Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՓՍՈ՜Ս, ՀԱԶԱ՛Ր ԱՓՍՈՍ…



-Շարժման առաջին օրից մինչև իր մահը՝ 93-ի մարտի 30-ը, պաշտպանական դիրքերում է եղել, լեգենդար Ավոյի հետ, նրա կողքին,- պատմում է «Արծիվ» ջոկատի մարտիկ Սեյրան Ամիլյանի կինը, որը հիմա հայոց լեզվի ու գրականության սիրված ուսուցչուհի է մեր՝ Մեծ Թաղերի (Հադրութի շրջան) միջնակարգ դպրոցում։ -Մասնակցեց Շահումյանի, Դրմբոնի, Մաճկալաշենի, Մարտակերտի գրեթե բոլոր գյուղերի ազատագրմանը։ Լուսինես ընդամենը ինը ամսական էր, երբ հայրը զոհվեց։ Հիմա սովորում է Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, չորրորդ կուրսում։ Ու լավ է սովորում։ Տասնութ տարին ե՞րբ անցավ՝ ինքս էլ չգիտեմ։ Բայց ամե՜ն-ամե՜ն ինչ հիշում եմ։ Հիշում եմ՝ այսօրվա նման։ 92-ի հունիսի 28-ին թշնամին եկել-հասել էր Կարմիր Շուկա։ Ու նա մտահոգ էր խիստ, երեխան մի քանի օրական էր։ Ամբողջ օրը ոտքի վրա էր, ո՛չ քուն ուներ, ո՛չ դադար։ Մե՛կ պահակակետում էր, մե՛կ՝ կամավորականների հետ։ Հոկտեմբերի սկզբներին մեկ էլ եկավ, թե՝ ձեր էստեղ մնալը վտանգավոր է դարձել, արի քեզ ու երեխին տանեմ Երևան։ Համաձայնեցի։ Եկանք Երևան։ Անցավ մոտ երեք ամիս (ճիշտն ասած՝ չէի սպասում) եկավ ու մեզ նորից տեղափոխեց գյուղ։

-Կամաց-կամաց դրությունը լավանալու է,- ասաց։ -Կտեսնե՛ս, մերոնք վերջը փշրելու են թուրքի մռութը։ Կհիշե՛ս իմ խոսքը։

Այդպես էլ եղավ։ Բայց, ափսո՜ս, հազա՛ր ափսոս, որ նա չտեսավ… Չտեսավ պատերազմի հաղթական ավարտը։ Չտեսավ ու գոնե մի օր հանգիստ շունչ չառավ։

Ալվինան ամուսնու զոհվելու հանգամանքների մասին գիտի միայն մարտական ընկերների պատմածներով։

-Օմարի լեռնանցքի բարձունքը գրավելուց հետո, հետդարձի ճանապարհին մարտիկները նկատում են թփերի, քարերի ետևում դարան մտած ադրբեջանցիներին։ Հրամանատարը՝ Ավոն, հրամայում է պառկել։ Առաջին ու վերջին անգամ Սեյրանը չի ենթարկվում, սողեսող մոտենում է՝ փորձելով հանկարծակիի բերել ու զինաթափել թշնամուն։ Սակայն հենց այդ պահին թշնամու գնդակը խոցում է հերոսի սիրտը։

Հայրենիքը կորցրեց իր նվիրյալներից մեկին։ Սեյրանը դարձավ հավերժի ճամփորդ ու գնաց միանալու անմահների բանակին։

…Ինչպես պատմում են, կարճատև մարտից հետո ընկերներին հաջողվում է փախուստի մատնել ադրբեջանցիներին, փրկել ջոկի խիզախ հրամանատարի դին գերությունից՝ դրանով իսկ հարգանքի վերջին տուրքը մատուցելով նրան։ Ի դեպ, արժե սիրով ու երախտագիտությամբ հիշել Սենիկ Գրիգորյանին, որը կրակի տարափի տակ հասել ու, արյան մեջ կորած հերոսի անշնչացած մարմինը շալակելով, շուրջ երեք հարյուր մետր ուժերի գերլարումով բերել-հասցրել էր մեր դիրքեր։

Ահա այսպես է եղել։ Ահա այսպիսին է եղել Սեյրան Ամիլյանը՝ քաջ ու կորովի, իր ուխտին, իր երդմանը հավատարիմ մարտիկը։

Նժդեհի խորիմաց բառերը.

«Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել։ Հաղթել՝ ինչ գնով էլ լինի»։ Սեյրան Ամիլյանը հասնում է իր նպատակին ու հաղթում է։

Նրա աճյունն ամփոփվում է հայրենի Գյունե Ճարտարում։ Ու թեև ողբերգական այն օրից՝ 93-ի մարտի 30-ից, երկար ու ձիգ տարիներ են անցել, թեև ֆիզիկապես մեր կողքին չէ նա, բայց նրան ամեն օր կարոտով ու սիրով հիշում են ոչ միայն թոշակառու ծնողները՝ Սեդրակն ու Լյուսյան, ոչ միայն միակ եղբայրն ու երկու քույրերը (Սիլվա, Սևիլ), այլև համագյուղացիները, որոնք այն ծանր, դժվարին օրերին նրա հետ միասին մեր սուրբ հողի համար խիզախորեն մարտնչել են։

Նրան գիտեն ու նրանով հպարտանում են բոլորը, իսկ միակ աղջիկը՝ Լուսինեն, հոր մասին գիտի միայն խնամքով ու գուրգուրանքով պահվող նրա մեծադիր լուսանկարից, «Արծիվ» ջոկատի ողջ մնացած տղաների, նախկին ազատամարտիկների հուշերից, գերեզմանատանը կանգնեցված համեստ հուշաքարից և հերոսի հետմահու ստացած երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանից։ Ու ամեն անգամ, երբ մի առանձին ակնածանքով ձեռքն է առնում շքանշանի վկայականը ու լացակումած աչքերով կարդում «Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության ու անձնական արիության համար..» բառերը, նորից ու նորից մոտենում ու կամացուկ դիմում է մորը. «Մամ, ես շատ-շա՜տ եմ ցավում, տխրում, որ պապան չկա… Բայց ներքուստ մի տեսակ ուրախանում, հպարտանում եմ, որ նա ընկել է հերոսի մահով, զենքը ձեռքին, մարտի դաշտում…»։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Ճակատագրեր


05/12/2012