«ԱՎԱԶԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ» ՖԵՆՈՄԵՆԸ
♦ Սաբինա Ֆրեյզեր. «Ժամանակն աշխատում է ի վնաս Ադրբեջանի»:
♦ Պատերազմի վախից Ադրբեջանում ավելացել են շաքարախտով հիվանդները:
♦ Բացվող ամեն առավոտը նվազեցնում է ադրբեջանցիների հավատը:
«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ» ՉԻ ՍԿՍՎԻ
Անցյալ շաբաթ փորձագետները հերթական անգամ անդրադարձան այն հարցին, թե ինչքա՞ն է ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմի հավանականությունը: Այս անգամ առիթը Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցն էր, որը կոչվում է «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով պատերազմը»: Զեկույցի հիմնական եզրակացությունն այն էր, որ անցյալ տարի մեծացել է «պատահական պատերազմի» հավանականությունը, եւ որ ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալի նվազումը, որը կսկսվի 2014թ., մեծացնում է Ադրբեջանի ղեկավարության` պատերազմ սկսելու ցանկությունը:
Հայ առաջատար փորձագետները քննադատեցին երկու եզրակացություններն էլ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մեկնաբանելով ՄՃԽ-ի զեկույցը, հայտարարեց, որ Արցախում պատերազմը չի կարող սկսվել «պատահականորեն».
«Վերջին մի քանի տարիների ընթացքում շփման գծում մի քանի բավականին խոշոր միջադեպեր են գրանցվել (օրինակ` 2008թ. մարտին Լեոնարխ գյուղի մոտ կամ 2010թ. ամռանը), որոնք կարող էին ռազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ, սակայն չդարձան: Ղարաբաղյան հակամարտության դեպքում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել միայն հակամարտող կողմերից մեկի ղեկավարության գիտակցաբար ընդունված քաղաքական որոշման դեպքում, եւ չեն կարող լինել ինչ-որ պատահականության արդյունք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է երկրորդ եզրակացությանը, ապա ե՛ւ Ս.Մինասյանը, ե՛ւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մատնացույց են անում դրա` ՄՃԽ-ի նախորդ զեկույցների եզրակացություններին հակասելը:
«Դեռ 2006 թվականից սկսած՝ այդ կազմակերպությունը ղարաբաղյան թեմայով իր մի քանի զեկույցներում պնդում էր, որ էներգառեսուրսների վաճառքից հարստացած Ադրբեջանը պատերազմ կսկսի: Իսկ հետո` ընդհակառակը, սկսեցին պնդել, թե երբ 2013-2014 թվականներին նավթից եկամուտները սկսեն նվազել, արդեն «աղքատ» Ադրբեջանը պատերազմ կսկսի, որ խուսափի ներքաղաքական ցնցումներից: Իսկ ահա այս զեկույցում ՄՃԽ վերլուծաբաններն արդեն պնդում են, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի նաեւ այն պատճառով, որ ռազմատենչ հայտարարություններով ինքն իրեն փակուղի է մտցրել, եւ այն բանի համար, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում ժամանակն աշխատում է ի վնաս Իլհամ Ալիեւի»,- ասել է քաղաքագետ Ս.Մինասյանը («panorama.am», 09.02.2011):
Չի բացառվում, որ ՄՃԽ-ի զեկույցը, բացի զգոնության կոչ լինելուց, հետապնդում է նաեւ պատերազմի սպառնալիքով հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ՄՃԽ-ն մասնավորապես Հայաստանին առաջարկում է պատերազմը կանխելու համար անել մեզ համար անընդունելի քայլ` չպնդել Ղարաբաղում հնարավոր նոր հանրաքվեի ժամկետի որոշակիացում:
Գաղտնիք չէ նաեւ, որ զինադադարից հետո մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը Ադրբեջանի մեղքով զարգանում է մի ուղղությամբ, որը նպաստավոր է պատերազմի բռնկման համար: Իսկ ՄՃԽ-ի` պատերազմի վերսկսման մասին կանխատեսումների չիրականանալը վկայում է, որ տարածաշրջանում շահեր հետապնդող ուժերին առայժմ հաջողվում է պահպանել ռազմական հավասարակշռությունը: Ակնհայտ է նաեւ, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար պետք է շարունակաբար ջանք գործադրել, հակառակ դեպքում՝ պատերազմ կսկսվի: Ահա ամբողջը:
«ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ» ԱՆՀՆԱՐ Է
