Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ



(Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 115-ամյակին)

Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) Բաղրամյանը միայն հայ ազգի պարծանքը չէ։ Նա ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում վաստակել է նախկին խորհրդային և եվրոպական բազմաթիվ ժողովուրդների սերն ու հարգանքը ևս։ Ցարական բանակի շարքայինից աճել-հասնելով մինչև ԽՍՀՄ մարշալի աստիճան (1955թ.)՝ արժանացել է ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման (1944թ. հուլիսի 29-ին և 1977թ. դեկտեմբերի 1-ին)։

Ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլում (Կիրովաբադ, այժմ Գյանջա), երկաթգծի բանվորի ընտանիքում: 1915թ., 18 տարեկանում կամավոր անդամագրվել է ռուսական բանակին, կռվել է Անդրկովկասի ճակատներում՝ որպես շարքային, 1917թ. նրան շնորհվել է կրտսեր լեյտենանտի կոչում: 1918թ. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին՝ աչքի ընկնելով որպես բանիմաց սպա։ Շարունակել է ծառայությունը խորհրդային բանակի կազմում՝ որպես հեծելազորային գնդի գնդացրային էսկադրոնի հրամանատար։

1923-25թթ. սովորել է Լենինգրադի բարձրագույն հեծելազորային դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա մարշալներ Ժուկովի, Ռոկոսովսկու, Երյոմենկոյի հետ։ Ավարտելուց հետո նշանակել է հեծելազորային գնդի հրամանատար, ծառայել մինչև 1931թ.։ Երեք տարի սովորել է Ֆրունզեի անվան ակադեմիայում և նշանակվել Կիևի օկրուգի հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ` մինչև 1936թ., այնուհետև երկու տարի սովորել է ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայում, որտեղ և բարձր առաջադիմության համար նշանակվել է մարտավարության ամբիոնի (տակտիկայի) ավագ դասախոս։

1940թ. Ի. Ք. Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ օկրուգում՝ շտաբի օպերատիվ բաժնի պետի պաշտոնում, կազմակերպել և իրականացրել է զորքերի կանոնավոր նահանջը Դնեպրի բնագծից՝ ապահովել Կիևի պաշտպանությունը։ 1941թ. նոյեմբերին նրա գլխավորությամբ մշակվել է Ռոստովի հակահարձակողական պլանը, որը հաջողությամբ իրականացվել է։ 1942թ. պաշտպանական մարտերի ընթացքում եղել է 16-րդ բանակի հրամանատարը, որը 1942-43թթ. ձմեռային օպերացիայում ոչնչացրել է հակառակորդի մի քանի մեծ խմբավորումներ, որի համար պարգևատրվել է Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով։ Հետագայում նրա զորամիավորումները մասնակցել են Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի ճակատամարտերին՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։

1943թ. օգոստոսին Բաղրամյանին շնորհվել է գեներալ-գնդապետի, իսկ նոյեմբերին` բանակի գեներալի կոչում, նա ստանձնել է 1-ին Մերձբալթյան ճակատի հրամանատարի պաշտոնը, այնուհետև՝ 3-րդ Բելառուսական ճակատի հրամանատարի, 1944-ին թշնամուց ազատագրել է բազմաթիվ քաղաքներ (Վիտեբսկ, Շաուլյայ, Միտավա, Կլայպեդա), դուրս եկել Բալթիկ ծովի ափ, շրջափակել ֆաշիստական զորքերի 38 դիվիզիա։

1945թ. ապրիլին իրականացրել է Քյոնիքսբերգ քաղաքի գրավումը, ջախջախել թշնամու վերջին ուժերը և գերել նրա կենդանի մնացած ուժերը։ Մարշալ Բաղրամյանի ռազմական հազվագյուտ տաղանդի մասին է վկայում Կուրսկի ճակատամարտի պլանի քննարկման ժամանակ նրա ներկայացրած առաջարկությունը, որը արժանացավ ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար Ի. Վ. Ստալինի գովաբանությանը. «Բայց Բաղրամյանը խելոք բան է առաջարկում։ Իմ կարծիքով, պետք է համաձայնել նրա առաջարկությանը։ Ինչ վերաբերում է բանակի հրամանատարի հոգատարությանը` ավելի նպաստավոր պայմաններում անցկացնելու ռազմական գործողությունները, դա արժանի է գովաբանության։ Չէ՞ որ, եթե հաջողություն չլինի, նրա վրա է ընկնելու ամբողջ պատասխանատվությունը»։

Գլխավոր շտաբի մշակած և գեներալ Ա. Անտոնովի ներկայացրած պլանը այնքան էլ իրատեսական չէր, չէր համապատասխանում հակամարտող կողմերի կարողություններին, որին ավելի լավ էր տիրապետում 11-րդ գվարդիական բանակի հրամանատարը։ 1943թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 17-ը 11-րդ գվարդիական և 61-րդ բանակները՝ գեներալներ Ի. Բաղրամյանի և Պ. Բելովի գլխավորությամբ անընդհատ հարձակողական գործողություններով առաջ անցան ավելի քան 200 կմ, մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին, ինչն էլ դարձավ Կուրսկի ճակատամարտում հաղթանակի կարևոր նախապայմանը։

Հայրենական մեծ պատերազմից հետո՝ մինչև 1954թ. Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատարը, 1956-58թթ.` ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, ԳՇ ռազմական ակադեմիայի պետ, 1959-1968թթ.` ԽՍՀՄ ԶՈՒ թիկունքի պետ , 1955-82թթ. ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչ-տեսուչների խմբի ղեկավար, ԽՍՀՄ, Լատվիայի, Հայաստանի Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Մի շարք գրքերի հեղինակ է`

-«Այսպես է սկսվել պատերազմը» (1975)

-«Այսպես մենք հասանք հաղթանակի» (1979)

-«Իմ հիշողությունները» (1979)

-«Մեծ ժողովրդի զավակները» (1987)

-«Քաղաք-հերոս Դնեպրի վրա» և բազմաթիվ այլ հուշագրություններ, հոդվածներ։

Մահացել է 1982թ. սեպտեմբերի 21-ին, թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Փառք ու պատիվ լեգենդար զորահրամանատարին, իր անմահ գործին։

♦♦♦

Փոքր ու մեծ շատ ժողովուրդների համար Հայաստան աշխարհը դարձել է հինգ մարշալների երկիր, տասնյակ գեներալ-հրամանատարների հայրենիք։ Մինչդեռ մենք մինչ օրս նրանց նվիրված առանձին թանգարան չունենք։ Մոսկվայում, ԶՈՒ թանգարանում հաղթանակած Մարշալների սրահում ևս չկա Մարշալ Բաղրամյանի նկարը: Արդարանում են` ասելով, որ նա մարշալի կոչման արժանացել է պատերազմից 10 տարի անց, բայց նույն սրահում փակցված է բանակի գեներալ Ա. Ի. Անտոնովի նկարը, որը պատերազմի տարիներին ճակատամարտերի հրամանատար չի եղել։

Հ.Գ.

Տողերիս հեղինակը բախտ է ունեցել երեք անգամ հանդիպելու և լսելու մարշալ Ք. Ի. Բաղրամյանին. առաջին անգամ 1963թ. Կիրովաբադում, որտեղ ծառայում էի որպես լեյտենանտ և բազմազգ զինկոլեկտիվում հպարտանում էի իմ ազգային պատկանելությամբ։ Երկրորդ հանդիպումը եղել է 1976թ. Լենինականի Սպայի տանը, իսկ երրորդ անգամ 1978թ. Երևանում, «Ռոսիա» կինոթատրոնում, որտեղ հանդիսավոր նիստը նվիրված էր Հայաստանի` Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու 150-ամյակին։ Այստեղ ընդմիջման ժամանակ մեծ հետաքրքրությամբ լսում էինք մարշալ Բաղրամյանի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի զրույցը, որը մեծապես ոգևորեց ինձ: Նիստին մասնակցում էին Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը, մարշալ Ռ. Մալինովսկին՝ Մոսկվայից, Անդրկովկասյան հանրապետություններից ղեկավարներ, որոնց շարքում Բաղրամյանը առանձնանում էր իր պարզ մարդկային անմիջականությամբ, որից շատ շատերի հուշերում մի անմոռաց ջերմություն է պահպանվել։

Հիշենք ու գնահատենք մեր ազգի Մեծերին՝ ըստ արժանվույն…

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ճակատագրեր


07/12/2012