Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՂՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Բունդեսվերում ռազմական կրթությունը կրում է անընդմեջ, նպատակաուղղված և սոցիալապես ուղղորդված բնույթ: Վերադաս պաշտոնի նշանակելիս նկատի է առնվում սպայական կազմի պատշաճ ուսումնառության պարտադիր փորձը: Սպայի պատրաստվածության աստիճանը պետք է ներդաշնակ լինի զբաղեցրած պաշտոնին:

Կրթության հարցում պետության նպաստն աճում է սպայի ծառայական աճին զուգընթաց: Այսպիսի համակարգը հնարավորություն է ընձեռում հրամանատարական կազմը պահելու երկրի ու բանակի ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած արդի պահանջների մակարդակին:

Այժմ անդրադառնանք Բունդեսվերի ցամաքային ուժերի Դրեզդենյան ռազմական ուսումնարանում սպաների պատրաստության կոնկրետ փորձին:

Մշտական ու փոփոխական կազմերի ղեկավարման, դաստիարակման և ուսուցման համար պատասխանատու է բրիգադային գեներալի զինվորական կոչումով ուսումնարանի պետը: Նրան են ենթարկվում կադրերի հարցերով զբաղվող խորհուրդը, զորային պատրաստության վարչությունը, դպրոցի շտաբի ղեկավարման խումբը, ուսումնական 2 հոսքերը: Յուրաքանչյուր հոսքի մեջ ներառված են 5 ուսումնական կուրսեր: Կուրսը համալրվում է 5 ուսումնական խմբերով` յուրաքանչյուրում 20-ական մարդ:

Դպրոցի պետին է ենթարկվում նաև մարտական պատրաստության կենտրոնը: Դպրոցի շտաբի կազմում ընդգրկված են հետևյալ բաժինները.

Տ1- կադրային աշխատանքի,

Տ2- ռազմական անվտանգության,

Տ3- կազմզորահավաքային աշխատանքների, ուսումնական աշխատանքի՝ մարտավարական պատրաստության գծով 3 բաժինների կազմով,

Տ6- տեղեկատվական տեխնոլոգիաների.

մասնագիտական առարկաների, առանձին տեղեկատվական կենտրոնի (հեռուստա-ստուդիայի, գրադարանի, տեղեկատվական-ծրագրային ապահովման ծրագրերի խմբի) դասախոսները:

Ուսումնական հոսքերի պետերը մասնակցում են իրենց հոսքերում ընդգրկված թեկնածու սպաների ուսուցմանը: Դասընթացի (կուրսի) պետը իր ծառայական պարտականությունները զուգորդում է «Քաղաքական կրթություն» և «Մարդկանց (ստորաբաժանումների) ղեկավարում» ուսումնական առարկաների դասավանդման հետ:

Թեկնածու սպաների խմբի համակարգողը ղեկավարում է և պատասխանատու է 20 մարդուց բաղկացած խմբի դաստիարակման և ուսուցման վիճակի համար: Միաժամանակ պարապմունքներ է անցկացնում ստորաբաժանումների մարտավարական պատրաստությունից և ղեկավարումից: Նա հանդիսանում է վստահված անձ, օրինակելի վարքի տեր և խորհրդատու խմբի կուրսանտների համար, որոնք առաջինը նրան են դիմում իրենց հարցերով ու առաջարկություններով:

Դպրոցի մարտավարական պատրաստության կենտրոնն իրականացնում է ամբողջ զինված ուժերի ցամաքային զորքերի մարտավարական պատրաստության և որակավորման բարձրացման հիմունքների մշակումը, համակարգում է ցամաքային ուժերի այլ դպրոցներում մարտավարության դասավանդման հարցերը, իր ավանդն է ներդնում մարտավարության սկզբունքների հետագա զարգացման գործում, մշակում է մարտավարական պատրաստության պարապմունքների անցկացման մեթոդիկան` օգտագործելով համակարգչային մոդելավորումը, պահպանում է ցամաքային ուժերի մարտավարական պատրաստության միասնական պահանջները:

Մարտավարական պատրաստության կենտրոնին է ենթարկվում մարտական գործողությունների SIRA մոդելավորման մարմինը: SIRA գումարտակում պատրաստություն են անցնում գումարտակների հրամանատարները և շտաբների սպաները, դպրոցում սովորող թեկնածու սպաները:

Կենտրոնի գլխավոր նպատակն է պատրաստել ու կրթել ժամանակակից մարտի ղեկավարման հմտություններին գիտակ սպաներ, զարգացնելով նրանց գործնական վարժվածությունը մարտականին մոտ զորավարժությունների ընթացքում:

Ապագա սպաների ուսուցումը դպրոցում իրականացվում է Բունդեսվերի սպաների պատրաստության կանոններին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2003թ. հուլիսի 1-ին:

Ստորաբաժանումների ղեկավարման մասնագիտական հիմունքները ներդրվում են դասակի հրամանատարի պատրաստության ժամանակ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլ նաև զորքերում ծառայության հաջորդականության մասին է, որը, անհրաժեշտ փորձ ու հմտություն տալով, ձևավորում է սպային, որպես անհատ՝ ծանոթանալով ցամաքային ուժերի լավագույն սպաների փորձին:

Ապագա սպան պարտավոր է իրեն դրսևորել որպես բազմակողմանի զարգացած զինվորական ղեկավար, ղեկավարվել բարոյական ու քաղաքավարական նորմերով՝ պատրաստ կատարելագործելու սեփական անհատականությունը` ստեղծագործական ունակությունները, մասնագիտական կարողությունները, լինելու համակողմանի իրազեկված, դրսեւորելու սեփական նախաձեռնություն, ինչպես նաեւ՝ պատասխանատվություն կրելու կամք ու քաղաքացիական արիություն:

Սպաների պատրաստությունն իրականացվում է 2 փուլով. 1-ին` զինվորական մասնագիտական կրթության ստացում (3,3 տարի), 2-րդ` Բունդեսվերի 2 համալսարաններից մեկում բարձրագույն քաղաքացիական կրթության ստացում:

Թեկնածու սպաների 1-ին փուլն ընդգրկում է նախնական զինվորական պատրաստության եռամսյա դասընթացը, որն անցկացվում է Բունդեսվերի համապատասխան զորատեսակի ստորաբաժանումներում: Այնուհետև զինծառայողներն ուղարկվում են այս կամ այն զորատեսակի զորային դպրոցներ և այնտեղ 3-4 ամսվա ընթացքում ստանում նախնական զինվորական մասնագիտացում և որակավորում: Հետագա 3 ամիսներին նրանք ստաժավորում են անցնում զորքերում` ջոկի հրամանատարի պաշտոնում (մարտական մեքենային հրամանատար) – 3 ամիս, դասակի հրամանատարի տեղակալի պաշտոնում- 5 ամիս: Այնուհետև 6 ամսվա ընթացքում շարունակվում է նրանց պատրաստությունը սպայական դպրոցում` անգլերենի 4-ամսյա պարտադիր ուսուցմամբ:

(շարունակելի)

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ռազմական


07/12/2012