Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՎ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ



Այս օրերին լրանում է հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, հայդուկապետ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծննդյան 145-ամյակը: Մեծ հայորդու հայրենանվեր կյանքը հիրավի իրական լեգենդ է ու ռազմահայրենասիրական դաստիարակության վառ օրինակ և արժանի է հատուկ ուսումնասիրության: Այդ նպատակով մենք հրատարակության ենք պատրաստել աշխատություն, որտեղ հայ պատմագիտության մեջ առաջին անգամ համակողմանիորեն և ամբողջությամբ ներկայացրել ենք Դումանի գործունեությունը: Այն սպասում է իր հրատարակչին: Սույն հոդվածով ներկայացնում ենք ընդամենը մի դրվագ նրա սխրանքներով լի մարտական կենսագրությունից:

1895 թ. օգոստոսի առաջին իսկ օրերից Վանից տագնապալի լուրեր էին հասնում Սալմաստ: Սուլթան Համիդի սանձազերծած կոտորածներն սպառնում էին նաև Վասպուրականի հայությանը: Անհրաժեշտ էր զինական օգնություն, զենք ու զինամթերք հասցնել Վան: ՀՅԴ Թավրիզի կենտրոնական կոմիտեի (Վրեժ) նախաձեռնությամբ, կազմակերպվում է զենքին քաջավարժ տիրապետող 54 հոգանոց զինատար խումբ և հոկտեմբերի 25-ին, գիշերով Նիկոլ Տեր-Հովհաննիսյանի (Նիկոլ Դուման) հրամանատարությամբ դուրս է գալիս Հաֆթվան գյուղից ու ուղևորվում Վան: Զինատար խմբի կազմում են եղել նաև Ներսես Պեոզիկյանի գլխավորած 14 արմենական մարտիկները:

Երկու օր անց զինախումբը հասնում է Սարայ գավառանիստ գյուղաքաղաքի մոտակայքում գտնվող Չյոլ-Չիման բնակավայրը, լուսաբացին հայտնվում է բաց դաշտում ու նկատվում քուրդ անցորդների կողմից: Քրդերն անմիջապես լուր են հասցնում Սարայի գավառապետին, որն էլ իր հերթին ոտքի հանելով քուրդ աշիրեթներին, գալիս ու պաշարում են հայդուկներին:

Սարայ-Բողազքյասանի կռիվների մասին առաջին գրավոր տեղեկությունները հաղորդել է Ռոստոմը, որն այդ դեպքերից շաբաթներ անց եղել էր այդ վայրերում և տեղի բնակիչների պատմածներից տեղեկացել դեպքերի մանրամասներին: Ահա այդ կռիվներին մասնակցած քրդերից մեկի պատմածը. «Մենք 2000 հոգի էինք, ամբողջ հայդարանցի ցեղը ոտի էր կանգնել: Ֆեդերիներին (անձնազոհներին) մենք պատահեցինք լեռներում: Նրանք 70 հոգուց ավելի էին: Հալածելով դրանց, մեզ յաջողվեց իջեցնել լեռներից և ձգել բաց դաշտի մէջ…»:

Հայտնվելով անելանելի իրավիճակում` ֆիդայիները հանպատրաստից կիրառում են մի այնպիսի մարտավարություն, որը հակառակորդի համար միանգամայն անսպասելի էր ու ապակողմնորոշող, բայց իրենց փրկության համար թերևս միակ արդյունավետ քայլը:

«Մենք,-խոստովանում է քուրդը,- կարծում էինք, թէ նրանք այժմ մեր ձեռքումն են, որովհետեւ փախչելու ոչ մի հնար չունեին: Բայց որքան եղաւ մեր զարմանքը, երբ այդ ֆէդայիներից շատերը, մեր գնդակներ արձակելու ժամանակ, ամենայն սառնասրտութեամբ ու հանգստութեամբ, հանեցին իրենց թաշկինակները եւ սկսեցին պարել «Կլոր պարեր»:

Հազարավոր թշնամիներով շրջապատված հայդուկները, արհամարհելով վտանգը, արիասրտության հրաշալի օրինակ դրսևորելով, շուրջպար են բռնում: Քրդերը, զարմանքից քարացած՝ դադարեցնելով հրաձգությունը, դիտում են այդ տարօրինակ տեսարանը: Չնայած տեսարանը իրոք զարմանահրաշ էր, բայց այն երկար շարունակվել չէր կարող: Սթափվելով հայդուկների «ներկայացումից»՝ քրդերը չորս կողմից վրա են տալիս, և անխուսափելի մարտն սկսվում է. 54 հայդուկներն ընդդեմ 2000 քուրդ զինյալ ձիավորների, որոնց մի փոքր անց Սարայից օգնության է գալիս թուրքական կանոնավոր զորքը:

Իսկ այդ ընթացքում ֆիդայիներն արդեն հասցնում են հարմար դիրքեր ընտրել եւ աներկյուղ ընդունելով մարտահրավերը՝ կազմ ու պատրաստ սպասում են դիմագրավելու հակառակորդի գրոհները: Վստահ իրենց քանակական տասնապատիկ գերակշռությանը՝ քրդերը ձիավոր եւ հետիոտն նետվում են գրոհի: Հիսունչորս մոսին հրացաններից միաժամանակ տեղացող դիպուկ եւ հզոր համազարկերը կատարում են իրենց հունձը: Դումանն իր անսասան եւ խրոխտ կեցվածքով ոգևորում ու ղեկավարում է աներեր մարտնչող ֆիդայիներին:

«Ընկերնե՛ր, ձեզ մատաղ,- որոտաց խմբապետը,- խփեցե՛ք, հաջողվում է մեզ, մեռնե՛նք մինչև վերջին ընկերը՝ մեր բազմաչարչար սուրբ հողի վրայ: Զարկեցե՛ք, թող անընդհատ սուլեն մեր գնդակները: Բայց միայն փամփուշտի հետ զգույշ, էլի կռիվ կունենանք…»:

Կռիվների ժամանակ հայ մարտիկները կարողացել են հմտորեն օգտագործել հեռահար մոսինների առավելությունները:

«… Մեր գնդակները,- պատմում է քուրդը,- նրանց չէին հասնում, մինչդեռ երբ մեզանից մեկը գլուխ էր բարձրացնում քարի տակից՝ ավելի մոտենալու նպատակով, նա իսկույն գնդակահար գլորվում էր»:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ, դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Պատմության էջերից


05/12/2012