ԹՌԻՉՔ
Երբ խմբագրությունը հերթական շնորհակալական նամակը ստացավ զինվորական բժիշկ, ՊՆ կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ մայոր Լևոն Ժամագործյանի մասին, ես սկսեցի նախապատրաստվել հարցազրույցի՝ հետաքրքրվել ակնարկիս ապագա հերոսի կենսագրությամբ, համբավով, հակումներով…
-Սովորական մարդ չէ, շատ ինքնատիպ է, եռանդուն, կյանքով լի… Նկարում է, բազմաթիվ կտավներ ունի… «Բոինգ-737»-ի խցիկ է հավաքել իր ձեռքերով… Էությամբ արտիստ է…
Նման դեպքերում պիտի հարցերդ շարադրես հնարավորինս պարզունակ, որոշակի ու միանշանակ, որպեսզի կարողանաս գեղանկարչության, «Բոինգ-737»-ի և արտիստի չհատվող տիրույթներում գտնես «բժշկին» ու տեղավորես մեկ հոդվածի շրջանակում։ Եվ ես զրույցն սկսում եմ ամենապարզունակ ու պրոզայիկ հարցով…
-Ե՞րբ ծնվեց բժիշկ դառնալու որոշումը։
-Իմ երազանքը օդաչու դառնալն էր։ Որքան ինձ հիշում եմ երկինք եմ երազել։ Հայրս՝ Մերուժան Ժամագործյանը, վաստակավոր օդաչու էր։ Նա երազել է բժիշկ դառնալ, բայց մի օր տեսել է երկնքով անցնող ինքնաթիռները ու սիրահարվել է երկնքին։ Հայրս պատմում էր, որ զինվորական օդաչուական բուհում բոլոր քննությունները հաջող հանձնելուց հետո, ռուսերենից անբավարար է ստացել։ Ու երբ հանձնաժողովի նախագահ գեներալը հարցրել է, թե առանց ռուսերեն իմանալու ինչպես է պատրաստվում օդաչու դառնալ, հայրս արտասանել է իր իմացած միակ ռուսերեն նախադասությունը. «ղՏփց սպՑՈՑՖ»… Չգիտեմ՝ հայրս ինչ զգացմունքով, ինչ ներշնչանքով է արտաբերել այդ նախադասությունը, բայց գեներալը ասել է՝ բացառության կարգով՝ ընդունեք… Երեք ամիս հետո կգամ և անձամբ կստուգեմ ռուսերենիդ իմացությունը։ Հայրս զինվորական բուհը ավարտել է կարմիր դիպլոմով։ Ես ռուսական կրթություն ունեմ, բայց հայրս ինձնից գրագետ էր ռուսերեն խոսում։ Նա երկնքի նվիրյալ էր։ Միակ մարդն էր, որ կոմունիստ չլինելով՝ դարձավ հրամանատար։ Ես մինչև հիմա պահել եմ Բրեժնևի հրամանը՝ ուղղված ԽՍՀՄ ավիացիայի նախարար Բուգաևին։ Նա հանձնարարում է անկուսակցական հորս նշանակել հրամանատար՝ իբրև բացառություն։ Ես հաճախ էի թռչում հորս հետ խցիկում։ Իմ մանկությունը թռիչք էր և թռիչքի սպասում։ Ամեն ինչ անում էի, որ թողնեն թռչեմ, որովհետև ինձ երկնքից զրկելով էին պատժում։
Ես հասկանում եմ, որ պետք է չտրվել զրույցին, որ պետք է «չբարձրանալ» երկինք ու չխորանալ… որովհետև իջնելը դժվար կլինի…. որովհետև այս զրույցը ժամանց չէ, այլ աշխատանք, պարտավորություն… զինվորական բժշկի լավ աշխատանքի մասին գրելու պարտավորություն։ Որ զրույցից հետո ես նստելու եմ սպիտակ թղթի առջև ու փորձելու եմ կերպար հավաքել… Բայց ես չեմ կարողանում զսպել գայթակղությունս…
-Ես չգիտեմ՝ ինչ է երկինքը։ Ինձ համար ինքնաթիռը փոխադրամիջոց է… Ասել է թե՝ ես չեմ եղել երկնքում։
-Երկնքում ուրիշ չափագրություն է, երկնքում քո ծավալներն ուրիշ են, ուրիշ է տիեզերքի հետ կապը։ Ազատության ծավալներն են ուրիշ։ Սիրո, ներդաշնակության, ազնվության… Երկինքը անխաթար գեղեցկություն է… Երկնքում հնչում է ամենակատարյալ երաժշտությունը… Երկնքում մարդկային ամենագեղեցիկ երազանքներն են ապրում։
-Դուք երկի՞նք եք նկարում։
-Ո՛չ։ Երկինքը կատարյալ է, ես իմ կտավներում կատարելագործում եմ երկրային իրականությունը։ Նկարչությունը հոգու ճախրանք է։ Ես բնություն եմ նկարում։ Ես վերցնում եմ մի պատկեր, մաքրագործում եմ այն ու դնում եմ կտավին։ Ես նկարում եմ աշխարհն այնպես, ինչպես ինքս եմ ուզում տեսնել։ Ես արարում եմ իմ աշխարհը։
–Եվ ի՞նչն եք մաքրում։
-Չարությունը, նախանձը, նյութապաշտությունը, փոքրոգությունը… բոլոր դիմակները։ Շինծու ժպիտները, սուտ բառերը… Դատարկ աչքերն ու սառը սրտերը… Այն ամենը, ինչ քեզ գամում է հողին ու չի թողնում թռչել։ Կտրում է հոգուդ թևերը։
-Ձեր ընկերները ինչ-որ «Բոինգ-737»-ի մասին էին պատմում։ Ճիշտն ասած, լավ չհասկացա՝ ինքնաթի՞ռ եք սարքում։ Ինչո՞ւ…
-Տարիներ շարունակ հավաքել եմ։ «Բոինգ-737»-ի խցիկը պատրաստ է արդեն։ Ինչո՞ւ… Ես մաս-մաս հավաքել եմ իմ երազանքը։ Այդպես ես մոտ եմ երկնքին։ Ինչո՞ւ… Ինչու է մարդը նկարում, բանաստեղծություն գրում կամ երաժշտություն։ Չգիտեմ՝ ինչու։ Մի անգամ ինքնաթիռում խնդրեցի ուղեկցորդուհուն օդաչուին ասել, որ եթե Ժամագործյան ազգանունս իրեն ինչ-որ բան ասում է, ինձ թույլ տա մտնեմ խցիկ։ Քիչ անց ուղեկցորդուհին եկավ և ինձ հրավիրեց խցիկ։ Օդաչուն ասաց, որ հորս աշակերտն է եղել և շատ պարտական է նրան։ Քիչ անց խցիկ հրավիրեցին նաև կնոջս։ Երբ կինս մտավ խցիկ, բացականչեց՝ էս ոնց որ մեր տունը լինի։ …«Բոինգ-737»-ում ես իմ տանն եմ… Ու թռչում եմ։
Ես հասկանում եմ, որ ձախողել եմ այս զրույցը։ Որ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ լավագույն ռազմական բժիշկներից մեկի՝ բժշկական գիտությունների դոկտոր, 43 գիտական աշխատանքի (3 մոնոգրաֆիայի) հեղինակ, մոտ 20 տարվա զինվորական կենսագրություն ունեցող Լևոն Ժամագործյանի հետ զրույցը փրկելու համար հարկավոր է կուլ տալ՝ «իսկ դուք ինչպե՞ս եք սիրում» հարցը և արտասանել՝ իսկ ինչպե՞ս բժիշկ դարձաք…
-Ես նվիրյալ եմ սիրո մեջ։ Բացարձակ զուրկ եմ եսասիրությունից։ Ես տալիս եմ. սա սիրելու իմ ձևն է։ Ես այդպես եմ սիրում, առանց ոչինչ պահանջելու։ Խնդրում եմ՝ չհարցնեք, թե ես ինչպիսի կանանց եմ սիրում, որովհետև այդ հարցը սխալ է իմ դեպքում։ Ես հանկարծ սկսում եմ սիրել։ Ով կբացատրի սիրո ֆենոմենը։ Երկնքից ուղարկված հղում է… Բայց երևի կա ինչ-որ օրինաչափություն… Այն կանայք, ում սիրել եմ, խելացի էին, բարի, տաք…
-Սերը միակ դեղահաբն է մեր հոգու քաղցկեղը բուժելու համար։
-Ո՞ւմ խոսքերն են..