Թերեւս ավելի կարեւոր է ՄՃԽ-ի այն եզրակացությունը, համաձայն որի Արցախում «կայծակնային պատերազմ» հնարավոր չէ: «Ադրբեջանում շատերը կարծում են, թե կարող են «կայծակնային պատերազմի» արդյունքում գրավել որոշ բռնազավթված տարածքներ, բայց նրանք շատ արագ կբախվեն անմատչելի լեռներում մարտ մղելու անհրաժեշտությանը,- ասել է ՄՃԽ-ի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը «Regnum» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:- Հայկական կողմը, որը վերահսկում է բարձունքները, լուրջ հակահարձակում կձեռնարկի: Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն ավելի խոցելի է, քանի որ ադրբեջանական քաղաքներն ու հարկադիր տեղահանվածների համար կառուցված ավանները տեղաբաշխված են ցածրադիր վայրերում, որոնք հարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտուն: Ադրբեջանական ռազմական ավիացիան եւ ուղղաթիռները կարող են նպատակամղվել դեպի Հայաստանի խորքը, բայց հայակական ՀՕՊ հզոր համակարգը, որը ներառում է ռուսական «C-300» համալիրները` «երկիր-օդ» հրթիռներով, եւ «Միգ-29» կործանիչների էսկադրիլիան, որը տեղակայված է Գյումրիում, խոցելի են դարձնում ադրբեջանական ավիացիան» (09.02.2011):
ՄՃԽ զեկույցում նշվում է նաեւ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն (առկա իրավիճակի պահպանումը) չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, եւ ժամանակը, փաստորեն, աշխատում է նրա դեմ:
«Զեկույցի հեղինակների հաշվարկով, 2014 թվականին սպասվում է էներգառեսուրսների վաճառքից եկամուտների արագ անկում` ղարաբաղյան հակամարտության հարցում Իլհամ Ալիեւի չիրականացած խոստումների ֆոնին, իսկ հակամարտության ձգձգումը բացասաբար է անդրադառնում նրա դիրքի ու ադրբեջանական հանրության ընկալման վրա,- ասում է քաղաքագետ Ս.Մինասյանը:- Ինչպես նշում են ՄՃԽ փորձագետները, ներկայումս Ադրբեջանի բնակչության միայն 15 տոկոսն է հավատում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը: Բացի դրանից, Ադրբեջանում այժմ պարզորոշ դրսեւորվում է, այսպես կոչված, «ավազի ժամացույցի» ֆենոմենը, երբ բացվող ամեն օրը միայն ամրապնդում է Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու անհնարինության գիտակցումը» («panorama.am», 09.02.2011):
ՇԱՔԱՐԱԽՏ, ՆԵՒՐՈԶ, ՀԻՊԵՐՏՈՆԻԱ
Ադրբեջանական հասարակությունը լուրջ սթրեսի մեջ է Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների պատճառով: Հատկապես սահմանամերձ շրջաններում բնակչությունը վախից, տագնապից ու նյարդային լարվածությունից տառապում է շաքարախտով, սրտային, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, հիպերտոնիայով (զարկերակային բարձր ճնշում), նեւրոզով:
«Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ շարունակ ապրում են պատերազմի վերսկսման վախով»,- ասում է Աղդամի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գյուլնար Աբասովը: Ըստ նրա` տեղի բնակիչների շրջանում տարածված է հատկապես շաքարախտը. եթե 2008-2009թթ. շրջանում կար 400 հիվանդ, ապա 2010թ.` 1700, այսինքն` հիվանդների թիվն աճել է տարեկան 8.5 անգամ կամ 750%-ով («zerkalo.az», 09.02.2011):
Ահա Ալիեւի ռազմատենչ հռետորաբանության հետեւանքը: Ահա ադրբեջանական հասարակության իրական արձագանքը պատերազմի կոչերին: Ահա նաեւ «Զերկալոյի» արձագանքը. թերթն արծարծում է ոչ թե սահմանամերձ բնակչության մարտական ոգին բարձրացնելու, այլ`… նրան արտոնություն տրամադրելու հարցը: Արտոնություն` վախենալու դիմաց: Հատկանշական է, որ «Զերկալոյի» հոդվածը վերնագրված է «Կրկնակի սպառնալիք». մեկը հակառակորդի գնդակից զոհվելու սպառնալիքն է, մյուսը` վախից հիվանդանալու: Արդյո՞ք վախի ու տագնապի մեջ չեն նաեւ ադրբեջանցի զինվորները, չէ՞ որ նրանք շատ ավելի մոտ են «սպառնալիքի» աղբյուրին` հայ քաջարի մարտիկներին:
Վերջապես, Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների քաղաքական-դիվանագիտական հետեւանքը.
«Փաստորեն, 2010 թվականին ադրբեջանական ղեկավարության կողմից ռազմական սպառնալիքների գլխավոր արդյունքը դարձավ բանակցային գործընթացում Ադրբեջանի ռազմական շանտաժի ռեսուրսի արժեզրկումը (երբ շատ ես սպառնում պատերազմով, դրան արդեն լուրջ չեն վերաբերվում),- ասում է քաղաքագետ Ս.Մինասյանը:- Միաժամանակ Ադրբեջանի անարդյունք ռազմատենչ հռետորաբանությունը նպաստեց բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման տրամաբանական ամրապնդմանը եւ արձակեց հայկական կողմի ձեռքերը, որն արդեն ԵԱՀԿ ամբիոնից բացեիբաց հայտարարեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին, ինչի դեմ միջազգային հանրությունն արդեն որեւէ հակափաստարկ չունի»:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