանատարությամբ կռվել է, Ամարասի ազատագրման մասին: Մեր գյուղը` Մաճկալաշենը, Ամարասի տարածքում է` վանքից մի քանի մետր վերեւ: Հայրս պատմում է, որ կռիվները վանքի համար տեւել են երկու տարի, 5 արկ է կպել վանքին, մեր գյուղը վեց զոհ է տվել, բայց ադրբեջանական զորքին այդպես էլ չի հաջողվել վանք մտնել: Այս եւ նման այլ դրվագներ օգնել են ինձ կողմնորոշվելու մասնագիտությանս հարցում. զինվորական պիտի դառնամ, վերադառնամ ու պաշտպանեմ հայրենի գյուղի սահմանները»:
Բաբայան Հայկ. Բաբայանների ընտանիքում անհամբեր սպասում էին իրենց ավագ որդու` Հայկի առաջին արձակուրդին: Նրան դիմավորել են տոնական սեղանի շուրջ, հավաքվել էին բարեկամներն ու գյուղացիները. «Յուրահատուկ վերաբերմունք զգացի անգամ Այգեձոր տանող ավտոբուսում, բոլորը կրկնում էին, որ համազգեստը ինձ շատ է սազում, ինչպես եւ հորս: Հայրս պայմանագրային զինծառայող է, երկու տարի առաջ ոտքից վիրավորվել է, բայց ապաքինվել ու նորից վերադարձել է դիրքեր: Նա միշտ ցանկացել է ինձ զինվորական տեսնել: Երբ համազգեստ հագած մտա տուն, անչափ հուզվեց, ամուր սեղմեց ձեռքս ու ասաց, որ հպարտ է նպատակասլացությանս համար»:
Վոլուեւիչ Էդգար. Լեհաստանում ծնված, բայց Արցախում մեծացած Էդգարը գտնում է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է նպաստել երկրորդ հայկական պետության կայացմանն ու հզորացմանը. «Մարտակերտում դժվար գտնեք մի ընտանիք, որ հարազատ չի կորցրել պատերազմի ընթացքում, որ խաղաղության գինը չգիտի, որ չի գնահատում նրանց, որոնց շնորհիվ Արցախն այսօր խաղաղ է ապրում: Ես էլ ուզում եմ զինվորականի մասնագիտությամբ օգտակար լինել իմ հայրենիքին, որ ծնողներս ու հարազատներս իմ թիկունքում իրենց ապահով զգան»:
Կիրակոսյան Գեղամ. Գեղամը հաճախ է բարձրանում իրենց գյուղի` Դովեղի հայտնի բարձունքը, որտեղից պարզ երեւում են ադրբեջանական դիրքերը. «Դիրքերից էլ գյուղի կենտրոնն է երեւում, մեր գյուղը Ադրբեջանին սահմանակից է 19 կմ երկարությամբ: Ադրբեջանական դիրքերի եւ Դովեղի միջեւ հեռավորությունը 2 կմ է, հակառակորդը հաճախ է կրակում մեր մանկապարտեզի, դպրոցի, խանութների ուղղությամբ, բայց կրակոցի ձայներից մեզ մոտ ոչ ոք վեր չի թռչում, չի վախենում, հենց կրակոցները կտրվում են, նորից բակ ենք դուրս գալիս: Այդ պահերին հայրիկիս համար եմ անհանգստանում: Նա պայմանագրային զինծառայող է: Եթե տանը մեկը զինվորական է, բոլորը նրա կյանքով են ապրում: Ես ուզում եմ հայոց բանակի սպա դառնալ եւ հորս հետ կիսել գյուղի սահմանը պահելու դժվարությունը, ուզում եմ, որ դովեղցին չթողնի բահն ու չփախչի, հանգիստ մշակի իր հողատարածքը»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի