«ԱՅՍՕՐ ԵՍ ԶՐԿՎԱԾ ԵՄ ԱՊՐԵԼՈՒ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ»
55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը մեղադրվում է «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու եւ 2006-ից մինչեւ 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Բաղդասարյանի գործը քննում է արդեն երկու տարի: Կասկածի տակ է դրվում պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալը: Մենք զրուցեցինք մեղադրողի, Հովհաննես Բաղդասարյանի եւ նրա շահերի պաշտպանի հետ:
ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ Քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
Գյումրի քաղաքի բնակիչ Ավետիք Մելքոնյանը 2010թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում, ինչպես նաև 2010թ. ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում հաղորդումներ է տվել այն մասին, որ Գյումրի քաղաքի մի շարք բնակիչներ, այդ թվում` Հովհաննես Միքայելի Բաղդասարյանը, ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված չլինելով, ստանում են զինվորական թոշակ և ընդգրկված են բնակարանային բարելավման ծրագրերում: Փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա. Խալաթյանի որոշմամբ, ըստ ենթակայության, ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը հարուցել է քրեական գործ, որը 22.05.2010թ. նախաքննությունը շարունակելու համար փոխանցվել է ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժին: Հարուցվել է նոր քրեական գործ, եւ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Միքայելի Բաղդասարյանը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունում, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում, ՀՀ սոցապ նախարարության բժշկական սոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան մարմիններում, ՀՀ զինվորական կոմիսարիատում օգտագործել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր` ԵԿՄ վարչության տրամադրած մարտական ուղու վերաբերյալ վկայագիր, բժշկական փաստաթղթեր և 2006թ. մինչև 2011թ. մարտի 1-ը անօրինական հիմքերով հանդես գալով որպես զինվորական կենսաթոշակառու՝ ստացել է 3.064.228 ՀՀ դրամ գումարի չափով զինվորական կենսաթոշակ:
Հովհաննես Բաղդասարյանը իսկապես մասնակցել է մարտական գործողությունների: 1993թ. ստացել է վնասվածք ուսի մասում, բայց գլխից չի վիրավորվել: Այնուհետեւ նա 1994-1997թթ. շարունակել է ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող սահմանամերձ գոտիներում: Նրա` մարտական գործողությունների մասնակցությունը կասկածի տակ չի դրվում: Բաղդասարյանը ներկայացրել և զինվորական թոշակառուի գործում օգտագործել է մարտական ուղու վերաբերյալ վկայագիրը, տրված ԵԿՄ վարչության կողմից այն մասին, որ Հ. Բաղդասարյանը 1993թ. հունվարի 2-ին կամավոր ընդգրկվել է Գյումրու 4-րդ գումարտակի շարքերը՝ որպես շարքային հրաձիգ: Նույն թվականի փետրվարի 23-ին գումարտակի հետ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման մարտական գործողություններին, մասնակցել ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերի ազատագրմանը: 1994թ. հունվարի 12-ին գումարտակի հետ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման մարտական գործողություններին և ապրիլի 24-ին իբր վիրավորվել է` ստանալով կոնտուզիա և բեկորային վնասվածքներ: Մարտական ուղու մասին ներկայացված փաստաթուղթը պատճենահանված է, ստորագրված է Ա.Մելքոնյանի, Մ.Տիտանյանի և Բաղդասարովի կողմից, կնքված ԵԿՄ վարչության և Գյումրու զինկոմիսարիատի կնիքներով:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Մելքոնյանի, Մ.Տիտանյանի և Բաղդասարովի ստորագրությունները կեղծված են, ձեռագիրը նրանցից որևէ մեկին չի պատկանում: Ի տարբերություն Հ.Բաղդասարյանի զինվորական թոշակառուի գործում առկա մնացած փաստաթղթերի պատճենների` մարտական ուղու պատճենի համապատասխանությունը բնօրինակի հետ Գյումրիի զինկոմիսարիատի աշխատակիցների ստորագրությամբ և կնիքով չի հաստատվել: Հատկանշական է, որ սույն փաստաթղթի բովանդակությունը նույնությամբ արտագրված է գործում առկա` Ա.Մելքոնյանի և Մ. Տիտանյանի ստորագրությամբ, զինկոմիսարիատի աշխատակցի կողմից բնօրինակի հետ համապատասխանության փաստի հաստատումով մեկ այլ մարտական ուղուց, որի մեջ, սակայն, Հ. Բաղդասարյանի վիրավորված լինելու մասին որևէ տեղեկություն չկա: Ծառայակիցները նշում են, որ Բաղդասարյանը 1994թ. ապրիլին կոնտուզիա չի ստացել եւ չէր էլ կարող ստանալ այն վայրում, որը ամբաստանյալը նշում է, քանի որ մարտական գործողությունների գոտին այդ վայրից արդեն բավական հեռու էր, բացի այդ` հնարավոր չէ, որ զինծառայողը ծանր վիրավորված լիներ, իսկ համածառայակիցներն ու հրամանատարները այդ փաստին անտեղյակ մնային: Բացի այդ, 1994թ. ապրիլին հրադադարը կնքված չէր, եւ Լեռնային Ղարաբաղի նշված տարածքից Հայաստան վերադառնալու համար զինծառայողի կամքը բավական չէր, պետք է լինեին համապատասխան թույլտվություն եւ լուրջ առիթ: Ըստ փաստաթղթերի` Բաղդասարյանը նշված ժամանակահատվածում չի գտնվել այդ վայրում, չի բուժվել որեւէ բուժհաստատությունում:
Ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելը հետեւյալ կերպ է հիմնավորվում. 1994թ. ապրիլի 29-ի դրությամբ ներկայացնում է տեղեկանք` գնդապետ Մ. Գրիգորյանի ստորագրությամբ, որը բրիգադի հրամանատարն էր, բայց նա փոխգնդապետի կոչում ուներ այդ ժամանակ։ Ակնհայտ է, որ հակասությունը պետք է մտահոգիչ լինի քննությունը վարող անձանց համար, իսկ ստորագրությունը նման չէ, քանի որ ունենք Մ. Գրիգորյանի ստորագրության օրինակները, փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն էլ չի առաջացել: Զորամասի շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը ցուցմունք է տվել եւ նշել, որ մի շարք փաստաթղթեր, որոնք զորամասի անունից են ձեւակերպված, ինքը չի ստորագրել, ինչը պարտադիր է, բովանդակությամբ եւ ձեւով էլ չեն համապատասխանում ընդունված նմուշին: Բաղդասարյանի զինվորական թոշակառուի գործում առկա են տեղեկանքի երկու պատճեններ, տրված գումարտակի բուժակ Վ.Ասլամազովի կողմից այն մասին, թե Հովհ.