Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎԻ «ՇՆԱԳԱՅԼԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»



Ադրբեջանը այս տարի նույնպես շարունակեց իր շանտաժի և վարկաբեկման մարտավարությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի նկատմամբ: Բաքվի որդեգրած մարտավարությունն ըստ էության թեև պարզունակ, բայց բազմաֆունկցիոնալ մարտավարություն է, որը գործարկվում է ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական դաշտերում: Թեև այն բնազդային գործոններով պայմանավորված, սակայն միաժամանակ եւ հղկված ու մշակված մարտավարություն է, որն ավելի շուտ հոգեբանական ազդեցության բնույթ է կրում: Եթե նախկինում այս մարտավարությունը հայկական կողմի համար որոշակի անհարմարություններ էր ստեղծում, ապա այժմ այն հիմնականում կառավարելի է դարձել, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես «շնագայլային մարտավարություն», որը, սակայն, ենթադրում է հայկական կողմին տարատեսակ զիջումների պարտադրում: «Շնագայլային մարտավարությունը» գործարկվում է այնպիսի բաղադրիչների ներառմամբ, ինչպիսիք են` պատերազմի վերսկսման շանտաժը, հզորության իմիտացիան, բանակցային գործընթացների տապալումը և ապակողմնորոշումը:

Առաջին բաղադրիչը` պատերազմի շանտաժը, իր «սառը պատերազմ կամ արյունոտ խաղաղություն» բանաձևումով գործի է դրվում սպառնալիքների, ագրեսիվ վարքի, սադրանքների, դիվերսիոն հարձակումների և սահմանի երկայնքով գնդակոծությունների կիրառմամբ, որոնց նպատակն է վախեցնել և բարոյալքել հակառակորդին:

Երկրորդ բաղադրիչը` հզորության իմիտացիան, կոչված է հզոր ֆինանսական, ռազմական, տեղեկատվական ռեսուրսների գերազանցության, միջազգային ասպարեզում հզոր երկրների կողքին հավասարը հավասարի հետ նույնականացվելու պատրանքի ստեղծմանը, որը նույնպես ուղղված է հակառակորդի բարոյահոգեբանական ճնշմանը: Այս բաղադրիչը ադրբեջանական իշխող էլիտան գործածում է նաև արտաքին և ներքին քարոզչական նպատակներով, ինչը որքան անարդյունավետ է միջազգային հանրության և հայկական կողմի վրա ներազդելու գործում, նույնքան եւ արդյունավետ է ներադրբեջանական համակարգում:

Երրորդ՝ «բանակցային գործընթացների անարդյունավետության» բաղադրիչը նպատակ ունի միջազգային հանրության առջև բանակցային գործընթացների տապալման տպավորություն ու կարգավորման գործընթացից դուրս սպառնալիքների միջոցով արհեստական խառնաշփոթ ստեղծել, լղոզել և զրոյացնել հայկական կողմի պատմական, իրավական և բարոյական առավելությունները ադրբեջանական կողմի նկատմամբ:

Եվ վերջին` ապակողմնորոշման բաղադրիչը կամ հակաքարոզչությունը, նույնպես վերոնշյալ մարտավարության կարևոր բաղադրիչներից է եւ «Վատ հայի» և «լավ ադրբեջանցու» արհեստական համեմատական առաջ քաշելու, Հայաստանի մասին կեղծ ու խեղաթյուրված լուրեր տարածելու, հայկական մշակույթի, պատմության ու հայերի հետ կապված ամեն ինչ վարկաբեկելու և կեղծելու նպատակ ունի: Հիշեցնենք, որ ըստ WikiLeaks-ի՝ Ի.Ալիևի բանսարկությունների թիրախ են եղել նաև Պուտինը, Էրդողանը, Ահմադինեժադը և Յուշչենկոն: Բարեբախտաբար, ադրբեջանական կեղծ տեղեկատվությունը իրենց իսկ աճեցրած տիրույթից դուրս տեղեկատվական այլ միջավայրերում ներկայումս լուրջ չի ընդունվում։

Կարելի է ասել՝ Ադրբեջանը խճողվել է ռազմավարական և մարտավարական հարթություններում: Չնայած հսկայական ծախսերին, Ադրբեջանը չկարողացավ ձեռք բերել ռազմական և տեղեկատվական առավելություն Հայաստանի նկատմամբ: Բաքուն չստացավ այն, ինչ ակնկալում էր Արևմուտքից՝ արժանանալով միայն «նավթային ցիստեռն» լինելու պատվին: Ինչպես իրավացիորեն նշում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը իր «ՀՈջՉՈս ԸջպՐոՈռՊՋՈվՈ վՈփՈսրÿ – ՍՏսՏՍՏս ցՊՈՐՌս» հոդվածում, Ադրբեջանի դիվանագիտական մարտավարությունը և ռազմավարությունը ԼՂՀ նկատմամբ արդեն թվում են հնացած: Ադրբեջանի, այսպես կոչված, մարտավարական պայքարը կարելի է գնահատել իբրեւ իրականությունից կտրված՝ պատրանքածին, տգետ վարքագծի (դա են վկայում «սև ցուցակները», Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հայտարարությունները, աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ Վրաստանին ուղղված կոչերը և այլն) հետեւանք: Դրա թարմ ապացույցն է նաև «Ալիևի twitter-յան գրառումները»: Իսկ թե ինչու է հակահայկական քարոզչության գործին լծվել ծանր հրետանին` Ադրբեջանի նախագահը և ինքն է օրինակ ծառայում հասարակ ադրբեջանցիների համար, նույնպես պատասխան ունի` իր իսկ ընտրած մարտավարության նվազող արդյունավետությունը կասեցնելու և այն նոր ձևով վերաիմաստավորելու ապարդյուն ջանքեր:

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ռազմաքաղաքական


07/12/2012