ԿԱՆԽԵՆՔ ԱՆՈԹՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄԸ
Մարդու մարմնի բոլոր մասերը ունեն անոթներ, որոնք եռաշերտ սնամեջ խողովակներ են և լինում են երեք տեսակի. զարկերակներ, որոնք ապահովում են արյան հոսքը դեպի օրգաններ, մազանոթներ, որոնք ապահովում են արյան միջից սննդանյութերի և թթվածնի անցումը դեպի հյուսվածքներ, և երակներ, որոնք ապահովում են արյան հետհոսքը հյուսվածքներից դեպի սիրտ: Անոթների ախտահարումները բազմազան են և շատ տարածված, դրանցից են զարկերակային աթերոսկլերոզը, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը և այլն: Ախտահարման մեխանիզմներում մեծ նշանակություն ունի ոչ առողջ ապրելակերպ վարելը: Այստեղ ներկայացված են մի քանի պրակտիկ միջոցներ, որոնց հետևելը թույլ կտա կանխելու անոթների ախտահարումը կամ մեղմել դրա չափը:
1. Հրաժարվել ծխախոտամոլությունից, քանի որ վերջին 30-35 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտում պարունակվող նիկոտինը, խեժը և այլ նյութերը բերում են անոթային համակարգի ախտահարումների (աթերոսկլերոզի), անոթների պատերի առաձգականության խանգարումների և այլն:
2. Անհրաժեշտ է վարել ակտիվ, շարժուն ապրելակերպ, քանի որ քիչ շարժվող մարդկանց մոտ սկսվում են կանգային երևույթներ, որոնք էլ բերում են անոթային պաթոլոգիաների: Խորհուրդ է տրվում քայլել: Խոսքը վերաբերում է ոչ արագ, ոչ դանդաղ քայլքին, ցանկալի է ձեռքերը ազատ վիճակում (ոչ գրպաններում), նախնական 2-3կմ օրվա ընթացքում, հետագայում հասցնելով 5-7կմ-ի:
3. Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կոշիկի կրունկի չափերին: Բարձր կրունկներ խորհուրդ չեն տրվում: Առանց կրունկի կոշիկներ կարելի է կրել այն կանանց, որոնք անոթային խնդիրներ չունեն: Անհրաժեշտ և ցանկալի է կրել կրունկի միջին չափս ունեցող կոշիկներ:
4. Անոթային խնդիրներ չունենալու համար անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել սննդին: Խորհուրդ չի տրվում ընդունել խոլեստերինով հարուստ սնունդ: Ցանկալի է շատացնել բուսական ծագման սննդամթերքի քանակը, իսկ սպիրտային խմիչքների քանակը պետք է լինի սահմանափակ:
5. Զինվորներին խորհուրդ է տրվում ոտքերը երեկոյան լվանալ գոլից մի քիչ սառը ջրով: Մահճակալում մի փոքր ժամանակավոր թեքություն ստեղծել՝ ոտքերին հանգիստ տալու և կանգային երևույթների պրոֆիլակտիկայի համար (ոտքերը մարմնի նկատմամբ լինեն 15-200 թեքության տակ):
բ/ծ մայոր Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Լեռնային Հայաստան»
առողջարանի բուժ. մասի պետ