ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ ԿԱՌՈՒՅՑ Է
Զրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ ԱՐՏԱՇԵՍ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Փարսադանյան, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը բոլորեց իր 20-ամյակը և այսօր նշում է իր մասնագիտական տոնը։ «Հայ զինվորի» և ընթերցողների անունից շնորհավորում եմ հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում եմ, որ հայկական ռազմական բժշկության հետագա տարիները լինեն է՛լ ավելի բեղուն ու արգասաբեր։
-Շնորհակալություն։ Հայոց ռազմական բժշկությունը, ինչպես հայոց բանակը ունեն պատմական արմատներ ու ավանդույթներ։ Ճակատագրի բերումով՝ հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում ժողովրդի բնականոն և օրինաչափ զարգացումը խաթարվել է, սակայն հայ մարդը, այնուամենայնիվ, իր արյան ու գենի մեջ կրել է նախնյաց մշակույթը, հակումները, փորձառությունը։ Թերևս դա էր պատճառը, որ թեև մեկնարկային հնարավորություններով մենք զիջում էինք հարևան երկրներին (երկրաշարժ, պատերազմ, տնտեսական ճգնաժամ), բայց կարողացանք ստեղծել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Նույնը վերաբերում է նաև ռազմական բժշկությանը։ Հայկական բանակում եղել են ամոքողներ, որոնք կատարել են նույն ռազմական բժշկի գործառույթները։ Նրանց մեջ աչքի են ընկել հատկապես հեքիմները և պալատական բժիշկները, որոնք տիրապետել են բնական ծագման դեղերի պատրաստման արհեստին, թունաբանությանը և բժշկության այլ բնագավառների։ Հայ բժիշկների համբավը դուրս է եկել երկրի սահմաններից, ու երբեմն նրանց օգնությանն են դիմել նաև օտարները։
-Այդուամենայնիվ, մենք ստիպված ենք եղել սկսել նորովի, և զինված ուժերի ռազմական բժշկությունը կազմավորվել է շատ ծանր պայմաններում։
-Ըստ էության, ռազմական բժշկությունն սկսել է ձևավորվել ազգային բանակի կազմավորումից առաջ, ազատագրական պայքարի օրերին, երբ բժիշկ-կամավորականները մեկնում էին ճակատ։ Նրանք անդամագրվում էին ազատագրական ջոկատներին և զինվորներին ու ռազմիկներին օգնելու համար օգտագործում էին բոլոր հնարավորությունները։
Երբ պաշտպանության նախարարի հրամանով 1992-ին ստեղծվեց զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, սկսվեց կառույցի ձևավորման գործընթացը։ Այդ փուլը տևեց մինչև 2005 թ.։ Զինված ուժերի բուժապահովումը իրականացվում էր հիմնականում քաղաքացիական բուժհիմնարկների միջոցով, և ռազմաբժշկական կառույցը համալրվում էր քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկներով։ Դա նվիրումի ու խանդավառության շրջան էր, երբ չկար կանոնավորված աշխատանք, ու հայրենանվեր մարդկանց մի խումբ գերմարդկային ջանքերի շնորհիվ փորձում էր բուժսպասարկում ապահովել զորքերում և ձևավորել ռազմաբժշկական ծառայությունը։ Այդ տարիներին սկսվեց ծառայությունը կանոնակարգող օրենքների և հրամանների մշակման գործընթացը։ 2005-ին պաշտպանության նախարարին է ներկայացվում ռազմաբժշկական ծառայության համալիր ծրագիր, որը ներառում էր մի շարք գլոբալ միջոցառումներ, ինչպիսիք էին բուժծառայության շենքային պայմանների բարելավումը (բուժկետերի շինարարություն, կապիտալ վերանորոգում), բուժծառայության տեխնիկական վերազինում (ներդրվեցին շարժական ֆլուրոգրաֆներ, վերակենդանացման և անզգայացման նոր սարքեր, ռեանիմոբիլներ, սանավիացիա), ստեղծվեցին ճառագայթային ախտորոշման բաժիններ, վերազինվեց ախտորոշման կենտրոնը։ Իրականացվեցին բուժկանխարգելիչ աշխատանքներ, սկսվեց պայքարը կառավարվող ինֆեկցիաների դեմ։ Այդ շրջանի կարևոր ձեռքբերումներից էր տուբերկուլյոզի դեմ պայքարում ձեռքբերված հաջողությունները և ատիպիկ թոքաբորբի կանխարգելումը և բուժումը։ Այդ շրջանը բնորոշվում է նաև կադրային արդյունավետ քաղաքականությամբ և բուժծառայության կառուցվածքի բարելավումով։
2000-2007թթ. բուժծառայության շարունակական և հավասարաչափ զարգացման շրջան էր, երբ տեխնիկական վերազինումը զուգորդվում էր բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմամբ, երբ շենքային պայմանների բարելավման հետ փոխվում էր բուժծառայության բովանդակությունը՝ շեշտը դնելով հիվանդության նախադրյալների վերացման և կանխարգելիչ աշխատանքների վրա։ Սկսած 2006 թվականից՝ զինակոչիկները զորահավաքակայանում ստանում էին պատվաստումներ 10 հիվանդությունների դեմ, որի արդյունքում բանակում ընդհանրապես վերացան 10 կառավարվող ինֆեկցիաներ, ինչպիսիք են հեպատիտը, կարմրուկը, կարմրախտը, մինինգիտը և այլն։ Որոշակի հաճախականությամբ բանակի ամբողջ ծավալով իրականացվում է դիսպանսեր հետազոտություն։
-Կխնդրեի, որ խոսեք նաև 2007-2010թթ. եռամյա ծրագրի մասին։ Որո՞նք են եռամյա ծրագրի շրջանակում արձանագրված էական ձեռքբերումները։
-Մենք խնդիր ունեինք բուժծառայության բոլոր օղակների և ստորաբաժանումների շենքային պայմանները համապատասխանեցնելու որոշակի չափանիշների։ Ծրագրում ընդգրկված էին ինչպես զորամասերի բուժկետերը, այնպես էլ հոսպիտալային օղակները։ Երեք տարվա ընթացքում կառուցեցինք նոր շենքեր, հիմնովին վերանորոգեցինք բոլոր այն կառույցները, որոնք չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Եթե նախկինում շքեղ կառույցների կողքին կարող էինք հանդիպել անբարեկարգ շինությունների, եռամյա ծրագրի ավարտին այդ էական տարբերությունը գրեթե վերացվեց, և արձանագրվեց բուժծառայության շենքային պայմանների նոր որակ ամբողջ բանակի համար։ Եռամյա ծրագրի շրջանակում ընդգրկված էր նաև բանակի բուժծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան կադրերով համալրելու խնդիրը։ Մեր ուշադրության կենտրոնում էին հատկապես զորամասային օղակները։ Մեր կադրերը սկսեցին վերապատրաստվել արտերկրում։ Բանակի բուժծառայության տեխնիկական վերազինումը եռամյա ծրագրի հենքային խնդիրներից էր։ Բուժծառայության բոլոր օղակները ապահովվեցին անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով, ինչը բանակի բուժսպասարկումը բարձրացրեց նոր մակարդակի։
Մենք բլինդաժներից զինվորներին տեղափոխեցինք կացարաններ, որոնք խոնավ չեն, տաքացվում են և ունեն օդը մաքրող համակարգ։ Սկսեցինք զինվորներին տալ վիտամինացված սնունդ։
-Եռամյա ծրագիրը ավարտվեց 2010-ին, ինչը ենթադրում է զարգացման ու կատարելագործման նոր փուլ։
-Սկսվել է շրջադարձային բարենորոգումների ժամանակաշրջանը՝ գիտատեխնիկական առաջընթացի, որակական զարգացման նոր փուլ, որն ընդգրկում է բուժծառայության բոլոր ուղղություններն ու կառույցները։ Կարևոր ձեռքբերում է դաշտային պայմաններում բուժապահովումը արդյունավետ կազմակերպելու նպատակով դաշտային տարհանման համալիրի ներդրումը, ինչը օպերատիվ բուժօգնության և հաջող ելքի առաջին պայմանն է։ Նեյրովիրաբուժության նոր, գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են ընձեռում կատարելու ողնաշարի, ողնուղեղի և գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, ինչը առայժմ եզակի է տարածաշրջանում։ Հոդերի փոխարինումը մետաղակառուցվածքներով նույնպես ժամանակակից մեթոդ է, որն արդեն հասանելի է մեր հիվանդներին։
Այսօր ռազմաբժշկական կառույցում աշխատում են բժշկական գիտությունների 6 դոկտորներ, 34 բժշկական գիտությունների թեկնածուներ, պատրաստվում են 4 դոկտորական և 3 թեկնածուական թեզեր։ Ռազմաբժշկական վնասվածքների և հրազենային վերքերի բուժման վերաբերյալ մեր բժիշկների ձեռքբերումները հետաքրքրություն են առաջացրել նաև եվրոպական երկրներում։ Պիտի առանձնացնեմ թրթուրաբուժության վերաբերյալ Աշոտ Զոհրաբյանի ձեռքբերումները, Արման Հակոբյանի շնորհիվ՝ նեյրովիրաբուժության հաջողությունները, Լևոն Ժամագործյանի՝ մետաղական կառուցվածքներով հոդերի փոխարինման եզակի վիրահատությունը։ Հաջողությամբ գործում են քիթ-կոկորդ-ականջաբանության, դիմածնոտային վիրաբուժության և ակնաբուժության բաժանմունքները, հզորացվել են վերակենդանացման, անզգայացման, ճառագայթային ախտորոշման բաժինները, ախտորոշման կենտրոնը։ Նեյրովիրաբուժական և վիրաբուժական ծառայությունները հագեցված են տարածաշրջանում նմանը չունեցող բազմաթիվ սարքերով ու ապարատներով, որոնք հնարավորություն են տալիս կատարելու բացառիկ վիրահատություններ։
Ռազմական բժշկական ծառայությունը հաջողությամբ համագործակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունգարիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան։ Գերմանիայի Բունդեսվերի եւ ԱՄՆ ազգային գվարդիայի հետ համատեղ մարտավարամասնագիտական զորավարժությունները հավանության են արժանանում եվրոպական զարգացած երկրներում։
Մատուցած ծառայությունների համար շնորհակալությունս հայտնելով զինված ուժերի ողջ բուժանձնակազմին, կուզենայի առանձնացնել ակնաբուժական, վերակենդանացման ու սանավիացիոն, անեսթեզիոլոգիական, վիրաբուժական ու թերապևտիկ ծառայություններին, հանձինս իրենց պետերի։
Հիվանդ զինծառայողների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և անձնական ներդրումների համար գոհունակության ու շնորհակալանքի խոսք եմ ուղղում գնդապետ Սամվել Գևորգյանին, Մեխակավանի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի, Զանգեզուրի կայազորային հոսպիտալների հրամանատարներին։ Շնորհակալություն եմ հայտնում բուժծառայության վետերաններին, որոնք այսօր էլ մեր կողքին են իրենց բարի խորհուրդներով։
Շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությանը ընձեռած հնարավորությունների համար, որոնք ապահովում են ՌԲ ծառայության անշեղ զարգացումը:
Հավաստիացնում եմ, որ ԶՈՒ ՌԲ ծառայությունը պատրաստ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:
Շնորհավորում եմ մեր բանակին ու ժողովրդին բուժծառայության կազմավորման 20-ամյակի և ռազմական բժիշկների մասնագիտական տոնի առթիվ։ Բոլորին մաղթում եմ անձնական երջանկություն և աշխատանքային ձեռքբերումներ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում