Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՆԻԲԱԼԻԶՄ



Ինչպես հայտնի է, հանիբալիզմը մարդակերությունն է, որին քաղաքակիրթ ժողովուրդները հավասարեցնում են նաև դիապղծությունը, մահացածին անարգելը: Հայտնի է նաեւ՝ նման զազրելի հանցանք կատարած հանցագործն անգամ ամեն կերպ փորձում է թաքցնել իր արարքը կամ փրփուրն ի բերան ժխտել, ուրանալ, ինչպես արդեն մեկ դար թուրքերն են ժխտում իրենց նախնիների գործած բարբարոսությունները: Նույնպիսի մարդակեր գործելաոճ է որդեգրել նաև Ադրբեջանը և նույնիսկ ինչ-որ առումով գերազանցել իր արյունակից ավագ եղբորը. ողջ աշխարհը դեռ զայրացած դատապարտում էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի տականք Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը, երբ իրեն «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար» հորջորջող ոմն Թոֆիկ Ջաֆարով, «հերոսանալու» մոլուցքով տարված, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի նախօրեին մամուլի ասուլիսում հպարտանում էր, որ Մոնթեին ինքն է ձեռնամարտում սպանել և, որպես փաստական ապացույց, Ադրբեջանում լայնորեն տարածված լուսանկարում իբրեւ թե, ինքն է Մոնթեի կտրած գլուխը իր ձեռքում պահում, ոչ թե՝ «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովը, ինչի համար վերջինս արժանացել է երկրի բարձրագույն պարգևին, հերոսացվել է ու բազմաթիվ արտոնություններ ստացել։

Իր ասուլիսում Ջաֆարովը մեկ ուրիշ բացահայտում էլ է արել, որը բնորոշ է ողջ ադրբեջանական բանակի «մարտավարությանը»։ Եվ ոչ միայն։ Ըստ նրա, «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովի շուրջը «մաֆիոզ խումբ է ձևավորվել, որը զբաղվում է արտոնյալ բիզնեսով»: Եվ որ իր իսկ բացահայտումների շնորհիվ Իբադ Հուսեյնովին փառապսակից զրկելուց հետո այդ խմբի անդամները հանդիպել են իրեն, զրուցել` «լռության դիմաց առաջարկելով Բաքվում բարձր պաշտոն եւ բիզնես», ու երբ ինքը հրաժարվել է, սկսել են սպառնալ: Մամուլի ասուլիսին Ջաֆարովը ներկայացրել է իր եւ Իբադ Հուսեյնովի «մաֆիոզ խմբի անդամների միջեւ զրույցի ձայնագրությունը»:

Ինչեւէ, Ադրբեջանական եղկելի, սրբապիղծ իրականությունից դառնանք մեր խոնարհ հերոսներին (առանց փառապսակի) և ամենևին էլ ոչ ոքի ոչինչ ապացուցելու մտադրություն չունենալով՝ խոսքը տանք Ավոյի մարտական ընկեր Վահե Շահմուրադյանին.

-Երբ նոր էի ծանոթացել Մոնթեի հետ, հարցրի, թե դեմքի սպիները որտեղի՞ց են, նա էլ պատմեց, որ 12 տարեկանում Լոս Անջելեսում բարձունքից ջուրը ցատկելիս ճակատն ու քիթը խփել է լողավազանի հատակին, ատամներից մեկն էլ՝ ջարդել։ Երբ արդեն տարիներ անց անշնչացած Մոնթեի մարմինը դուրս էինք բերում, որպեսզի համոզվենք՝ ինքն է, նայեցի երեսի ինձ հայտնի վերքերին, բացեցի բերանն ու, ջարդած ատամը տեսնելով, ասացի, որ, այո՛, Մոնթեն է։ Ինչ վերաբերում է գլուխը կտրելուն, հերյուրանք է, քանի որ կրակելուց անմիջապես հետո ադրբեջանական ԲՄՊ-ն փախավ, մենք հասանք օգնելու Մոնթեին, Սարիբեկին, բայց արդեն Մոնթեն չկար, բեկորը հետևի կողմից խոցել էր գլուխը…

Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ վերոհիշյալ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի ճիվաղի բերանից հնչածը ճշմարտություն է, միևնույն է՝ մինչեւ իսկ նզովյալ ստահակն իր՝ առավել ևս չվաստակած «շնորհների» դիմաց թերեւս լռություն պահպաներ…

Ասել կուզի՝ եթե միտումնավոր ուզենաս ինքդ քեզ, քո ժողովրդին վարկաբեկել, ծաղրուծանակի ենթարկել՝ ի ցույց դնելով սեփական մարդատյաց բնույթը, ավելի կատարյալ տարբերակ հազիվ թե գտնես։

Վերջում, իբրև ադրբեջանական այս տխրահռչակ «թամաշի» բացառիկ հակադրություն, հարկ ենք համարում վկայակոչել ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ուղերձ-զգուշացումն իր զինվորներին՝ նորից խոսքը տալով Վահե Շահմուրադյանին. «Մոնթեն տանել չէր կարողանում սուտն ու կեղծիքը, դաժանությունն ու վախկոտությունը: Քելբաջարում վերցրեց բարձրախոսն ու իր փայլուն թուրքերենով հորդորեց ադրբեջանցիներին վայր դնել զենքերն ու թողնել ռազմադաշտը` երաշխավորելով ազատ ելքը: Ավելորդ է ասել, որ խոսքի տերը եղավ` հրամայելով մեզ, որ հանկարծ որևէ մեկին ձեռք չտանք: Զայրույթով էր խոսում Ադրբեջանի ղեկավարների մասին, որ անփորձ զինվորներին մարտադաշտ էին ուղարկել` դատապարտելով ստույգ մահվան: Պատահական չէ, որ հրամայել էր ոչ մի պայմանով գերիներին ու զենք չկրող անձանց մահապատժի չենթարկել, չնվաստացնել ու չստորացնել, մեր սննդի, առանց այդ էլ ոչ առատ բաժնից, գերիներին էլ կերակրել»…

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ռազմաքաղաքական


07/12/2012