Բաղդասարյանը 1994թ. ապրիլի 24-ին մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված տեղեկանքները Վ. Ասլամազովը չի գրել և չի ստորագրել, նա ընդամենը բուժակ էր, և նման տեղեկանք տրամադրելու իրավունք էլ նրան վերապահված չէր: Բաղդասարյանը ներկայացրել է քաղվածք հիվանդության պատմությունից եւ էպիկրիզ, ըստ որոնց բուժվել է Գյումրիի բուժհաստատություններում, մի շարք բժիշկների անունների դիմաց ստորագրություններ էլ կան, այդ բժիշկները հարցաքննվել են, ստուգվել են այդ բուժհաստատություններում եղած փաստաթղթերը: Բժիշկները նշել են, որ նման հիվանդ չեն ունեցել, եւ որ տեղեկանքները կազմված են թե՛ բժշկական տերմինաբանության, թե՛ ուղղագրական կոպիտ սխալներով: Երբ հիվանդը ստացիոնար բուժվում է, այդ փաստը մի քանի տեղ նշվում է, հիվանդության պատմությունն էլ հատուկ հաշվառման փաստաթուղթ է եւ պահպանվում է: Տվյալ համարը, որը նշված է Բաղդասարյանի հիվանդության պատմության մեջ, իրական չէ, քանի որ այդ համարի տակ մեկ այլ հիվանդ է գրանցված: Պետք է նշեմ, որ պարտադիր չէ կոնտուզիա ստանալ մարտադաշտում, այն կարելի է ստանալ նաեւ քաղաքացիական կյանքում. կոնտուզիան ուղեղի սալջարդն է: Նշեմ, որ Հովհաննես Բաղդասարյանը 1991թ. մինչ օրս հաշվառված է Գյումրիի համապատասխան դիսպանսերում՝ որպես քրոնիկ հարբեցող, նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ նա հոգեկան հիվանդ չէ եւ կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին, միաժամանակ նշվել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, որոնք պայմանավորված են ալկոհոլիզմով, եւ պարբերաբար բուժվում է «Սթրես» կենտրոնում:
Բաղդասարյանի գործը պետք է ունենա ընդհանուր դաստիարակչական բնույթ, եւ այն անձինք, ովքեր իրենց կեղծ անցյալը փորձում են ներկայացնել որպես ճշմարտություն և պետությունից գումար կամ կարգավիճակ կորզելու հնարավորություն են այն դիտարկում, պետք է հետ կանգնեն նման մտադրությունից, չպախարակեն մարտական գործողությունների մասնակցի անունը: Բնականաբար, մեղադրական ճառում պետք է հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները, հատկապես այն, որ նա մարտական գործողությունների մասնակից է եւ իր ներդրումն ունի մեր հաղթանակի գործում:
ԹԱՄԱՐԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Հովհաննես Բաղդասարյանի շահերի պաշտպան
Հովհաննես Բաղդասարյանին ներկայացված մեղադրանքը անհիմն է, քանի որ հիմնված է միայն մի քանի անձանց ցուցմունքների վրա: Նրանք հակասական են՝ կապված ազատամարտիկի 1994թ. ապրիլի 24-ին ԼՂՀ-ում գտնվելու եւ կոնտուզիա ստանալու անհամապատասխանության առումներով: Օրինակ` վկա Ավետիք Մելքոնյանի պնդմամբ` ինքը 1994թ. հունիսի վերջին գնացել է ԼՂՀ, եւ հունիս ամսին Հովհաննեսը այնտեղ չի եղել: Հարց է առաջանում, իսկ նա ի՞նչ գիտի` Հովհաննեսը ապրիլին կոնտուզիա ստացե՞լ է, թե՞ ոչ, եթե ապրիլին այնտեղ չի եղել, եւ նույնիսկ կասկածելի է` հունիսի՞ն է եղել: Վկա Վարդան Մայիլյանն էլ պնդում է, որ Հովհաննեսը 1994թ. մայիս ամսին է եկել ԼՂՀ: Նրանք չեն ժխտում , որ Հովհաննեսը 93-ից է եղել այնտեղ, սակայն ուզում են ասել, որ 94-ի մի ժամանակահատված բացակայել է: Փաստորեն` վկաներն էլ իրենց անուղղակի ցուցմունքներով, նրա բացակայությունը շեշտադրելով, հիմնավորում են իմ պաշտպանյալի այն պնդումները, որ ինքը իսկապես կոնտուզիա է ստացել եւ Հայաստան տեղափոխվել պատահական մեքենայով (իր համար պատահական, քանի որ այնպիսի վիճակում էր, որ չի հիշում` ինչ մեքենա էր): Մինչ Հայսատան գալը, նրան զննել է դաշտային բուժակ Ասլամազովը, որն էլ գրություն է տվել` Բաղդասարյանը իսկապես կոնտուզիա է ստացել: Ներկայումս Ասլամազովը հոգեկան հիվանդությամբ է տառապում: Իսկ Հովհաննես Բաղդասարյանի հետ մարտնչած անձը, որը նրան տեղափոխել է դաշտային հոսպիտալ, հետո օգնել, որ նա տեղափոխվի Հայաստան, մահացել է: Հարց է առաջանում` ինչո՞ւ են մարտական ընկերները նշում, որ նա կոնտուզիա չի ստացել, եթե դիրքերը, որոնք նրանք պաշտպանել են, իրենց ձգվածությամբ շատ մեծ տարածք են ընդգրկել, իսկ երկրապահները քիչ են եղել, ուստի միմյանցից շատ հեռու են գտնվել: Հովհաննեսի կողքին է եղել միայն մի հոգի, որն էլ մահացել է: Արդյոք նախաքննությունը պարզե՞լ է, թե Բաղդասարյանը 94 թվականի ապրիլի 24-ին որտե՞ղ էր, եւ ովքե՞ր էին նրա կողքին: Այդպիսի ապացույցներ չկան, եւ հակառակը ապացուցող փաստարկներ էլ չկան. վկաներն ընդամենը ասում են, որ Բաղդասարյանը, իբր, մայիս եւ հունիս ամիսներին չի եղել ԼՂՀ-ում, սակայն ապրիլի 24-ի վերաբերյալ որեւէ կոնկրետ հայտարարություն չեն անում:
Անդրադառնանք փաստաթղթերին. իմ պաշտպանյալը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու եւ օգտագործելու համար: Գործում առկա չէ դատափաստաթղթային, դատաձեռագրաբանական որեւէ փորձաքննության եզրակացություն, որը կհաստատեր թոշակավորման համար ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելը: Իմ պաշտպանյալը նշում է, որ ինքը դիմել է համապատասխան մարմիններին` փաստաթղթեր ստանալու համար, նրան էլ մի քանի օր անց կանչել եւ արդեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տվել են, որոնք նրա ներկայությամբ չեն լրացվել եւ չեն կնքվել։ Այնպես որ՝ իմ պաշտպանյալը չէր կարող իմանալ` դրանք կե՞ղծ են, թե ոչ: Մեղադրող կողմը հայտնում է, որ Բաղդասարյանի էպիկրիզը գրված է անգրագետ` ոչ բժշկագիտական տերմիններով, եւ այդ փաստն արդեն իսկ ապացուցում է, որ փաստաթուղթը կեղծ է: Ես էլ ասում եմ`էպիկրիզը ներկայացվել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, եւ հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի մյուս բժիշկները այն կարդալուց հետո ինչո՞ւ չհասկացան, որ անգրագետ է գրված: Եթե մասնագիտական տերմինաբանություն օգտագործված չէ, ապա չէի՞ն կարող, արդյոք, ժամանակին զանգահարել տվյալ բժշկին ու ասել` ձեր ստորագրությամբ փաստաթուղթ են բերել, որը բժշկության հետ կապ չունի, այդ մարդն էլ կասեր` կներեք, ես չեմ ստորագրել, նման էպիկրիզ էլ չեմ տվել, ու ամեն հարց կվերջանար: Բայց եթե ընդունել են, համարել, որ գրվածը ճիշտ է, ուրեմն թող գնան այն մարդկանց մոտ, ովքեր այդ բոլոր փաստաթղթերը վերցրել են ու այդ անգրագիտությունը չեն տեսել: Թող նրանց մասնագիտական-բժշկական գիտելիքների վերաբերյալ քննություն կատարեն ու պարզեն` իրականում նրանք համապատասխան գիտելիք ունեի՞ն: Մեղադրող կողմը փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը հաստատում է միայն վկաների միջոցով. բերում, ցույց են տալիս բժշկին, ասում` հարգելի բժիշկ, սա ձեր ստորագրությո՞ւնն է, նա էլ պատասխանում է` իմը չէ, բերում, ցույց են տալիս ստորագրած անձի որդուն, հարցնում են` սա ձեր հոր ստորագրությո՞ւնն է, ասում է` չէ՛, այդ երբվանի՞ց է անձի սուբյեկտիվ կարծիքը փոխարինում փորձագետի եզրակացությանը:
Անդրադառնանք «Մարտական ուղի» կոչված փաստաթղթին, որը 2 անգամ է տրված` 2000-2002 թվերին:
2000թ. տրված փաստաթուղթը, որը, ըստ մեղադրողի, կեղծ է, եւ որում նշված է, որ Բաղդասարյանը վիրավորվել է մարտական գործողությունների ընթացքում, ստորագրվել է Մելքոնյանի, Տիտանյանի եւ Բաղդասարովի կողմից: Տիտանյանը մահացել է, եւ, ըստ նրա որդու, մարտական ուղու վրայի ստորագրությունը իր հոր ստորագրությունը չէ: Լավ, դա ընդունեցինք, իսկ ի՞նչ կասեն 2002թ. մարտական ուղու մասին, որում գրված չէ, որ իմ պաշտպանյալը վիավորվել է եւ, ըստ բոլորի պնդումների, նրանում նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, այն դեպքում, երբ փաստաթուղթը ստորագրված է Տիտանյանի ու Մելքոնյանի կողմից, եւ ստորագրությունները նման են 2000թ. փաստաթղթի վրա եղած ստորագրություններին՝ ըստ մեր տեսողական տպավորության: Եթե բոլոր վկաների հայտարարածը հիմք է, ուրեմն մերն էլ է հիմք: Համոզված եմ, որ շատերին ձեռնտու չէ ասել, որ ստորագրությունները իրենցն են, այդ պատճառով էլ հրաժարվում են: Միակ ճիշտ ցուցմունք տվող վկան բժիշկ Մամիկոն Եղունյանն էր, որը հայտնեց` 1994թ. խառը ժամանակ էր, եւ որեւէ մեկը որեւէ մեկից փաստաթուղթ չէր պահանջում: Իմ պաշտպանյալն էլ ասում է, որ իրեն բուժել են առանց փաստաթուղթ պահանջելու, եւ իրեն էլ այդ ժամանակ թոշակ պետք չի եղել, մտքով անգամ չի անցել, որ կարելի է թոշակ պահանջել: Հետագայում, ելնելով ծանր սոցիալական պայմաններից, դիմել է թոշակավորման համար: Հ. Բաղդասարյանը 2-րդ խմբի հաշմանդամ է (մեղադրող կողմն էլ ընդունում է, որ նա վատառողջ է), չունի աշխատանք, չունի ընտանիք, գիշերում է թանգարանի շենքում, ունի ծեր թոշակառու մայր, իսկ նրան թոշակի տրամադրումը կասեցվել է, եւ նա զրկվել է նյութական միջոցներից, նաեւ անվճար տրամադրվող դեղորայքից եւ բուժօգնությունից, քանի որ այլեւս չի համարվում թոշակառու, թեեւ մեղադրական եզրակացությունում նշված է` 2-րդ խմբի թոշակառու: Փաստորեն, մեղադրանք ներկայացնելով Բաղդասարյանին, մենք նրան զրկել ենք ապրելու տարրական միջոցներից: Վերջին դատական նիստին Բաղդասարյանը չէր ներկայացել քաղցած լինելու պատճառով, եւ նա նշում է , որ ինքը ոչ մի դատական նիստ լավ չի ընկալել, քանի որ կիսաքաղցած վիճակում է եղել: Այսպե՞ս ենք մենք շնորհակալություն հայտնում 4 տարի ԼՂՀ պաշտպանության համար մարտնչած ազատամարտիկին:
