ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԶՈՐ ՈՒԺ ԵՆ»
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը, նախքան ուսանողների հետ հանդիպումը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ մասնակցեց մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ` զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի և Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը: Ներկա էին նաև զոհված ազատամարտիկների հարազատները:
Արա Ավանեսյանը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից էր, խորհրդային բանակում ծառայությունը ավարտելուց հետո շարունակել է ուսումնառությունը ԵՊՀ-ում: Սակայն չէր կարող անտարբեր լինել, երբ Արցախում թեժանում էին մարտերը: 1991 թ. մեկնեց Արցախ` մասնակցելու հարազատ գյուղի ինքնապաշտպանությանը: Զոհվեց 1992 թ., այսօր տեղի միջնակարգ դպրոցը նրա անունն է կրում:
Էդուարդ Ավագյանը 1986 թ. ավարտեց դպրոցն ու նույն թվականին ընդունվեց Օրջոնիկիձեի բարձրագույն հրամանատարական ուսումնարան, սակայն պետական ուղեգիր չունենալու պատճառով նրան բուհ չընդունեցին: Նույն թվականին զորակոչվեց խորհրդային բանակ, հատուկ պատրաստություն անցավ եւ ծառայությունը շարունակեց Աֆղանստանի Քաբուլ քաղաքում, որտեղից դուրս եկավ խորհրդային բանակի վերջին հրասայլով: Խորհրդային բանակում արժանացել է մի շարք շքանշանների ու մեդալների: 1990 թ. ընդունվել է ԵՊՀ: Զուգահեռ սովորել է նաեւ կասկադիորական դպրոցում: Զոհվել է 1991 թ. Մեղրիում: Հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Սարգիս Խոջոյանը երկու ամիս համալսարանում ուսանելուց հետո կամավոր դիմում գրեց եւ ծառայության անցավ նոր կազմավորվող հայոց բանակում: Նրա 18 տարին լրացավ զինվորական երդումից մի քանի օր անց: Մարտական ընկերները անվեհերության համար նրան «Բասմաչ» էին անվանում: Զոհվել է 1994 թ. Հորադիզում, պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Տիգրան Պետրոսյանը 1984 թ. զորակոչվել է խորհրդային բանակ եւ ծառայությունն անցկացրել Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում տեղակայված զինվորական ստորաբաժանումում: Խորհրդային կառավարության եւ Աֆղանստանի ղեկավարության կողմից արժանացել է մի շարք պարգեւների: Զորացրվելուց հետո ընդունվեց ԵՊՀ, սակայն կիսատ թողեց ուսումն ու Աբովյանի երկրապահ ջոկատի կազմում մասնակցեց հայրենիքի ազատագրմանը: 1992 թ. «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մասնակցեց Արցախի ինքնապաշտպանությանը, զոհվեց Բերձորում: Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Պաշտպանության նախարարը ազատամարտիկների ծնողներին երախտիքի խոսքեր ասաց` նշելով, որ յուրաքանչյուր պայքար ենթադրում է նաև դառը կորուստներ:
Սեյրան Օհանյանը ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում այնուհետեւ հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նա կարևորեց ուսանողության դերը հաղթանակների հասնելու և մեր երկրի պատմության կերտման ճանապարհին. «Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողությունը հզոր ուժ է: Հայ ժողովրդի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարեք. ապագան ձեր ձեռքերում է: Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան մենք»:
Ուսանողներին շնորհավորելուց հետո Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ կազմավորումը եւ անցած ուղին, պատմեց բանակում ընթացող բարեփոխումների, ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքների մասին. «Երբ զորավարժությունների նախօրեին հայտարարում ենք զորահավաք, որին մասնակցում են նաեւ պահեստազորայինները, ժողովուրդն ասում է` պատերազմ է սկսվում, կամ սահմանում մարտական գործողություններ են: Այդպես չէ: Զինված ուժերի պատերազմական ժամանակահատվածի կառուցվածքը միայն գործող բանակը չէ: Մենք պահեստազորայիններին պարբերաբար հրավիրում ենք զորավարժությունների` թարմացնելու նրանց պատրաստվածությունը: Մենք հաջողության կարող ենք հասնել միայն երեկվա եւ այսօրվա զինվորականների համատեղ պատրաստականությամբ»:
Ներկաները տեղեկացան, որ, գրագետ հրամանատարական կազմ ունենալու հարցը կարեւորելով, կազմվել եւ արդեն հաստատվել է Ռազմակրթական հայեցակարգ, որոշվել է, թե որ օղակում ինչ մասնագիտության սպաներ ու հրամանատարներ պետք է պատրաստվեն. «2013 թվականից պետք է սկսենք կազմավորել մեր սեփական ակադեմիան` հրամանատարաշտաբային գործի սպաներ պատրաստելու համար, նաեւ պետք է հիմք ստեղծենք հետագայում ռազմավարական մակարդակի ուսումնական հաստատություն ունենալու համար` ազգային ռազմավարական հետազոտությունների հենքի վրա»,- նշեց նախարարը:
Այնուհետև նա պատասխանեց ուսանողների հարցերին:
Հանդիպմանը ներկա զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների ու հարազատների անունից Դուշման Վարդանի մայրը` տիկին Զարիկը, շնորհավորեց ուսանողներին եւ նշեց. «Ես սգավոր մայր չեմ ու չեմ լացում ոչ մի տեղ. ես հերոսի մայր եմ, որը փամփուշտ է շարել որդու գնդացրի համար: Այսօր թոռս է ծառայում հայոց բանակում, եւ Աստված չանի, որ թշնամին նորից ձեռք բարձրացնի ժողովրդիս վրա, էլի փամփուշտ կշարեմ»:
Հանդիպման վերջում ՀՀ ԶՈՒ հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար «Դրաստամատ Կանայան» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալների եւ պատվոգրերի արժանացան ԵՊՀ մի շարք աշխատակիցներ եւ ուսանողներ: Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ին նվիրեց իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գիրքը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Բանակ և հասարակություն