ՆՇՎԵՑ ԶՈՐԱՎԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Դեկտեմբերի 3-ին Երեւանում նշվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 115-ամյակը: Վետերանները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին Հովհ. Բաղրամյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Ներկաները հուշեր պատմեցին Բաղրամյանի մասին:
Վետերանների միավորման նախագահի տեղակալ գնդապետ Միքայել Ստեփանյան. «Ես մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի անվան Կիեւի տանկային ուսումնարանի կուրսանտ էի: Տեղեկանալով, որ մեր ինստիտուտ է այցելելու մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ինձ նշանակեցին հերթապահ` բացատրելով, որ ցանկալի է այդ օրվա հերթապահը ազգությամբ հայ լինի: 1955թ. փետրվարյան ցուրտ առավոտ էր, պատուհանից նայեցի եւ տեսա ինստիտուտին մոտեցող Բաղրամյանին` կարմիր եզրագծով տաբատով, գեներալի գլխարկով: Ես, ինչպես կարգն է, զեկուցեցի` հերթապահ սերժանտ Ստեփանյան: Ուշադրություն չդարձրեց: Ստուգեց ստորաբաժանումները, մեկ էլ մոտեցավ զինվորի մահճակալին եւ ինձ կանչեց: Ես վախեցած մոտեցա, նա էլ վերմակը բարձրացրեց եւ տեսավ թարմ սավանը` կնքված: Ինձ հարցրեց. «Ձեզ մոտ միշտ այսպիսի կարգուկանո՞ն է, թե՞ նախապատրաստվել եք իմ այցելությանը»: Ես պատասխանեցի` միշտ. նա էլ քթի տակ ծիծաղեց: Ստուգումներն ավարտված էին, Բաղրամյանը շենքից դուրս գալիս շրջվեց եւ հայերեն ինձ հարցրեց` տղա ջան, որտեղի՞ց ես: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ հոգեվիճակը, ես չկարողացա անգամ պատասխանել, ինստիտուտի պետը մոտեցավ եւ ինձ առաջ «հրեց»: Մարշալը հարցուփորձ արեց, թե քանի՞ հայ ենք, ինչպե՞ս ենք սովորում, ինչպե՞ս ենք հարմարվել ծառայության պայմաններին. զրույցը մայրենի լեզվով էր: Բոլոր հարցերին պատասխանեցի, նա ձեռքս պինդ սեղմեց եւ ասաց` մեր հայ տղաների պատիվը բարձր կպահեք: Երբ նա գնաց, ամբողջ Կիեւը այդ մասին էր խոսում` գեներալը կուրսանտի հետ իր մայրենիով է զրուցել: Հրամանատարները գալիս, հետս հանդիպում էին, զրուցում, հարցնում, թե ինչից եմ բողոքել: Եվ այդպես ուղիղ երկու ամիս: Այնքան էի նեղվել, որ ստիպված վախեցրի, ասելով, թե Բաղրամյանին հեռագիր կուղարկեմ, միայն դրանից հետո ամեն ինչ կարգավորվեց: Ես երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել այդպիսի լեգենդար մարդու հետ հանդիպելու եւ շփվելու»:
Վլադիմիր Ստեփանյանն ու մարշալ Հովհաննես Բաղրամյանը ծնվել են նույն քաղաքում, հաճախել են նույն դպրոցը, ունեցել են նույն առաջին ուսուցիչը: Վլադիմիր Ստեփանյանը հիշում է, երբ Բաղրամյանը եկավ ծննդավայր, առաջինը դպրոց այցելեց, ուսուցչի հետ հանդիպեց. «Երկրորդ այցելության ժամանակ ես էի ուղեկցում մարշալին: Այս անգամ նա առաջինը հոր գերեզման գնաց, ծաղիկներ դրեց շիրմին, ապա հսկիչին կանչեց, գրպանը գումար դրեց եւ շնորհակալություն հայտնեց: Հետո հացի գործարան գնացինք, նոր տեխնոլոգիայով թխված մատնաքաշ փորձեց, եւ տնօրենը խնդրեց հուշատետրում ստորագրել: Բաղրամյանը ոչ միայն ստորագրեց, այլեւ հացի արժեքի մասին իր խոհերը գրեց, եւ ես հասկացա, որ նա ինքն է գրում իր գրքերը»:
Միջոցառումը շարունակվեց ՀՀ վետերանների միությունում: Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ վետերանների միության խորհրդի նախագահ գնդապետ Ս. Եսայանը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով Հովհաննես Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը:
Միջոցառումն իր կատարումներով եզրափակեց ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