Գյումրեցի ազատամարտիկ, ամբաստանյալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ պատասխանում է «Հայ զինվորի» լրագրողի հարցերին
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ձեր մարտական ընկերները դատարանում չեն վկայել, որ 1994թ. ապրիլի 24-ին կոնտուզիա եք ստացել:
-Ես նրանց իմ մարտական ընկերը չեմ համարում: Նրանցից շատերն ինձ համար հայրենիքի դավաճան են. մեկը` սամաստրել է, մյուսը` ընդամենը քսան օր է անցկացրել ռազմադաշտում, բայց իրենց ազատամարտիկ են կոչում: Բոլորն էլ փորձում են ինձնից վրեժ լուծել, որովհետեւ զասլուգ չունեն, իսկ ես դա միշտ նրանց հիշեցնում եմ: Հայրենիքի դավաճանը ընկերոջն էլ կդավաճանի: Ես շարքային հրաձիգ եմ եղել, բայց լավ ծառայության համար Մանվել Գրիգորյանը ինձ պրապորշիկի կոչում է շնորհել: Տարիներով դիրքերում եմ մնացել, որովհետեւ Գյումրին սմենափոխ չի ունեցել, քիչ էինք: Հիշում եմ` սպարապետ Վազգեն Սարգսյանը մի անգամ եկավ Ղափան ու մեզ հետ հանդիպեց, զարմացավ, որ Գյումրիից ընդամենը 20-25 մարդ ենք: Նա ասաց` տղերք, մի քիչ էլ դիմացեք, երկիրը մերն է լինելու: Բայց ո՞ւր է: Այսօր ես զրկված եմ ապրելու տարրական պայմաններից: Իմ անձն ու արժանապատվությունը նվաստացրել են, ամաչում եմ փողոց դուրս գալ:
-Իսկ ինչո՞ւ են բժիշկները հրաժարվում իրենց ստորագրություններից:
-Երբ վիրավորվեցի, եկա բժիշկ Անդրանիկ Հովհաննիսյանի մոտ, որը գլխի մասնագետ է, պառկեցի, նա ինձ թուղթ տվեց, հիմա հրաժարվում է: Նա Գյումրիում շատերին է նման փաստաթուղթ տվել` թե մասնակիցներին, թե չմասնակցածներին, հիմա թացն ու չորը շփոթում է: Ինձ դուրս են արել Գյումրու բոլոր բժշկական հաստատություններից` պատճառաբանելով, թե չեն կարող անվճար դեղեր տրամադրել: Ասում են, որ իմ դեմ քրեական գործ կա հարուցված, ինձ հաշմանդամության կարգից զրկել են, իրենք էլ չեն կարող դեղեր տրամադրել: Գնացի Իտալական պոլիկլինիկա, «պիրացեդամ» եմ ուզել, որ հիշողությունս գոնե լրիվ չկորի, պահպանվի, ուշագնաց չլինեմ, դաժե դա չտրամադրեցին, բայց աչքերս մթագնում են, նյարդերիցս ոտքերս քաշվում են, օդի մեջ եմ: Երկու անգամ ՊՆ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Մուշեղ Բուլղադարյանն է զանգել, որ թույլ են տվել «Սթրես» կենտրոնում պառկեմ:
-Այսինքն՝ քննիչը միջամտեց, որ բժշկական օգնություն ստանաք. այդ դեպքում ինչո՞ւ եք լրատվամիջոցներում նշում, թե նա ձեզ հետ վարվում է ինչպես թշնամու հետ:
-Ես նրա դեմ բողոք չունեմ, ուղղակի կարծում եմ, որ անհիմն են ինձ մեղադրում: Ես բնակարանի հերթում չկամ, բայց գրել են, թե Հովհաննեսը հերթի մեջ է: Բնակության վայրս Ա.Տիգրանյանի տուն թանգարանն է, երկրաշարժից հետո անօթեւան եմ: Երկու տարի է՝ սովամահ եմ լինում, հյուծվել եմ: Ապրում եմ 82-ամյա մորս 27 հազար դրամ թոշակի հաշվին՝ դեպրեսիայի մեջ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Հ.Գ. Հաջորդ դատական նիստը նշանակված է 2012թ. դեկտեմբերի 10-ին: «Հայ զինվորը» ընթերցողին կտեղեկացնի դատական այս գործի հետագա ընթացքի մասին։
Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում