Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ»



«20-ամյա հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացումով, գալիք հաղթանակների հանդեպ անխախտ հավատով… ու հույսով, որ հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար»,- ահա այս ուղերձով է սկսվում Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» ստվարածավալ գիրքը։ Այն ազգային բանակի ակունքներում կանգնած և նրա ձևավորման ու կայացման գործում հենքային դերակատարում ունեցող զինվորականի հիշողություններն են զինված ուժերի անցած ուղու մասին։ Այն Արցախյան պատերազմի զորահրամանատարի մտորումներն ու հույզերն են ազատամարտի տարբեր դրվագների՝ վերելքների ու վայրէջքների, պարտությունների ու հաղթանակների շուրջ։ Այն ռազմագետի քննախույզ ու անաչառ վերլուծություն է՝ մտավորականի բարոյական շեշտադրումներով ու գնահատականներով։ Գրքում ընդգրկված են ոչ միայն Արցախյան պատերազմի ու բանակաշինության տարեգրությունը, այլև Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի՝ բանակաշինությանը վերաբերող ելույթները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները, գիտական հոդվածները, արտասահմանյան մասնագետների՝ հայկական բանակին տված գնահատականները։

Նոյեմբերի 20-ին պաշտպանության նախարարությունում Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի շնորհանդեսն էր։ Շնորհանդեսին մասնակցում էին հայ հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ՝ պետական պաշտոնյաներ, գիտնականներ, զինվորականներ, գրողներ, ուսուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ…

Շնորհանդեսը բացեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ պատմության փառահեղ էջերը կերտելուց զատ, այդ պատմությունը թղթին հանձնելու և գալիք սերունդների կենսագրությունը դարձնելու խնդիրը միշտ էլ եղել է կարևոր և արդիական։ Եվ ահա այդ պատմությունը կերտողներից մեկն ստանձնել է նաև այն բարձրացող սերնդին ու ապագային պատգամելու պարտավորություն։ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» կարող է դառնալ ցանկացած հայի սեղանի գիրքը, որովհետև այն բոլորի կենսագրությունն է, և բոլորս ենք այն հպարտության բաժնեկիցը, որը կոչվում է հաղթանակած պատերազմ և կայացած ազգային բանակ։

Վարդան Ավետիսյանի բացման խոսքից հետո առաջին ելույթը վերապահված էր գրող Զորի Բալայանին։ Գրողին հատուկ հուզականությամբ ու անմիջականությամբ՝ Զորի Բալայանը հիշեց մաքառումի տարիները. «Դեպքերի ու զարգացումների էպիկենտրոնում կանգնած հրամանատարը, երբ իջնում էր դիրքերից ու հնարավորություն էր ունենում նստելու գրասեղանների առջև, վերցնում էր գրիչը, ու նրա սեղանին միշտ գրառումներ կային»։ Եվ հենց այդ օրերին էր ծնվում այն գիրքը, որը պիտի լույս տեսներ տարիներ հետո…

Ելույթ ունեցավ նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նրա բնորոշմամբ՝ գիրքը բանակաշինությանն ուղղված հայացք է ներսից, և հնարավորություն է տալիս մասնագետի արհեստավարժությամբ ու ականատեսի օբյեկտիվությամբ գնահատելու բանակի դժվար ու մաքառումներով լի ընթացքը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով՝ մենք ազգային բանակի կենսագրությունը ամփոփող խորքային վերլուծությունների պակաս ունենք։ Անշուշտ, պատմությունը չի սիրում հապճեպություն, սակայն 20 տարիները հնարավորություն են տալիս հետ նայելու և արժևորելու անցածը։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարևորեց գրքի աղբյուրագիտական նշանակությունը և բարոյական ենթատեսքստը։ «Գրքում չկա որևէ պատեհապաշտության նշույլ»,- ասաց պատմաբանը, քանի որ հեղինակը կարողացել է զերծ մնալ կողմնակալությունից և օբյեկտիվորեն գնահատել յուրաքանչյուրի վաստակը։ Սա ազգային բանակի այն եզակի տարեգրությունն է, որը պատմաբանի խոսքերով, մեզ է վերադարձնում մեր ազգային արժանապատվությունը։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի բնորոշմամբ՝ գիրքը այնքան պատկերավոր է, որ ասես դառնում ես մարտական գործողությունների ու իրադարձությունների ականատեսը։ Գրքի լեզուն պարզ է, ոճը՝ մատչելի։ Եվ արձանագրումներից զատ, բացահայտվում են դեպքերի և զարգացումների պատճառահետևանքային կապերը, տրվում են գնահատականներ՝ չափավոր, ազնիվ ու անաչառ։

Որպես «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի կարևորագույն առավելություն՝ Հայկ Դեմոյանը նշեց վավերագրության բացառիկ մանրամասնությունը, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը կարևորեց գրքի ճանաչողական նշանակությունը։

Շնորհանդեսը եզրափակեց գրքի հեղինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Շնորհակալություն հայտնելով հավաքվածներին շնորհանդեսին մասնակցելու համար, նախարարը նշեց, որ իր գիրքը ընդհանուր առմամբ հայ ժողովրդի պատմության վերջին 20-ամյակի մասին է, որովհետև ինչպես Արցախյան պատերազմը, այնպես էլ բանակաշինության հաջողությունները ժողովրդի տքնանքի ու նվիրումի արգասիքն են։ «Ես միշտ է կարևորել եմ «շտաբային մշակույթը»,- ասաց նախարարը,- և հրամաններից բացի նաև խոսքով եմ դիմել անձնակազմին, որովհետև անկեղծ, պարզ, ազնիվ ու ըմբռնելի խոսքը կարող է էական ազդեցություն ունենալ»։ Նա իր գիրքը որակեց որպես անցածի արժևորում ժողովրդի պատմության հերթական հանգրվանում, որպես գնահատական և դաս ապագա սերունդներին։

Նախարարը խոսեց նաև այն բարոյական շեշտադրումների մասին, որոնք առկա են գրքում։ Միասնականությամբ սեփական ուժը բազմապատկելու և կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը գրքի հենքային գաղափարներից են։ «Հաճախ մենք միասնական ենք եղել վտանգի պահին, սակայն խաղաղ պայմանները լիարժեք չենք օգտագործել»,- բանաձևեց նախարարը՝ նշելով, որ գիրքը նաև խաղաղության ժամանակահատվածը գալիք հաղթանակների երաշխիք դարձնելու հորդոր է։

Սեյրան Օհանյանը խոսեց նաև իր ծրագրերի մասին։ Նա կանդրադառնա հայոց բանակի հրամանատարի և զինվորի հավաքական կերպարին՝ պատմելով այն հայորդիների մասին, ում անձնվիրության ու խիզախության շնորհիվ մենք ունենք ինքնիշխան երկիր, մարտունակ բանակ ու պաշտպանված սահմաններ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


28/11/2012