Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԵՎ ՀԱՎԱՏՔՈՎ ԶԻՆԵՆՔ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԻՆ



Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության պահպանումը դրված է հայոց բանակի ուսերին, իսկ հոգևոր անվտանգությունը պահպանում է Հայ Առաքելական Եկեղեցին: Որպես ազգի հարատևման երկու հիմնական երաշխավորներ` բանակը և եկեղեցին բոլոր դարերում էլ աջակցել են մեկը մյուսին: Վկան` հանուն հավատքի մղված բազում հերոսամարտերն են և հայոց երկրի անվտանգության համար պայքարող հոգևորականները: Այսօր էլ, երբ հայոց աշխարհում հարաբերական անդորր է, հայոց բանակի սպան և զինվորը դարձյալ զգում են հոգևոր աջակցության կարիք: Զինվորականների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով նախատեսվում է բոլոր զորամասերում կառուցել նույնատիպ եկեղեցիներ, որի նախագիծը արդեն մշակված ու հաստատված է: Գործընթացն արդեն մեկնարկել է. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կառուցվող եկեղեցու հիմքը դրված է: Դեկտեմբերի մեկին էլ տեղի ունեցավ նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի օրհնության արարողությունը, որն անցկացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը, Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Կարապետյանը, ՌԻ նախկին պետեր` գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը, գեներալ-մայոր Ա. Պետրոսյանը, բարձրաստիճան գեներալներ, սպաներ, Ռազմական ինստիտուտի դասախոսներ, հյուրեր:

Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացին, ապա սրբալույս մյուռոնով օծեցին տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատահական չի համարում առաջին եկեղեցին Ռազմական ինստիտուտում կառուցելը. «Զորամասերում եկեղեցիների կառուցման գործընթացը սկիզբ է առնում Ռազմական ինստիտուտից: Դա ինքնանպատակ չէ. մեր ապագա սպաներն են ուսանում այստեղ և պետք է այստեղից իրենց հոգում ծրարած տանեն նաև լույս հավատքը, որպեսզի փոխանցեն մեր զինվորներին»:

ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ փոխնախարար, գեներալ և կուրսանտ միասնական են հավատքի տուն կառուցելու գործում. «Որպես քրիստոնյաներ` մենք ձեռք ձեռքի տվեցինք, որպեսզի նաև մեր հավատքով ամուր դարձնենք այն կառույցը, որի հիմքերը օրհնեցինք այսօր»:

Շուտով օրհնված հիմնաքարերի տեղում վեր կխոյանան տասնվեց սյուները, ապա և գմբեթը, և եկեղեցին` որպես սրբազան աղոթատեղի, իր դռները կբացի կուրսանտների, սպայակազմի և այն ծնողների, հյուրերի համար, ովքեր կայցելեն Ռազմական ինստիտուտ:

Եկեղեցու կառուցման ծախսերը հոգում են Ռազմական ինստիտուտի անձնակազմը և ինստիտուտի բարեկամները: Շինարարական աշխատանքներին հաճույքով մասնակցում են և՛ սպաները, և՛ կուրսանտները, և՛ դասախոսները:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ և նախատեսվում է, որ 2013 թվականի հուլիսին արդեն կունենանք տուֆակերտ գեղեցիկ եկեղեցի, որը Ռազմական ինստիտուտի պետի մտահղացմամբ պետք է կոչվի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան
ռազմական ինստիտուտ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ազգային բանակ


07/12/2012