Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ



Մայոր Գևորգ Ասատրյանի զրույցը պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎԻԿՏՈՐԻԱ ԱՌԱՔԵԼՈՎԱՅԻ հետ։

-Տիկին Առաքելովա, Ձեր խմբագրությամբ ընթերցողի սեղանին է դրվել ևս մի գիրք այն մասին, թե ինչպես մեր հարևան երկիրը, այպես ասած, օրը ցերեկով, լկտի անպատկառությամբ սեփականում, յուրացնում է ուրիշ ժողովուրդների ստեղծած մշակութային ժառանգությունը։ Մենք ավելի քան հրաշալի գիտենք և մեր մշակույթի վրա ենք զգացել ու զգում ադրբեջանցի քաղաքագետների, գիտնականների նմանօրինակ ագրեսիվ վարքը…

-Բանն այն է, որ, ինչպես ցույց են տալիս նորագույն պատմության փաստերը, նման մշակութային թալանից այսօր ապահովագրված չեն ոչ միայն մեզ նման փոքրաթիվ ժողովուրդները, այլև շատ ավելի հզոր տերությունները, որոնք ունեն բազմահազարամյա պատմություն և մշակույթ։ Խոսքս մեր մյուս հարևանի՝ Իրանի մասին է։ Ասեմ ավելին՝ Իրանի ժողովրդի մշակութային ժառանգությունն այսօր դարձել է պանթյուրքիստների և պանարաբիստների նպատակային հարձակումների թիրախ։

-Վերջերս Ձեր խմբագրությամբ Երևանում հրատարակված «Պարսիկ բանաստեղծ Նիզամիի քաղաքականացումը» գիրքը որքան էլ հասկանալի է, թե ինչի մասին է, բայցևայնպես կուզեինք իմանալ՝ ինչ նոր խոսք է ասում…

-Գիրքը տպագրվել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի «Արևելագիտական հետազոտություններ» խորագրի ներքո հրատարակվող մատենաշարով։ Հեղինակներն են ամերիկացի գիտնական Ս. Լորնեժադը և կանադացի՝ Ա. Դուսթզադեն (S. Lornejad and A. Doostzadeh, On the Politicization of the Peisian Poet Nezami Ganjavi)։ Այս մենագրության հեղինակները գիտականորեն փաստում և վերլուծում են, թե ադրբեջանցիների կողմից ինչպիսի կամայական և արմատապես սխալ մեկնության ու մեկնաբանության է ենթարկվել միջնադարյան պարսիկ հանճարեղ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությունը։ Պետք է ասել, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ դարի 30-ական թվականներից Խորհրդային Միության մեջ սկսվեցին Նիզամիի ծննդյան 800-ամյակին նվիրված միջոցառումները։ Ի դեպ, հենց այդ ժամանակներում էլ Խորհրդային Միությունով մեկ ակտիվ շրջանառության մեջ դրվեցին «Պարսկական պոեզիայի ադրբեջանական դպրոց», «Պարսկական պոեզիայի ադրբեջանական ոճը» արտահայտությունները։ Պարսկական դասական պոեզիայի այսօրինակ հակագիտական, ես կասեի՝ աբսուրդ բաժանումով միաժամանակ փորձ էր արվում «հիմնավորել» խորհրդային հանրապետությունների տարածքային բաժանման սկզբունքը։ Վերադառնալով գրականությանը՝ ասեմ, որ պարսկական բանաստեղծական դպրոցի ներկայացուցիչները միջնադարում բացառապես գրում էին պարսկերենով և իրենց համարում էին պարսիկներ, իրանցիներ։

-Դրանք, կարծեմ, այն տարիներն էին, երբ մենք Հայաստանում տոնում էինք մեր ազգային էպոսի՝ «Սասունցի Դավթի» 1000-ամյակը, վրացիները՝ Շոթա Ռուսթավելու 800-ամյակը։

-Այո՛, հո չէի՞ն կարող Խորհրդային Միության եղբայրական ընտանիքի անդամներից մեկին՝ ադրբեջանցիներին, ձեռնունայն ու դատարկաձեռն թողնել… Եվ սկսվեց Նիզամու քաղաքականացումը, որի, ցավոք սրտի, նախաձեռնողներն էին նաև Խորհրդային Միության մի շարք հայտնի արևելագետներ, ինչը, սակայն, զարմանալի չէր նման ավտորիտար ռեժիմի պայմաններում… Բանը հասավ նրան, որ Ադրբեջանում անգամ «գտան» և հրատարակեցին, այսպես կոչված, «Նիզամի Գյանջավիի թուրքական դիվանը» բանաստեղծությունների ժողովածուն։ Զեղծարարները պարսիկ պոետին էին վերագրում թուրքերենով գրված բանաստեղծություններ, երբ նրա ավելի քան հարուստ գրական ժառանգության մեջ թուրքերենով կամ որևէ բարբառով որևէ տող խոշորացույցով չես գտնի…

-Իսկ այն փա՞ստը, որը նաև ադրբեջանցի զեղծարարների կարևոր հաղթաթղթերից մեկն է՝ Նիզամին ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Գյանջա քաղաքում…

-Միջնադարյան Գանձակը՝ Գյանջան, տվել է շատ հռչակավոր մարդիկ՝ պոետներ, փիլիսոփաներ, պատմիչներ, ընդ որում՝ նաև հայ։ Բավական է հիշատակել Կիրակոս Գանձակեցուն, Դավիթ Գանձակեցուն։ «11-13-րդ դդ. պարսկական պոետները» Շիրվանիի հայտնի անթոլոգիայում մատնանշվում են՝ հյուսիս-արևմտյան Իրանի (Շիրվան, Արան, Ադրբեջան) 114 պոետ, որոնցից 24-ը ծնունդով հենց Գանձակից են։ Փաստենք, Նիզամին եղել է միջնադարյան Գանձակի մշակութային կյանքի անբաժանելի մասը։

-Տիկին Առաքելովա, Դուք մեր զրույցների մեկի ժամանակ տպագրված գիրքը համարեցիք «թնդանոթային համազարկ»՝ ուղղված Նիզամիին սեփականելու ադրբեջանական նկրտումներին… Մանավանդ որ հիմա, հետխորհրդային ժամանակներում Ադրբեջանի Հանրապետությունը պարսիկ պոետի անունը, այսօրվա տերմինաբանությամբ ասած, դարձրել է իր երկրի «բրենդը», և «միջնադարյան ադրբեջանցի մեծ պոետի» պատվին արձաններ են տեղադրվում ոչ միայն Բաքվում, այլև Սանկտ Պետերբուրգում, անգամ՝ Հռոմում…

-Ինչ խոսք, անպատկառությունը սահման չի ճանաչում։ Ի պատիվ գրքի հեղինակների ասեմ, որ նրանք, օգտագործելով մեծ պոետի գրական ժառանգության փաստերը (արևմտյան, ռուսական, իրանական և հայկական հարուստ աղբյուրները), կարողացել են վերստեղծել էթնո-մշակութային այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է պոետը։ Իսկ այն, ի դեպ, ինչպես ընդգծում են հեղինակները, ձևավորված է եղել բացառապես իրանցիներով և հայերով… Միջնադարյան Գանձակում դեռ նոր-նոր էր կիսաքոչվոր թյուրքական տարրը ներթափանցում տարածաշրջան։

-Այս տեսակետից էլ՝ հարևանների կողմից մշակութային ժառանգության յուրացումը, մոտեցնում և նմանեցնում է երկու հնագույն ժողովուրդների ճակատագրերը։ Իրանի ժողովրդի վիճակը թերևս մեզնից նախանձելի չէ. Պարսից ծոցը արաբական աշխարհը փորձում է «Արաբական» դարձնել, միջնադարյան խոշորագույն գիտնական Ռազիին, աշխարհահռչակ բանաստեղծ Խայամիին՝ արաբ, թուրքերը Ջալալեդդին Ռումիին հայտարարում են թուրք փիլիսոփա-բանաստեղծ, պարսկական պոեզիայի հիմնադիր Ռուդաքին հայտարարվում է տաջիկ և այլն, և այլն…

-Այս ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել։ Մի բան հստակ է՝ մեր մշակութային ժառանգության պահպանումը պետք է լինի մեր՝ գիտնականներիս, մտավորականներիս ամենօրյա հոգածության առարկան։ Ահա ինչու եմ ես բարձր գնահատում «Պարսիկ բանաստեղծ Նիզամիի քաղաքականացումը» գրքի հեղինակների աշխատանքը։ Եվ պատահական չէ, որ այն գրախոսել են մի շարք աշխարհահռչակ արևելագետներ, որոնցից հիշատակելի են իտալացի պրոֆեսորներ Ադրիանո Ռոսսիի, Պաոլո Օրսատտիի, ամերիկացի պրոֆեսոր Ջորջ Բուռնությանի, Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Քամրան Թալաթոֆֆիի անունները։ Վերջինս մասնավորապես գրում է. «Շարունակվում է Իրանի հնագույն և դասական ժամանակների մշակութային ժառանգության հափշտակությունը օտարիների կողմից։ Ադրբեջանի Հանրապետությունը իր սանձարձակությամբ թերևս իրեն հավասարը չունի այս գործում… Ահա թե ինչու Լորնեժադի և Դուսթզադեի աշխատանքը ավելի քան անհրաժեշտ ու կարևոր եմ համարում…»։

-Շնորհակալություն, տիկին Առաքելովա։ Թույլ տվեք մեր զրույցն ավարտել՝ մեջբերելով Նիզամիի բանաստեղծություններից հայտնի մի երկտող, որը, ինչ խոսք, լավագույն պատասխանն է իր ազգային ու մշակութային պատկանելությունը լկտիաբար յուրացնողներին. «Ո՛վ Աստված, եթե դու արդեն շանն ստեղծել էիր, էլ թուրքին ինչո՞ւ ստեղծեցիր»։ Հիշեցնեմ միայն, որ շունն իսլամում համարվում է պիղծ կենդանի… Շնորհակալություն, իսկապես հետաքրքիր հարցազրույցի համար։

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ռազմաքաղաքական


07/12/2012