-Չեմ մտաբերում…
Սենյակում երեքով ենք՝ բժիշկը, սիրելի գործընկերուհիս՝ Շուշանը, ու ես։ Ես ու Շուշանը թեյ ենք խմում, բժիշկը՝ սուրճ։ Բժիշկը խոսում է Շուշանի աչքերի գեղեցկության մասին, ասում է, որ մարդու աչքերը հոգու հայելին են։ Հետո մեզ է միանում 45 տարվա մանկավարժը Բուժականից, որը իմ նախկին ակնարկի հերոսն է ու եկել է մի քանի թերթ վերցնելու։ Շուշանը փսփսում է ականջի տակ՝ մեր սենյակը լավ մարդկանց պակաս չունի։ Երեքով ինչ-որ բան են զրուցում երկնքի, սիրո ու ներդաշնակության մասին… Ձայնս փոքր-ինչ բարձր էր։ Ես կրկնում եմ հարցս, որ տվել եմ հարցազրույցի սկզբում։
-Իսկ ինչպե՞ս ծնվեց բժիշկ դառնալու որոշումը։
-Հայրս ու մայրս դեմ էին, որ ես օդաչու դառնամ։ Մայրս ասում էր՝ ամբողջ կյանքում հորդ եմ սպասել, հիմա էլ քե՞զ սպասեմ։ Հայրս ասում էր՝ երջանիկ պատահականություն է, որ հիմա կողքիդ եմ, հազար անգամ հրաշքով փրկվել եմ մահից։ Մեծ եղբայրս բժիշկ էր։ Հաճախ էի հիվանդանոց գնում նրա հետ, հատկապես հերթապահությունների ժամանակ։ Մի օր մտքով ինչ անցավ, ասաց՝ արի վիրաբույժ Սերգեյ Հարությունյանին ասենք, որ դու բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող ես և օգնիր նրան վիրահատության ժամանակ։ Ես իններորդ դասարանում էի այդ ժամանակ։ Համաձայնեցի։
-Դուք արկածախնդի՞ր եք։
-Ռիսկ եմ սիրում։ Սիրում եմ հաղթել։ Եղբայրս խորհուրդ տվեց նույնությամբ կրկնել վիրաբույժի գործողությունները։ Ես լվացվեցի նրա նման, հագա սպիտակ խալաթը… Դա իմ առաջին «վիրահատությունն» էր։ Սրտիս մեջ ինչ-որ բան շարժվեց։ Ինչ-որ զգացողություն…
-Ի՞նչ զգացողություն…
-Վիրահատությունը թռիչք է։ Ամեն վիրահատություն թռիչք է՝ յուրովի տարբեր։ Հայրս պատմում էր, որ չնայած բազմաթիվ ծայրահեղ իրավիճակներին, իր ուղևորներից ոչ մեկը քերծվածք անգամ չի ստացել… Դժվարին թռիչքներից հետո ինքը իջել է ինքնաթիռից ու քայլել հաղթանակած… Այդպես ես դուրս եմ գալիս վիրահատարանից, գետնի վրա՝ բայց դեռ թռիչքի բերկրանքը հոգուս մեջ… Բոլորովին ձերբազատված վախից…
-Վախի՞ց…
-Բոլոր հաղթանակները վախից են ծնվում։ Վախից ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի համար։ Երկինքը՝ որքան գեղեցիկ ու գայթակղիչ, նույնքան վտանգավոր է։ Ու հենց դրանով ավելի ցանկալի է դառնում։ Ես վախով եմ մտնում վիրահատարան։ Վախենում եմ այն կյանքի համար, որն ինձ է վստահված։ Ու երբ դուրս եմ գալիս վիրահատարանից… Սա է ամենը՝ այդ մի քանի րոպեն… Բժշկի աստեղային պահը…
Ես այսպես էլ պիտի ավարտեմ այս զրույցը։ Գուցե մեկ ուրիշ անգամ առիթ լինի, ու Լևոն Ժամագործյանը պատմի ականապայթյունային վիրավորումներին վերաբերող իր թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների մասին, հոդերը մետաղական կոնստրուկցիաներով փոխարինելու տարածաշրջանում եզակի վիրահատությունների մասին։ Բացատրի, թե ինչու թողեց քաղաքացիական հանգիստ աշխատանքը և պատերազմի տարիներին եկավ բանակ… Ինչպես հաղթահարեց ծանր օրերը… Եվ ինչն է նրան այսօր պահում բանակում, երբ ցանկացած եվրոպական երկիր գրկաբաց կընդունի իր նման գիտնականին ու կվճարի տասնապատիկ ավելի…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ճակատագրեր