Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ



Այսօր սիրիահայ համայնքից Քաշաթաղի շրջան արդեն 28 ընտանիք է եկել, իհարկե, ոչ լիակազմ. ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորն են կարողանում գալ հայրենիք: Ընդհանուր առմամբ, 60-ից ավելի սիրիահայ է այժմ բնակվում Քաշաթաղի շրջանում: Շրջվարչակազմն անում է ամեն ինչ՝ բնակարանով և աշխատանքով ապահովելու մեր հայրենակիցներին: Լինում է նաև օժանդակություն հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից: Վերջերս Բերձոր ժամանեց «Հարվալ մաշինըրի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Խարչարչյանը, որը նպատակ ունի որոշ ներդրումներ կատարելու շրջանում և իր հետ բերել էր «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության միջոցով հանգանակած օգնությունը սիրիահայերին՝ բնակիչների թվին համապատասխան: Օգնությունը կբաշխվի ըստ համայնքների՝ հիմնականում կհասնի Կովսական, որտեղ ավելի շատ են բնակություն հաստատել մեր հայրենակիցները, և որտեղ նրանց համար բնակարաններ են կառուցվում:

Հաջորդ աջակցությունը Բերձորում բնակվող սիրիահայերին ցուցաբերեց «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության Բերձորի մասնաճյուղի տնօրեն Նարա Մելքոնյանը՝ բերելով հիգիենիկ պարագաներ և այլ հումանիտար օգնություն: Սակայն սրանով չի սահմանափակվում «Ագապե»-ի օժանդակությունը. ինչպես տեղեկացրեց Նարա Մելքոնյանը, նախատեսված է եկող ամռանը Բերձորում 2 բնակելի տուն կառուցել, որից մեկը հատկացվելու է սիրիահայ Վարդան Պողոսի ընտանիքին:

Վարդանը կնոջ և մեկ տարեկան դստեր՝ Բարիկի հետ բնակություն է հաստատել Բերձորում, աշխատանքի անցել շրջվարչակազմի հաշվապահությունում: Նրա հետ է նաև եղբայրը՝ Սերոբը. մյուս եղբայրը մնացել է Սիրիայում և ծառայում է սիրիական բանակում: Բերձորում նրանց համար բնակարան կառուցելու տեղը ճշտելու նպատակով «Ագապե»-ի տնօրենը, շրջվարչակազմի ղեկավարն ու վերաբնակեցման վարչության պետը նույն ընտանիքի անդամների հետ եղան քաղաքի տարբեր մասերում՝ հարմար տարածք ընտրելու համար:

Հուսանք, որ բոլոր սիրիահայերը շուտով կունենան իրենց բնակարանները:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Բանակ և հասարակություն


07/12/2012