ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՈՒՐԸ
ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԸ` ԱՂԲԱՄԱՆ
Ադրբեջանական նավթի մասին առասպելը աստիճանաբար հօդս է ցնդում: «Նավթային երկիր» հորջորջվող Ադրբեջանում շուտով ընդհանրապես նավթ չի լինելու: Նավթային թափոնները որպես նավթ ներկայացնելը այս երկրի «քաղաքականության» հիմնաքարն է: Հենց այդ խաբեության վրա կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը ու, դա վերջն էր` Արևմուտքը, մի անգամ խաբվելով, այլևս չի խաբվի:
Ադրբեջանական ներկայիս քաղաքականության (Արևմուտքի աչքին թոզ փչելու) նոր խաբկանքը Ղազախստանից նավթ, իսկ Թուրքմենստանից եղբայրաբար էժան գազ գնելն ու իր «կայացած նավթագազամուղով» Արևմուտքին թանկ գնով վաճառելն է` խոշոր շահույթի ակնկալիքով: Այնինչ Ադրբեջանը իր ջայլամային քաղաքականությամբ չի ուզում տեսնել, որ Ռուսաստանը արդեն իսկ Թուրքմենստանի գազը իր տարածք է տեղափոխում Կասպից ծովի մյուս ափով: Իսկ Ղազախստանի հանքավայրերից ստացվող նավթը առավել ձեռնտու գնով տեղում հենց գնում է Ռուսաստանը: Եվ հանուն մահմեդական եղբայրության և ալիևյան «ճկուն» մտքի ու քաղաքականության՝ Ղազախստանը չի ընդհարվի հյուսիսային հարևանի հետ:
Այսուհանդերձ, Ադրբեջանը նոր թատերաբեմ է մտել. այժմ կռիվ է մղում նաև Կասպից ծովում նոր հանքավայրերի հայտնաբերման և սեփականելու համար: Քանի դեռ վերջնականապես լուծված չէ ջրային ավազանի սահմանազատման հարցը, Ադրբեջանը Կասպից ծովի Թուրքմենստանին պատկանող ջրերում փորձելու է նոր հանքավայրեր զավթել:
Պարզից էլ պարզ է, որ այս ճակատում էլ պարտությունը անխուսափելի է. փչացնելով հարաբերությունները Թուրքմենստանի հետ, հզոր Պարսկաստանին մոծակի խայթոց տալով կամ Ռուսաստանի ռազմակայանը փակելով՝ Ադրբեջանը ոչնչի չի հասնի, բացի թշնամիներ ձեռք բերելուց` դրանով իսկ մոտեցնելով իր անօրեն կառավարման մոտալուտ վախճանը:
Նավթի հիմնական պաշարները Ադրբեջանից թալանվել են դեռեւս Ռուսական կայսրության ժամանակաշրջանում. չէ՞ որ այն տարիներին նավթի շտեմարանը Բաքուն էր: «Հայերի գլխավորությամբ (նշվում են Մանթաշովները և այլք) անխնա, երկրին բնապահպանական աղետ պատճառելով՝ թալանվում էր ընդերքը, իսկ դաշտավայրերն ու արոտավայրերը վերածվում էին մազութի ծածկույթի` դուրս մղելով խաշնարած բնապահպան հիմնական տերերին իր երկրից» («Բնապահպանական հաշվետվություններ», Բաքու 2009թ.):
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Բաքուն 300 մետր խորության վրա նավթի հանքավայր էր հայտնաբերում: Այժմ ամբողջ աշխարհում այդ շեմն իջել հասել է 5000 մետրի և խորը: Նավթ հայտնաբերելու և հանքերի շահագործման համար այսօր լուրջ ներդրումներ ու տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ: Լավագույն հանքավայրերը մարդկության կողմից վաղուց հայտնաբերված են: Թերևս երկիր մոլորակի վրա նավթային պաշարներ մնացել են օվկիանոսային շելֆերում, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում և Անտարկտիդայում:
Այժմ էլ հանքավայրերը Ադրբեջանում շահագործվում են անխնա` հաշվի չառնելով գիտական հետազոտություններն ու մարդկության փորձը: Նախագծային շեղումներով փորվել և փորվում են հորատանցքեր` «տնտեսելով» թանկարժեք նյութերն ու անհրաժեշտ միջոցները: Օրինակ` ծովի ընդերքում նավթային հորատանցք փորելիս ջրի և նավթի շերտերը խնամքով իրարից զատելու համար անհրաժեշտ է հորատանցքի պատերը ցեմենտապատել` թույլ չտալու, որ ջրերը այլ շերտերից խառնվեն նավթային շերտին, նավթայինը` ջրայինին (տե՛ս նկարը): Չէ՞ որ նավթի և գազի հանքավայրերը միլիոնավոր տարիների ընթացքում են ձևավորվում. ածխաջրածինները կաթիլ առ կաթիլ զատվում են ջրից և հավաքվում հատուկ, բնության կողմից ստեղծված թակարդներում (տե՛ս նկարը): Իսկ սխալ հորատման կամ շահագործման հետևանքով նավթի մի մասը հորատանցքի ճեղքերից դուրս է գալիս և խառնվում ջրին (կորչում է): Հետեւաբար մի քանի տարիների ընթացքում տգիտության, ագահության և թալանի պատճառով խոշոր հանքավայրերը կարելի է աղբամանի վերածել:
ԱՉՔ ՏՆԿԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՈՏՔ ՏՆԿԵԼԸ ՄԻ ՔԱՅԼ Է
Մեզնից շատերը բարկությամբ հարց են տալիս՝ ի՞նչ է մեզանից ուզում Ադրբեջանը, չէ՞ որ վաղուց պարզ է, որ Ղարաբաղն այլևս չի կարող իրենցը լինել: Սակայն հիշեցնեմ երկու փաստ.
ա) Ադրբեջանում 4մլն բնակիչ չի ստանում ջրի այն քանակը, որն անհրաժեշտ է նորմալ գոյատևման համար: («Բնապահպանական հաշվետվություններ», Բաքու 2010թ.),
բ) 1996թ. ադրբեջանցի զորահրամանատարներից մեկը, իր ելույթում դիմելով զինվորներին, ասել է. «Գնացե՛ք, գրավե՛ք հայերի աղբյուրները, եթե զոհվեք էլ` փույթ չէ, գոնե ձեր սերունդները խմելու ջուր կունենան. իսկ քանի դեռ չեք գրավել, օգտվելու եք հայերի կոյուղաջրերից»…
Այո, հայերը հնուց ի վեր ապրել և ապրում են նախալեռնային գոտիներում, այստեղից են բխում լեռնային սառնորակ աղբյուրներն ու գետակները, այստեղ են մարդու կյանքի, կենսագործունեության համար այնքան անհրաժեշտ լավորակ օդն ու քաղցրահամ ջուրը: Այդ ջրերով են ոռոգվում այգիներն ու անարատ պտուղ տալիս: Այո, մեր ժողովուրդն է տերը իր լեռների և սառնորակ աղբյուրների, և ոչ մի քոչվոր չի կարող տեր դառնալ դրանց:
Նավթը վերջանում է, իսկ բնակչությունը՝ արագ աճում, ալիևյան կլանը սարսափի մեջ է` շուտով իրենք իրենց են ուտելու: Կատաղում են ու ելք են փնտրում` «գրավե՛ք հայերի աղբյուրները »…
Ի դեպ` թեյ խմել սիրող «ադրբեջանցիները» երևի չգիտեն, որ աղբյուրի ջրով համով թեյ չի ստացվի, որովհետև օրգանական մնացուկների քանակը աղբյուրի ջրում քիչ է, իսկ հանքային աղերը շատ են: Մինչդեռ առվի ջուրը, որը նրանք դարերով օգտագործել են, ամենահարմարն է թեյ եփելու համար: Պատահական չէ, որ Ղարաբաղում հայերը մեքենա էին ուղարկում հարթավայր` հատուկ «քյարիզից» ջուր բերելու, որպեսզի թեյ թրմեն:
Այնպես որ, լավ կլինի` ադրբեջանցիները բավարարվեն Աստծո տվածով. հայի բաժինը ծանր է, աչք տնկել պետք չէ, շատ թանկ կնստի…
ԱՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
գնդապետ